BMW-ն (Bayerische Motoren Werke) ամենահայտնի ավտոմոբիլային արտադրողներից է։ Չնայած 20-րդ դարի բազում դժվարություններին, կոնցեռն այսօր արտադրում է տարեկան ավելի քան 2 միլիոն մեքենա, որոնք վաճառվում են աշխարհի տասնյակ երկրներում։
Ընկերության զարգացման նախադրյալները
BMW-ն հիմնադրվել է 1916 թվականին, երբ սկսվեց նորարական գաղափարների արագ աճի և դրանց իրացման փորձերի ժամանակաշրջանը։ Հաշվի առնելով, որ Գերմանիայում պատերազմական իրավիճակ էր և ամբողջ արդյունաբերությունը պետք էր վերափոխել ռազմական ոլորտի պահանջարկը բավարարելու համար, BMW-ն իր գործունեությունը սկսել է որպես ինքնաթիռների շարժիչների արտադրող։ Այդ ուղղության ընտրության համար նախադրյալ էր ծառայել անմիջապես ինքնաթիռների արտադրությամբ զբաղվող ընկերության մոտ գտնվելը։
BMW-ի հիմնադիրները նորարարներ չէին, քանի որ մինչ նրանց գործունեությունը շուկայում արդեն առկա էին և՛ ինքնաթիռների շարժիչներ, և՛ մեքենաներ, սակայն հիմնադիրների գործարար հոտառությունը թուլ տվեց հասնել մեծ հաջողությունների՝ շնորհիվ արդեն գոյություն ունեցող արտադրանքի կատարելագործման։
BMW-ի ամենահզոր ավիացիոն շարժիչներից մեկը 1930-ականներին
BMW-ի հիմնադիրը
BMW կոնցեռնը հիմնադրել են երեք հոգի, սակայն եթե խոսքը գնում է բրենդի ստեղծման մասին, ապա ընկերության գլխավոր կերպարը իրավամբ համարվում է Ֆրանց Ջոզեֆ Պոպը, որը 20 տարի կատարել է գլխավոր տնօրենի պարտականությունները։
1909 թվականին՝ 25 տարեկան հասակում, նա ստացավ մեքենաշինության ինժեների մասնագիտություն։ Ֆրանցն աշխատանքի ընդունվեց ավստրիական ընկերությունում որպես ինժեներ-էլեկտրիկ, սակայն արագ բարձրացավ մինչև էլեկտրական գնացքների վերահսկողության բաժնի պետ։ Նրա պարտականությունների մեջ էր մտնում նաև նոր էլեկտրական գնացքների նախագծումը։
Զինվորական ծառայությունից հետո Ֆրանցը փոխեց իր մասնագիտությունը և սկսեց աշխատել ավիացիոն ոլորտում։ Աշխատանքի նոր վայրում նա սկսեց զբաղվել նոր շարժիչների նախագծմամբ, որի հետ համատեղում էր նաև մարդկային ռեսուրսների կառավարման գործառույթները։
Նախագծի իրականացումից հետո ընկերությունը մտավ զարգացման նոր փուլ։ Պոպը նշանակվեց BMW-ի գլխավոր տնօրեն։ Չնայած, որ պաշտոնապես կոնցեռնի հիմնադիրներն են համարվում Գուստավ Օտտոն և Կառլ Ռապը, ընկերության գործունեության համար նոր հորիզոններ բացվեցին միայն Ֆրանց Ջոզեֆի նոր նախագծերում ակտիվ մասնակցության շնորհիվ։ Հարկ է նշել, որ BMW-ի տարբերանշանի մեջտեղում պատկերված է ինքնաթիռի պրոպելլեր, որը խորհրդանշում է ընկերության առաջին գործունեության տեսակը։
BMW-ի առաջին ավտոմեքենան (BMW Dixi 1928)
Բիզնեսի գործունեության եղանակները և փուլերը
BMW-ի հիմնադիրները հենց սկզբից փորձում էին կյանքի կոչել բազում նորարական գաղափարներ։ 30-ականներին, երբ հնարավորություն կար ընդլայնել արտադրությունը և դառնալ մոնոպոլիա ավիացիոն շարժիչների արտադրության ոլորտում, Պոպը կասկածամիտ վերաբերվեց գործունեության ընդլայնման այդ գաղափարին, քանի որ այն ուղղված էր միայն երկրի ռազմական պահանջները բավարարելուն։ Եվ դրա փոխարեն որպես գործունեության հիմնական պլան որոշվեց ընդլայնել արտադրությունը զանգվածային սպառողների կարիքների բավարարման համար։
Առաջին աշխարհամարտի տարիներին BMW-ի շարժիչների շնորհիվ գրանցվում էին բարձրության և թռիչքի տևողության բազմաթիվ ռեկորդներ։ Այդպիսի նվաճումները լավ կողմից էին ներկայացնում ընկերությունը և հաստատում էին BMW-ի կողմից թողարկվող արտադրանքի բարձր որակը։ Ընկերությունը իր պատմության ողջ ընթացքում երբևէ չի կանգնեցրել իր արտադրությունը և զարգացումը, չնայած որ մեկ անգամ կտրուկ փոխել է իր գործունեության ոլորտը։ Ավիացիոն տեխնիկայի արտադրության արգելքից հետո ընկերությունը որոշ ժամանակ զբաղվել էր նաև գնացքների համար արգելակման համակարգերի արտադրությամբ։
