Կառավարությունը հաստատել և սահմանված կարգով ԱԺ է ներկայացրել 2021-2023 թվականների Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ)։ Այն ենթադրում է՝ մակրոտնտեսական կայուն միջավայրին համապատասխանող բյուջետային ռեսուրսների (մուտքերի) համապարփակ և իրատեսական գնահատում, քաղաքականությունների իրականացման նպատակով կատարվող ծախսերի՝ վարից վեր մոտեցմամբ գնահատում, հասանելի բյուջետային ռեսուրսների և պահանջվող ծախսերի ներդաշնակության ապահովում համապատասխան մեխանիզմների օգնությամբ:
2021-2023 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված մակրոտնտեսական կանխատեսումները վերանայվել են։
Մասնավորապես՝
- Համաշխարհային տնտեսություն։ Դեռևս 2019 թվականի վերջին կանխատեսվում էր, որ աշխարհի ավելի քան 170 երկրների տնտեսությունները 2020 թվականին կաճեն։ Մինչդեռ, կորոնավիրուսի համավարակի (COVID-19) ազդեցության գնահատականների ձևավորմանը զուգընթաց վերանայվեցին նաև հենց այդ նույն թվով երկրների տնտեսական զարգացումների կանխատեսումները՝ անկման ուղղությամբ։ Ներկայում, ամբողջ աշխարհը շարունակում է կրել համավարակի արագ տարածման բացասական հետևանքները: Այս պայմաններում հատկանշական է, որ զգալի անկում է կանխատեսվում ՀՀ գործընկեր երկրների տնտեսությունների համար, որի էական բացասական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա անխուսափելի է։
- ՀՀ տնտեսություն։ Արտակարգ դրության և կիրառվող սահմանափակումների պայմաններում ՀՀ-ում նվազում է ինչպես պահանջարկը, այնպես էլ առաջարկը: Առավելապես տուժել են ծառայությունների, շինարարության և մշակող արդյունաբերության ճյուղերը։ Այս պայմաններում ՀՀ համար 2020թ. սպասվում է 2.6% տնտեսական անկում, իսկ միջնաժամկետում՝ միջինում 6.1% տնտեսական աճ: Ընդ որում, համավարակի տարածման և տևողության մեծ անորոշություններով պայմանավորված, կանխատեսվող հորիզոնում գերակշռում են տնտեսական աճի դեպի ներքև ուղղությամբ ռիսկերը։
Տնտեսական զարգացումներին համարժեք արձագանքելու նպատակով՝ 2020թ. և միջնաժամկետում հարկաբյուջետային քաղաքականության առջև դրվել են հետևյալ առաջնահերթությունները՝
- Հակապարբերաշրջանային քաղաքականություն։ Հարկաբյուջետային կանոնների համակարգին համահունչ՝ 2020թ.-ին հարկաբյուջետային քաղաքականությունը կլինի խթանող՝ հակազդելու COVID-19 համավարակի բռնկման և կիրառված տնտեսական սահմանափակումների պատճառով առաջացած տնտեսական ցնցմանը։ Իսկ արդեն 2021թ․-ից հարկաբյուջետային քաղաքականությունը կունենա չեզոք ուղղվածություն։
- Երկարաժամկետ տնտեսական աճի խթանում։ Հարկաբյուջետային քաղաքականությունը 2020թ.-ին կշեղվի պետական ֆինանսների «ոսկե կանոնից», որը պահանջում է, որ տվյալ տարում կառավարության վերցրած փոխառությունների ծավալը չգերազանցի պետական ներդրումների ծավալին, իսկ ընթացիկ ծախսերը ծածկվեն սեփական եկամուտներով։ 2021թ.-ից հարկաբյուջետային քաղաքականությունը կվերադառնա «Ոսկե կանոնին»: «Ոսկե կանոնի» ներքո պետական ենթակառուցվածքներ ուղղվող կապիտալ ծախսերի դերի բարձրացումը թույլ կտա խթանել երկարաժամկետ տնտեսական աճը և ՀՆԱ աճի հաշվին երկարաժամկետ հեռանկարում ապահովել պետական պարտքի կայունությունը։
- Հարկաբյուջետային և պարտքի կայունության պահպանում։ COIVID-19 համավարակի պայմաններում պետական բյուջեի հարկային եկամուտների նվազումը և հակաճգնաժամային գործողությունների հետևանքով ընթացիկ ծախսերի և տնտեսության վարկավորման աճերը կհանգեցնեն ՀՀ կառավարության պարտքի բեռի էական շեղմանը ՀՆԱ-ում 50% շեմից։ Միջնաժամկետում հարկաբյուջետային քաղաքականության նպատակն է սահուն կերպով նվազեցնել պարտքի բեռը՝ հասցնելով այն 54.7%-ի, այնուհետև հետագա տարիներին ապահովել կառավարության պարտքի բեռի՝ ՀՆԱ-ի 50%-ից նվազեցման թիրախի ապահովումը:
Կառավարությունն առաջիկա տարիների՝ 2021-23թթ․ համար առավել կարևորում է պետական բյուջեի հիմնական ծախսային հետևյալ գերակայությունները՝ սոցիալական ոլորտ (կրթություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն), պաշտպանության և ազգային անվտանգության կառույցների անհրաժեշտ ֆինանսավորում, տնտեսության առանձին ոլորտներում ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման ծրագրերի իրականացում։
Աղբյուրը՝ ՀՀ ֆինանսների նախարարություն