IKEA-ն շվեդական ընկերությունների խումբ է, որը գրասենյակների և տան համար կահույք վաճառող ամենախոշոր ռիթեյլերներից է (մանրածախ վաճառող)։ IKEA-ն պարբերաբար տեղ է գտնում աշխարհի ամենաթանկ բրենդների ցանկում, որը հրապարակվում է հեղինակավոր Brand Finance-ի կողմից։ Վերջինիս հրապարակած 2020 թվականի վարկանիշում IKEA-ն զբաղեցրել է 88-րդ հորիզոնականը՝ 19,5 մլրդ դոլար արժեքով։
Հիմնադրումը
IKEA-ի հիմնադիրը շվեդ բիզնեսմեն Ինգվար Կամպրադն է։ Նա ծնվել է ֆերմերների ընտանիքում և ամբողջ մանկությունը անց է կացրել աշխատելով գյուղատնտեսական ոլորտում։ Կամպրադի ընտանիքի անդամները ևս փորձում էին բիզնես գործունեություն ծավալել, բայց նրանց չէր հաջողվում մեծ եկամուտներ ստանալ։ Սակայն այդ գործունեության շնորհիվ արդեն երիտասարդ հասակում Ինգվարը լավ էր հասկանում, թե ինչպես է իրականացվում առևտուրը։ Սկզբում նա փորձում էր ձկների և լուցկիների առևտուր իրականացնել։
1943 թվականին, հավաքելով իր բոլոր խնայողությունները և որոշակի գումար վերցնելով նաև հորից, 17-ամյա Կամպրադը բացեց IKEA խանութը։ Ընկերության անվանումը հապավում է, որը բաղկացած է նրա անվան, ազգանվան, ֆերմայի և գյուղի առաջին տառերից, որտեղ նա ծնվել և մեծացել է։ Խանութի ուղղվածությունը ընտրվեց երկրում տիրող իրավիճակից ելնելով։ Որակյալ և ոչ թանկ տնտեսական իրեր, առաջին անհրաժեշտության ապրանքներ և կահույք հնարավոր չէր գտնել այդ ժամանակներում։
Կամպրադն իր գործը սկսեց մանր տնտեսական իրերի վաճառքից, իսկ ընկերության գործունեության առաջին հիմնական մոդելը եղել է փոստային տարբերակով կատալոգների ուղարկումը։
Առաջին գովազդային արշավներից մեկը շատ բարդ իրականացվեց։ Երիտասարդ Կամպրադը որոշեց վարկ վերցնել և Ֆրանսիայից պատվիրել գնդիկավոր գրիչներ, որոնք պակասուրդային էին Շվեդիայում։ Ապրանքի արագ վաճառքի համար նա խոստացավ ներկայացմանը եկած յուրաքանչյուրին անվճարսուրճ և խմորեղեն հյուրասիրել։ Այդ առաջարկը գրավեց հազարավոր մարդկանց, ինչը մի քանի անգամ գերազանցեց երիտասարդ ձեռներեցի սպասումները։ Մեծ գումարներ ծախսելով և ահռելի ջանքեր ներդնելով՝ նա կատարեց իր խոստումը։ Ներկայացումը հաջող ընթացավ, և ամբողջ ապրանքն արագ իրացվեց։
Առաջին քայլերը
Մինչ 1948 թվականը IKEA-ն հիմնականում զբաղվում էր մանր տնտեսական իրերի վաճառքով։ Այնուհետև Կամպրադը որոշեց ընդլայնել սեփական բիզնեսը։ Տեսականու ընդլայնման համար նա որոշեց ընտրել այնպիսի կահույք, որի նկատմամբ միշտ կլինի պահանջարկ։ Իսկ այդ տարիներին էժան կահույքը դեֆիցիտային ապրանք էր։ Կամպրադն ընկերության ընդլայնումը սկսեց աշխատակազմի մեծացումից։ Մինչ այդ ժամանակաշրջանը Կամպրադը միայնակ էր աշխատում խանութում։ 1948 թվականին նա աշխատանքի ընդունեց առաջին աշխատակցին։ Իսկ 1950 թվականին ընկերության աշխատողների թիվը հասավ չորսի։
