Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) միջազգային խորհուրդը Հայաստանի 1-ին վավերացման եզրակացության արդյունքում ընդունել է հետևյալ որոշումը.
«Հայաստանի վավերացման եզրակացությունից հետո ԱՃԹՆ-ի խորհուրդը համաձայն է, որ Հայաստանը ընդհանուր առմամբ բավարարող առաջընթաց է արձանագրել ԱՃԹՆ-ի 2016 ստանդարտի իրականացման գործում:
Խորհուրդն իր գոհունակությունն է հայտնում ՀՀ կառավարության և Բազմաշահառու խմբի՝ ԱՃԹՆ-ի ստանդարտի ներդրման գործում օրինակելի առաջընթացի և ազգային կարևորության խնդիրներ քննարկելու, ԱՃԹՆ-ի շրջանակը ընդլայնելու ուղղությամբ երկրի իրականացրած ջանքերի համար: Խորհուրդը նաև նշում է, որ ԱՃԹՆ-ի գործընթացը հստակորեն ամրագրված է Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության և բարեփոխումների օրակարգում: Ավելին, ԱՃԹՆ-ն նպաստել է երկրում երկխոսության նոր մշակույթի ձևավորմանը՝ խրախուսելով տարբեր խմբակցությունների միջև համագործակցությունը և մասնակցելով հանքարդյունաբերության ոլորտի բարեփոխումներին:
Միևնույն ժամանակ, Խորհուրդը գիտակցում է, որ ԱՃԹՆ-ի գործունեության ընդլայնումը շարունակում է դիտարկվել որպես մարտահրավեր՝ հաշվի առնելով հանքարդյունաբերության բնապահպանական և սոցիալական հնարավոր ազդեցություններով պայմանավորված առկա դիմադրությունը: Ուստի, Խորհուրդը շեշտում է շահագրգիռ կողմերի շարունակական ներգրավվածության և ԱՃԹՆ-ի հետևողական օգտագործման կարևորությունը` որպես Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող թեմաների քննարկման հարթակ:
Խորհուրդը նաև գնահատում է համակարգված բացահայտումների անցնելու Հայաստանի քայլերը, այդ թվում, մետաղի ադյունահանման պայմանագրերի կանոնավոր բացահայտումները և երկրի իրական սեփականատերերի ռեգիստր հիմնելու հանձնառությունը: Խորհուրդը խրախուսում է կառավարությանը՝ շարունակելու իր ջանքերը համապատասխան պետական մարմինների և ընկերությունների կողմից արդյունահանող ոլորտի տվյալների պարբերական բացհայտումների, ինչպես նաև ԱՃԹՆ-ի տվյալների լայնորեն օգտագործելու ուղղությամբ:»
Խորհրդը որոշում է կայացրել, որ Հայաստանը վերավավերացվելու է երեք տարի հետո՝ 2023 թվականի հուլիսի 9-ին:
Համաձայն 2016թ․ ԱՃԹՆ-ի ստանդարտի 8.3.b պահանջի՝ այն դեպքում, երբ Վավերացումը հաստատում է, որ երկիրը բավարարող առաջընթաց է ունեցել բոլոր պահանջների գծով, ԱՃԹՆ-ի խորհուրդը այդ երկրին շնորհում է ԱՃԹՆ-ին համապատասխանող երկրի կարգավիճակ։
Վավերացման գնահատականով՝ 20 պահանջների գծով Հայաստանը գրանցել է բարձր՝ satisfactory գնահատական, իսկ 4-ի մասով գերազանցող՝ beyond գնահատական։ Այսպիսով, 2020թ. հուլիսի 9-ի դրությամբ Հայաստանը ԱՃԹՆ-ի անդամ 53 երկրների մեջ 9-րդ երկիրն է, որին շնորհվել է բավարարող առաջընթաց ունեցող երկրի կարգավիճակ։