Չնայած, որ սպառողների մեծ մասը HP (Hewlett-Packard) անվանումը ասոցացնում է համակարգչային տեխնիկայի հետ, իր պատմության ընթացքում ընկերությունը կապ է ունեցել տարատեսակ էլեկտրոնային սարքավորումների արտադրության հետ։ Համակարգիչները, տպիչները և համաշխարհային փառքը նրանց հասավ բավականին ուշ, իսկ մինչ այդ Սթենֆորդի համալսարանի ուսանողներ Բիլ Հյուլեթը և Դեյվ Փաքարդը աշխատում էին իրենց հայտնագործությունների վրա սովորական ավտոտնակում։ Առաջին նախագծերը բավականին պարզ էին․ ինժեներները զբաղվում էին միայն մանր տեխնիկայի նախագծմամբ և արտադրությամբ։ Եվ այդ գործունեությունը չէր կանխատեսում մեծ հաջողություններ ․․․
Մարքեթինգային քայլը
Բիզնես սկսելու գաղափարը պատահականորեն ի հայտ եկավ, սակայն դրա իրականացումը պահանջեց երկար տարիներ։ 1939 թվականին Պալո Ալտոյում նեղ ավտոտնակը, որոշակի հին քանակությամբ սարքավորումները և տեխնոլոգիաների ոլորտում զարգանալու և աճելու հսկայական ձգտումը այն ամենն էր, ինչը նպաստել է հսկայական բիզնեսի ստեղծման հիմքերը դնելու համար։ Սկզբնապես երիտասարդ ինժեներները ոչինչ չէին պլանավորում և կատարում էին միայն անհատական պատվերներ, ինչը նրանց հազիվ թույլ էր տալիս մնալ մակերևույթին։
Առաջին մեծ հաջողությունը եկավ ձայնային հաճախականությունների գեներատորի հետ։ Հայտնագործել ոչինչ հարկավոր չէր, նրանք պարզապես կատարելագործեցին արդեն իսկ գոյություն ունեցող սարքը և էժանացրեցին այն։ Նոր սարքավորումը դարձավ ավելի կայուն, իսկ դրա գինը իջավ 200 դոլարից 54,4 դոլարի։ Կատարելագործված սարքավորումը ստացավ Model 200A անվանումը։ Ընդ որում՝ անվանման մեջ ներառված թիվը ոչ մի կապ չուներ սարքավորման տեխնիկական բնութագրերի կամ կարգային համարի հետ։ Հիմնադիրները հատուկ էին որոշել այդ թիվը ներառել անվան մեջ, որպեսզի տպավորություն ստեղծվեր, որ դա սարքավորման առաջին տարբերակը չէ, և ընկերությունը աշխատում է վաղուց։ Այս մարքեթինգային քայլը օգնեց HP-ին։ Երիտասարդ ընկերության նկատմամբ վստահությունն աճեց։
Առաջին զանգվածային պատվիրատուների շարքում Walt Disney-ն էր։ Միանգամից 8 սարքավորումների գնման պատվերի կատարումը իրական թռիչք էր հիմնադիրների համար, ովքեր շարունակում էին աշխատել երկուսով։ Նրանք արդեն այդ փուլում մշակեցին գրագետ մարքեթինգային ռազմավարություն։ Փոստային գովազդը դարձավ իրական շարժիչ նոր զարգացող բիզնեսի համար։ Յուրաքանչյուրը, ով ստանում էր բրոշյուր, հնարավորություն ուներ պատվիրել սարքավորումը պատասխան նամակով։ Շատերն օգտվում էին այդ հնարավորությունից, և Hewlett-Packard-ը դանդաղ, սակայն վստահ քայլեր էր կատարում։
HP Model 200A
Գործերը թափ հավաքեցին
Նոր տասնամյակի սկիզբը նշանավորվեց ռազմական անկայունությամբ։ Չնայած, որ ռազմական գործողությունները չհասան ամերիկյան աշխարհամաս, ամերիկյան բանակը և հատկապես ծովային նավատորմը մասնակցեցին պաշտպանական գործողություններում։ Ռազմական արդյունաբերության համար անհրաժեշտ էր շտապ արտադրել սարքավորումներ։ HP-ն նախագծեց հզոր գեներատորներ, ռադիոտեղորոշիչային ազդանշանների ճնշման համակարգեր, որոնք սկսեցին կիրառվել պաշտպանական ոլորտում։ Հիմնադիրներին մեծ չափով օգնեց Սթենֆորդի նախկին դեկան Ֆրեդերիկ Թերմանը։ Նրա կապերի շնորհիվ ինժեներներին հաջողվեց ստանալ երկար սպասված պայմանագրերը։ Արտադրության որակը, ինչպես արդեն սովորական էր դարձել, գերազանցում էր նմանատիպ արտադրությանը՝ շնորհիվ ինժեներների բարձր որակավորման։ HP-ի աշխատակիցների թիվը հասավ 45-ի, իսկ շրջանառությունը գերազանցեց մեկ միլիոն դոլարը։