Սկզբնապես ընկերությունը շեշտը դնում էր էժան կահույքի վրա, որը հավաքվում էր փոքրիկ արտադրամասերում։ Ավելի ուշ այդ մոտեցումը փոխվեց․ որոշվեց գնել դետալներ և հավաքել կահույքը ինքնուրույն։ Այդպիսով, հնարավոր եղավ զգալիորեն իջեցնել կահույքի գինը և գրավել բազում հաճախորդների։
1958 թվականին Էլմխուլտ քաղաքում բացվեց IKEA-ի առաջին ֆիրմային խանութը։ Առաջին անգամ Շվեդիայում հնարավոր դարձավ կահույքի փորձարկումը մինչ գնումը։ Այդ մարքեթինգային քայլը մի քանի անգամ մեծացրեց բրենդի ճանաչումը երկրում։
50-ականների վերջերին Կամպրադը բախվեց ապրանքերի դեֆիցիտի խնդրի հետ, երբ մրցակիցները արգելում էին մատակարարներին գործ ունենալ IKEA-ի հետ։ Խնդրի լուծման համար նա որոշեց գնումներ իրականացնել արտասահմանից։ Բոլոր անհրաժեշտ ապրանքներն ու հումքը նա գտավ Լեհաստանում և կազմակերպեց մատակարարումների իրականացումը դեպի Շվեդիա։
60-ականների սկզբներին Շվեդիայում արդեն աշխատում էին IKEA-ի մի քանի խանութներ, և Ինգվար Կամպրադը սկսեց մտորել միջազգային շուկա դուրս գալու մասին։ Որոշվեց սկսել Նորվեգիայից և 1963 թվականին Օսլոյում բացվեց IKEA-ի առաջին խանութը։ Իսկ 1960-ակաների վերջին առաջին անգամ IKEA-ն խանութ բացեց նաև Դանիայում։
Այդ նույն ժամանակներում ընկերությունը սկսեց արտադրել նաև սպասք։ Բացի դրանից հերթերի նվազման նպատակով իրականացվեց դրամարկղերի քանակի և տեղադիրքի օպտիմալացում։ Իսկ 1973 թվականին հարկման օպտիմիզացիայի նպատակով ընկերության գրասենյակը տեղափոխվեց Դանիա։
Ակտիվ ընդլայնումը
70-ականներին ընկերությունը սկսեց ակտիվ գրավել Արևմտյան Եվրոպան։ Առաջին խանութները բացվեցին Գերմանիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում։ Իսկ 70-ականների վերջին հրապարակվեց Ինգվար Կամպրադի «A Testament of a Furniture Dealer» աշխատանքը, որը պարտադիր ընթերցման առարկա դարձավ ընկերության բոլոր աշխատողների համար։ 1980-ականներին բացվեցին ընկերության առաջին խանութները Սաուդյան Արաբիայում, Չինաստանում և Քուվեյթում։
Իսկ 1985 թվականին IKEA-ն մուտք գործեց ամերիկյան շուկա։ Առաջին խանութը բացվեց Ֆիլադելֆիայում։ Կամպրադը կասկածներ ուներ ամերիկյան շուկայի վերաբերյալ, սակայն քանի որ ԱՄՆ-ում այդ ժամանակ մեծ տարածում ուներ հիպի ենթամշակույթը, IKEA-ի յուրօրինակ խանութները արագ դարձան շատ հայտնի ամերիկյան սպառողների շրջանում։
Նոր շուկաների գրավելուն զուգընթաց ընկերությունը շարունակում էր ընդլայնել նաև սեփական տեսականին։ 1980-ականներին աշխարհին ներկայացվեց IKEA-ի առաջին բազմոցը։