Արդեն 1923 թվականին գործող սարքավորումների կատարելագործման ճանապարհով BMW-ն թողարկեց առաջին մոտոցիկլետը, իսկ մեկ տարի անց նորից վերականգնվեց ինքանաթիռների համար շարժիչների արտադրության ծավալները։ 1924 թվականին BMW շարժիչով ինքնաթիռը առաջին անգամ իրականացրեց միջմայրցամաքային թռիչք։ 1927 թվականին ավիացիայում գրանցված մոտ 100 ռեկորդներից 3 տասնյակը պատկանում էր BMW-ին։
Այնուհետև ընկերությունը շարունակեց ընդլայնել իր գործունեությունը։ Այզենախում (Գերմանիա) ավտոմոբիլային գործարան գնելուց հետո BMW-ն որոշեց մեքենաներ արտադրել։ Մեկ տարի անց BMW-ն թողարկեց իր առաջին ավտոմեքենան։
Երկրորդ համաշխարհային պատերազմը բացասական ազդեցություն ունեցավ ընկերության վրա։ Հետպատերազմյան շրջանում BMW-ին հաջողվեց դուրս գալ ծանր ֆինանսական վիճակից՝ շնորհիվ տնտեսական ապրանքների և հեծանիվների վաճառքների։ Ընկերությունը կարողացավ պահպանել իր գործարանները։ BMW-ին հաջողվեց նաև ստանալ թեթև մոտոցիկլետներ արտադրելու թույլտվություն։ Ղեկավարների իրավիճակին արագ հարմարվելու հմտությունները ոչ միայն թույլ տվեցին պահպանել բիզնեսը, այլև զգալիորեն մեծացնել ընկերության շահույթը։
1951 թվական կոնցեռնը կրկին վերադարձավ ավտոմոբիլների արտադրությանը՝ զուգահեռաբար զբաղվելով նաև մոտոցիկլետների արտադրությամբ։ Այդ տարվանից սկսած BMW-ն զբաղվում է ավտոմոբիլային արտադրությամբ։
BMW-ն նաև առաջին ընկերություններից է, որը սկսել է կիրառել դասակարգման հատուկ համակարգ իր ավտոմեքենաների մոդելների համար։ Մեքենայի մակնիշի առաջին թիվը ցույց է տալիս մեքենայի կարգը․ որքան այն բարձր է, այդքան բարձր է մեքենայի կարգը։ Հաջորդ երկու թվերը ցույց են տալիս մեքենայի շարժիչի ծավալի տասնապատիկը։ Անվան մեջ կիրառվում են նաև լատինական տառեր, որոնք կարող են տարբերվել կախված շարժիչի տեսակից։
Մրցակիցները
BMW-ի գլխավոր մրցակիցը շուկայում Mersedes-Benz-ն է։ Որակի առումով Mersedes-Benz-ի մեքենաները չեն զիջում BMW-ին, նորարարության առումով՝ նույնպես։ Գլխավոր տարբերություններից է ընկերությունների մոտեցումը հին լեգենդար մեքենաների նկատմամբ, որին ավելի շատ ուշադրություն է դարձնում ավելի վաղ հիմնադրված Mersedes-ը։ Մյուս տարբերություններից հարկ է նշել, որ BMW-ն ավելի շատ շեշտը դնում է արագության և ագրեսիվության վրա, ինչը խորհրդանշում է երիտասարդությունը, իսկ Mersedes-ը նախընտրում է կառուցել այնպիսի մեքենաներ, որոնք հարմարավետ կլինեն բոլորի համար։
BMW-ն այսօր
BMW-ի տարեկան շրջանառությունը արդեն 7 տարի անընդմեջ գերազանցում է 100 մլրդ դոլարը, իսկ զուտ շահույթը 2020 թվականին կազմել է 5,7 մլրդ դոլար։ Ընկերության բաժնետոմսերի գրեթե կեսը պատկանում է Կվանդտ ընտանիքին, իսկ մնացածը ազատ շրջանառվում է շուկայում։
BMW-ն համագործակցում է տարբեր ուսումնական հաստատությունների հետ։ Դիզայնի Միջազգային դպրոցի հետ համատեղ BMW-ն նախագծել է առաջին մոտոցիկլետի կոնցեպտը, որն աշխատելու է ջրածնի միջոցով։
BMW-ն անընդհատ ընդլայնվում է և այսօր նրան են պատկանում այնպիսի ավտոմոբիլային ընկերություններ, ինչպիսին են Mini-ն և Rolls-Royce-ը։ Ավտոմեքենաների արտադրությունը իրականացվում է ինչպես Գերմանիայում, այնպես էլ աշխարհի այլ երկրներում, որոնցից են Թաիլանդը, Հնդկաստանը և ՀԱՀ-ը։ Չնայած արտադրության որոշակի նվազմանը վերջին տարիներին, BMW-ն շարունակում է մնալ աշխարհի առաջատար ավտոմոբիլային ընկերություններից մեկը, որի մեքենաները սիրված են BMW-ի բոլոր վարորդների կողմից։