Ռազմական պատվերների շնորհիվ ընկերության գործերը սկսեցին թափ հավաքել։ Արդեն 1942 թվականին հիմնադիրները որոշեցին նոր գրասենյակ կառուցել։ Միևնույն ժամանակ նրանք այնպես էին նախագծել կառույցը, որ անհաջողության դեպքում այն հնարավոր լիներ արագ վերափոխել մթերային խանութի։ Գործը դրան չհասավ, և ի տարբերություն մեծ թվով ընկերությունների՝ HP-ն կարողացավ մեծ օգուտներ քաղել պատերազմական իրավիճակից։
50-ականները բավականին բարդ անցան կազմակերպության համար, հատկապես պատերազմյան ժամանակաշրջանի արդյունքների հետ կապված (տնտեսությանը դեռևս սպասվում էր երկարատև վերականգման ժամանակաշրջանը)։ Սակայն Հյուլեթը և Փաքարդը պահպանեցին իրենց աշխատակազմը և ավելին՝ ներգրավեցին տաղանդավոր և փորձառու բազում ինժեներների։ Աշխատավարձերը անընդհատ աճում էին, սակայն բիզնեսմենները որոշեցին դիմանալ՝ սպասելով բարձր թռիչքների տեխնոլոգիական ոլորտում։
60-70-ականները դարձան կազմակերպության համար արագ աճի փուլ՝ շնորհիվ «ուղեղներում» կատարված ներդրումների։ Մի շարք նոր տեխնոլոգիաների հայտնագործումը և կատարելագործումը թույլ տվեցին HP-ին ամրապնդել իր դիրքերը շուկայում։
Հաշվիչների արտադրությունը թույլ տվեց կազմակերպությանը առաջին անգամ մտնել Forbes-ի Fortune 500 ցանկի մեջ։ Չնայած Հյուլեթի և Փաքարդի բիզնես-պլանը նախատեսում էր առաջին տարում 10 հազար հաշվիչների վաճառք, նրանց հաջողվեց վաճառել 100 հազար հատ հաշվիչ։ Ուիլյամ Հյուլեթը, ով անմիջականորեն զբաղվում էր հաշվիչների չափերի փոքրացմամբ, իրավամբ համարվում է ժամանակակից հաշվիչների հիմնադիրը։ Սարքավորումը վստահորեն մտնում է այն 20 առարկաների ցանկի մեջ, որոնք փոխեցին աշխարհը։
Զբաղեցնելով իր դիրքերը զանգվածային արտադրությունում՝ HP-ն շարունակեց իր գիտահետազոտական աշխատանքները։ 1980 թվականին ներկայացվեց այն ժամանակների համար բարձր տեխնիկական բնութագրերով առաջին համակարգիչը, որն արժեր 3250 դոլար։
Մրցակցությունը համակարգիչների և տպիչների շուկաներում
80-ականները նշանավորվեցին տպիչների շուկայի գրավմամբ։ Շնորհիվ բազում հայտնագործությունների՝ HP-ն բառացիորեն շուկան ստեղծեց զրոյից։ 500 դոլար արժողությամբ թանաքային տպիչի ի հայտ գալը 1984 թվականին ընկերությանը մեծ շահույթներ բերեց։ Իսկ 3500 դոլար արժեցող քարտրիջի վերալիցքավորման հնարավորությամբ պրոֆեսիոնալ լազերային տպիչը շրջեց սպառողների պատկերացումը տպիչների վերաբերյալ։ 2 տարվա ընթացքում այդ տեսակի տպիչները լիովին դուրս մղեցին մրցակիցներին տվյալ սեգմենտից։ Սարքավորումների հետագա կատարելագործումը էլ ավելի էր ամրապնդում HP-ի դիրքերը շուկայում։ Տեսականին, արտադրության բարձր որակը և ճկուն գնային քաղաքականությունը օգնել են ընկերությանը գրավել բազմաթիվ հաճախորդների ուշադրությունը։
