Հենրի Հեզլիթ, «Վերադարձ ոսկո՞ւն» հոդվածի շարունակությունը
Արտատպված է The Freeman պարբերականի 1965թ. հոկտեմբերյան համարից։
Ոսկին նսեմացնողները տրտնջում են, թե այս մետաղի ծավալների ավելացումը դժվար եւ ծախսատար գործ է, եւ թե դա իբր կախված է նոր հանքերի հայտնաբերման «պատահականությունից» կամ կորզման ավելի արդյունավետ մեթոդների հայտնագործումից։ Սակայն ոսկու ստանդարտի ջատագովները հակափաստարկում են, որ հենց դա է ոսկու գերագույն արժանիքը։ Ոսկու առաջարկը կառավարվում է բնության կողմից եւ, թուղթ փողի առաջարկի պես, ենթակա չէ դեմագոգների մեքենայություններին կամ քաղաքական գործիչների քմայքներին։ Ոչ ոք երբեք չի համարում, թե ունի բավարար քանակի փող, բայց բավական է, որ մարդիկ սկսեն համարել, թե փողը մի բան է, որի քանակը որոշվում է սոսկ տպագրության ծավալով, իշխող քաղաքական գործիչների համար այլեւս անհնարին կդառնա դիմադրել հետագա գնաճի հարատեւ պահանջներին։ Տեսականորեն, ոսկին գուցեեւ լավագույն բազան չէ փողի համար, բայց նրա արժանիքն այն է, որ դա փողի առաջարկը, ուստի եւ՝ դրամական միավորի արժեքը, անկախ է դարձնում կառավարության ձեռնածությունից եւ քաղաքական ճնշումներից։
Իսկ սա հսկայական արժանիք է։ Երբ երկիրը չի գործում ոսկու ստանդարտով, երբ քաղաքացիներին նույնիսկ թույլ չի տրվում ոսկի պահել իբրեւ սեփականություն, երբ նրանց ասում են, թե որեւէ բանով չապահովված թուղթ փողը նույնքան լավն է, երբ նրանց հարկադրում են ընդունել այդ թուղթը պարտքերի կամ հասանելի թոշակների դիմաց, երբ ծերության կամ թոշակային տարիքի համար կուտակած բոլոր խնայողությունները բանկային հաշիվներում կամ ապահովագրական պայմանագրերում բաղկացած է այս թուղթ փողից, ապա նրանք մնում են լիովին անպաշտպան, երբ այդ թղթի թողարկումն ավելացվում է եւ դրա յուրաքանչյուր միավորի գնողունակությունը՝ ընկնում։ Արդյունքում, այս մարդիկ կարող են կատարելապես սնանկանալ «դրամական կառավարիչների» քաղաքական որոշումների արդյունքում։
Ես քիչ առաջ ասացի, որ ինքը դոլարը՝ «աշխարհի լավագույն արժույթը», կորցրել է քսան տարի առաջ ունեցած գնողունակության 43 տոկոսը։ Սա նշանակում է, որ 1945 թվականին 10,000 դոլար խնայողությամբ թոշակի անցած մարդն այսօր հայտնաբերում է, որ իր կապիտալը կարող է գնել նախկինում գնածի երեք հինգերորդից պակաս բան։
Բայց ամերիկացիները դեռ մնում են ամենից բախտավորը։ Դրությունն ավելի վատ է Անգլիայում, եւ շատ ավելի վատ՝ Ֆրանսիայում։ Հարավամերիկյան որոշ երկրներում մարդկանց խնայողությունների գրեթե ամբողջ արժեքը՝ յուրաքանչյուր դոլարի 92-95 ցենտը պարզապես հօդս է ցնդել վերջին տասը տարիների ընթացքում։
Չկառավարվող փող
