Հայաստանի հեռահաղորդակցության ընկերություններից երեքը 2020 թվականի առաջին կիսամայկի խոշոր հարկատուների առաջին 20-յակում են։ Խոշորների ցանկում տեղ է գտել ևս մեկը, սակայն՝ առավել ցածր հորիզոնականներում։
Այս տարվա առաջին կիսամյակում (2020 հունվար-հունիս) հեռահաղորդակցության չորս խոշոր օպերատորները միասին պետական բյուջե են վճարել 15.8 մլրդ դրամի հարկեր։ Ինչպես ցույց են տալիս Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները (ՀՀ ՊԵԿ), 2019 թվականի առաջին կիսամյակի համեմատ նրանց հարկերն ավելացել են 5.1 մլրդ դրամով կամ 47.8%-ով։
Հեռահաղորդակցության ոլորտի խոշոր հարկատուներն են բջջային օպերատորներ Վիվա-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ), Բիլայնը («Վեոն Արմենիա» ՓԲԸ) և Յուքոմը («Յուքոմ» ՓԲԸ), որոնք նաև ինտերնետի մատակարարներ են, ինչպես նաև ինտերնետի շուկայի մյուս համեմատաբար խոշոր խաղացողը՝ Ռոստելեկոմը («ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ)։
Այս տարվա առաջին կիսամյակում այս ոլորտի խոշորագույն հարկատուն «ՄՏՍ Հայաստան» է, որի հարկերի ծավալը կազմել է 6.9 մլրդ դրամ։ 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ այն 3 անգամ աճել է։ Ինչպես արդեն առիթ ենք ունեցել գրելու, այս թռիչքային աճը պայմանավորված է նախորդ տարվա հարկերի ցածր ցուցանիշով։ «ՄՏՍ Հայաստան»-ից պարզաբանել են, որ նախկինում ընկերությունը գերավճար է ունեցել, և 2019 թվականին հաշվանցում է կատարվել։ Այսինքն՝ նախկինում պարտավորություններից ավել գումար է վճարվել պետական բյուջե, որի հաշվին էլ 2019-ի հարկային պարտավորությունները նվազեցվել են։
«ՄՏՍ Հայաստան»-ը այս տարվա առաջին կիսամյակի խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը։
Ոլորտի հաջորդ խոշոր հարկատուն «Վեոն Արմենիա»-ն է՝ 4.2 մլրդ դրամի հարկերով։ Ընկերությունը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ 1.1 մլրդ դրամով կամ 36.5%-ով ավելացրել է հարկերը։ «Վեոն Արմենիա»-ն խոշոր հարկատուների ցանկում այս անգամ 15-րդ տեղում է։
Ընդամենը երկու հորիզոնական ներքև «Յուքոմ»-ն է։ Այս տարվա առաջին վեց ամիսներին պետական բյուջե է վճարել 3.9 մլրդ դրամի հարկեր՝ մոտ 900 մլն դրամով կամ 18.7%-ով պակաս, քան 2019 թվականի նույն ժամանակահատվածում։
Իսկ «ՋիԷնՍի-Ալֆա»-ն խոշորների ցանկում 113-րդն է՝ 807 մլն դրամի հարկերով։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ընկերության հարկերն աճել են 308 մլն դրամով կամ 61.6%-ով։
Աղբյուրը՝ hetq.am