Համակարգիչների շուկայում ընկերության դրությունը համեմատաբար ավելի բարդ էր։ Երկար տարիներ HP-ին չէր հաջողվում ամրապնդել իր դիրքերը այդ ոլորտում։ Նույնիսկ գերժամանակակից համակարգիչները, ինչպիսին HP OmniBook 300 էր 1993 թվականին, թույլ չէին տալիս կազմակերպությանը դառնալ առաջատար այդ ոլորտում։ Միայն 2000-ականների սկզբներին, երբ կազմակերպությունը միավորվեց Compaq ընկերության հետ, HP-ն սկսեց իր վերելքի ուղին։ Այդ ժամանակից սկսած՝ ընկերության ավելի ագրեսիվ մարքեթինգային քաղաքականությունը ուղղված էր շուկայում առաջատարի դիրքերը զբաղեցնելու համար։ Առաջին մեծ օգուտներ բերող գործարքը արդեն նշված Compaq-ի հետ միավորումն էր 2002 թվականին, որի արդյունքում HP-ն ունեցավ անհատական համակարգիչների վաճառքների ամենաբարձր ցուցանիշները ամբողջ աշխարհում։
Համակարգիչների վաճառքի ցուցանիշները (հազ․ հատ) և շուկայում մասնաբաժինը 2019 և 2020 թվականներին
2006 թվականին Mercury Interacrive-ի գնումը թույլ տվեց մուտք գործել ծրագրային ապահովման ոլորտ։ Իսկ 2009 թվականին Electronic Data Systems-ի գնման արդյունքում HP-ն զբաղեցրեց 2-րդ տեղը միջազգային IT ծառայությունների շուկայում։
2010 թվականի 3Com-ի գնման արդյունքում HP-ն հայտնվեց նաև ցանցային սարքավորումների շուկայում։ Իսկ 2011 թվականին Autonomy-ի գնումը թույլ տվեց ընդլայնել ընկերության հնարավորությունները ծրագրային ապահովման շուկայում։
Նոր հորիզոնների բացումը սրեց իրավիճակը մրցակիցների հետ։ Նոր ոլորտները պահանջում էին մեծ ուշադրություն, վերահսկողություն, քանի որ բացում էին մեծ քանակությամբ նոր մրցակիցների ի հայտ գալու հնարավորություններ։ Չնայած, որ HP-ն իր ամբողջ պատմության ընթացքում չի ունեցել լուրջ բախումներ մրցակիցների հետ, էլեկտրոնային սարքավորումների շուկայում անկայուն վիճակը կարող է սրել ընկերությունների միջև հարաբերությունները։ HP-ն տևական ժամանակ զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը համակարգիչների և տպիչների վաճառքների ցուցանիշներով (զիջելով համապատասխանաբար` Lenovo-ին և Xerox-ին), սակայն պահել այդ դիրքը հնարավոր է դառնում միայն բացառիկ կարգավորված աշխատանքային գործունեության և բարձր որակի պահպանման միջոցով։ Բազմաթիվ մրցակիցները (Canon, Dell, Asus, Acer) մոտենում են ընկերությանը, սակայն HP-ն շարունակում է ամուր կանգնել իր տեղում։ 2020 թվականի հուլիսի տվյալներով HP-ն համակարգիչների վաճառքների ցուցանիշով առաջ անցավ Lenovo-ից՝ միջազգային շուկայում զբաղեցնելով առաջին տեղը։
HP-ն այսօր
2015 թվականին HP-ն բաժանվեց երկու ընկերության՝ HP Inc․-ի, որը զբաղվում է սարքավորումների արտադրությամբ զանգվածային սպառողի համար և Hewlett Packard Enterprise (HPE)-ի, որը զբաղվում է ծառայություններ մատուցելով կորպորատիվ հաճախորդներին։
Հիմնադիրները մինչև իրենց վերջին օրերն ակտիվ մասնակցում էին ընկերության կառավարման գործերին։ Նրանց հիշատակին HP-ն ձեռք բերեց այն ավտոտնակը, որտեղ սկսվել է ընկերության պատմությունը, և վերածեց այն թանգարանի։
Այսօր HP-ն հանդիսանում IT շուկայի ամենախոշոր մասնակիցներից մեկը։ Բազմաթիվ միավորումների և միաձուլումների շնորհիվ ընկերությունն այժմ արտադրում է անհատական համակարգիչներ, նոութբուքներ, տպիչներ, սքաներներ, հաշվիչներ, ցանցային սարքավորումներ, համակարգչային մասեր։
Ընկերության աշխատակիցները թիվը անցել է 56 հազարը, իսկ զուտ շահույթը 2019 թվականին կազմել է 3,15 մլրդ դոլար։ Վերջին տարիներին ընկերության ցուցանիշները ունեն նվազման միտում, ինչը կարելի է կապել բազում ասիական նոր ընկերությունների ի հայտ գալու հետ, որոնք որդեգրել են կոշտ և ագրեսիվ գնային քաղաքականություն, սակայն HP-ն պլանավորում է նորից շեշտը դնել իր արտադրության բարձր որակի վրա։