Ոսկու գերագույն արժանիքը, թերեւս այսպես ասենք, բացասական է՝ այն կառավարելի թուղթ փող չէ՛, որ կարող է կործանել յուրաքանչյուրին, ում օրենքի ուժով հարկադրում են ընդունել այն կամ ով հավատ է ընծայում դրան։ Ոսկու ստանդարտի ողջ տեխնիկական քննադատությունը բացարձակ ոչինչ է եզակի այս արժանիքի համեմատ։ Գրեթե բոլոր երկրների վերջին քսան տարիների փորձն ապացուցում է (1965 թ. դրությամբ, խմբ․), որ դրամական կառավարիչները քաղաքական գործիչների հաճկատարներն են եւ արժանի չեն որեւիցե վստահության։
Շատ շատերը, այդ թվում՝ բազմաթիվ տնտեսագետներ, որոնք, թվում է, պիտի ավելի խելամիտ լինեին, այնպես են խոսում, ասես աշխարհն արդեն իսկ մի կողմ է նետել ոսկու ստանդարտը։ Սխալվո՛ւմ են։ Աշխարհի արժույթները մինչ օրս շարունակում են կապված մնալ ոսկուն, թեեւ՝ թույլ, անուղղակի եւ անհուսալի կերպով։ Որոշ արժույթներ կապված են ամերիկյան դոլարին եւ կարող են փոխարկվել դրան՝ սահմանված «պաշտոնական» փոխարժեքով (որը, ցավոք, ենթակա է հանկարծակի փոփոխության)՝ օգտվելով Արժույթի միջազգային հիմնադրամից։ Իսկ դոլարն ինքնին, թեեւ ավելի ու ավելի կաշկանդված կերպով, փոխարկելի է ոսկու՝ 1 ունցիան 35 դոլար փոխարժեքով։
Այսպիսով, ե՛ւ Ամերիկայի, ե՛ւ աշխարհի խնդիրն այսօր ճշտիվ այն է, թե ինչպես շարունակել ապահովել դոլարի (ուստիեւ կողմնակիորեն՝ մյուս արժույթների) սահմանափակ այս փոխարկելիությունը ոսկու սահմանված ծավալի։ Ահա թե ինչու են Ամերիկայի ոսկու կորուստը եւ մեր ոսկու պաշարների նկատմամբ շարունակ աճող հայցերը այսպիսի մտահոգություն հարուցում։
Աշխարհի առջեւ ծառացած կարեւորագույն հարցադրումը հետեւյալն է. երբ ներկայիս համակարգն ու քաղաքական որոշումներն արագորեն դառնում են անիրագործելի, արդյոք աշխարհի արժույթները պե՞տք է խզեն բոլոր կապերը ոսկու հետ՝ յուրաքանչյուր երկրի դրամի առաջարկը թողնելով պահի քաղաքական իշխանության որոշմանը, թե՞ աշխարհի առաջատար արժույթները պետք է վերադառնան ոսկու ստանդարտին, այսինքն՝ յուրաքանչյուր առաջատար արժույթ ըստ պահանջի կրկին լիովին փոխարկելի դառնա ոսկու՝ սահմանված փոխարժեքով։
Ինչպիսին էլ լինեն տասնիններորդ դարում եւ քսաներորդ դարի սկզբում գործած ոսկու հին ստանդարտի թերությունները, այն աշխարհին փաստորեն տվել է միջազգային տարադրամ։ Երբ առաջատար բոլոր արժույթներն ըստ պահանջի ուղղակիորեն փոխարկելի էին ոսկու որոշակի ծավալի, նրանք մշտապես փոխարկելի էին նաեւ միմյանց՝ կայուն փոխարժեքով։ Յուրաքանչյուր երկրում յուրաքանչյուր բիզնեսմեն կարող էր հավատ ընծայել այլ երկրների արժույթներին։ Վերջնարդյունքում՝ ոսկին էր, որ ամենուրեք ծառայում էր իբրեւ միակ համընդունելի արժույթ։ Այն մինչ օրս մնում է համընդունելի ապրանք նրանց համար, ում օրենքով թույլատրված է ձեռք բերել դա։
Եւ այս փաստն անտեսելու, սգալու կամ դրա դեմ պայքարելու փոխարեն, աշխարհի կառավարությունները թերեւս պետք է մեկ անգամ եւս սկսեն հիմնվել դրա վրա։
Թարգմանիչ՝ Վազգեն Ղազարյան