1986 թվականին Ինգվար Կամպրադը լքեց գործադիր տնօրենի պաշտոնը և դարձավ Stiching INGKA Foundation-ի խորհրդատուն, իսկ նրա փոխարինող Անդերս Մուբերգը ստանձնեց ընկերության տնօրենի ազատ պաշտոնը։
1990-ականների սկզբներին սկսվեց Արևելյան և Հարավային Եվրոպայի շուկաների գրավումը։ Առաջին խանութները բացվեցին Հունգարիայում և Լեհաստանում, իսկ ավելի ուշ նաև՝ Սլովակիայում և Չեխիայում։ 1996 թվականին ընկերությունը մասնաճյուղեր բացեց նաև Իսպանիայում։ Այդ նույն ժամանակաշրջանում գրվեցին նաև կանոններ, որպեսզի բոլոր մասնաճյուղերը աշխատեն լիովին նույն սկզբունքներով։
Աշխատանքը համացանցի միջոցով
IKEA-ն դարձավ ամենաառաջին խոշոր ռիթեյլերներից մեկը, որը սկսեց իր գործունեությունը ծավալել նաև համացանցում։ Ընկերության կայքը, որտեղ խոսվում է IKEA-ի փիլիսոփայության մասին, գործարկվեց 1997 թվականին։
1999 թվականին ընկերության վաճառքները հասան 6 մլրդ եվրոյի։ Դրա 20 տոկոսը բաժին էր ընկնում ԱՄՆ-ին և Ասիային, ինչի պատճառով էլ որոշվեց ակտիվացնել աշխատանքը այդ շուկաներում։ 2000-ականների սկզբներին IKEA-ն ակտիվորեն աշխատում էր ասիական շուկայի և համացանցային առևտրի ակտիվացման գործունեությամբ։ Առաջին խանութը Ճապոնիայում բացվեց 2006 թվականին։
Չինական շուկայում գործունեություն ծավալելը շատ ավելի բարդ էր։ 2000-ականների սկզբներին բացված բոլոր խանութները բերում էին կորուստներ։ Իրավիճակը շտկվեց ավելի ուշ, երբ խանութների գործունեության մեջ իրականացվեցին որոշակի փոփոխություններ։ Այժմ Չինաստանում գործում են IKEA-ի 10-ից ավելի մասնաճյուղեր։
IKEA-ն այսօր
Համաշխարհային մասշտաբով շվեդական ընկերությունը գրեթե չունի մրցակիցներ։ Առանձին շուկաներում և ուղղություններում IKEA-ն մրցակցում է JYSK, Metro Group, Leroy Merlin և Hoff ընկերությունների հետ։ Դրանցից IKEA-ի ուղիղ մրցակից կարող է համարվել միայն JYSK-ը, որն աշխատում է նույն սեգմենտում։ Metro Group-ը, Leroy Merlin-ը և Hoff-ն ունեն ապրանքների շատ ավելի լայն տեսականի, քան IKEA-ն, հետևաբար մրցակցում են վերջինիս հետ միայն մասնակիորեն։
Այժմ IKEA-ի գրասենյակը տեղափոխվել է Նիդեռլանդներ՝ հարկման օպտիմալացման նպատակով։
2019 թվականին ընկերության եկամուտները գերազանցեցին 41 մլրդ եվրոն։ IKEA-ն ունի ավելի քան 400 խանութներ 52 երկրներում, որոնք տարեկան այցելում է ավելի քան 1 մլրդ մարդ (իսկ վեբ-կայքը՝ ավելի քան 2,8 մլրդ մարդ)։ Ընկերության աշխատակիցների թիվը 2019 թվականին անցել է 210 հազարը։
Այժմ ընկերության նախընտրած ուղղությունը առցանց վաճառքների խթանումն է։ IKEA-ն մշակում է ժամանակակից տեխնոլոգիական հարթակ այդ սեգմենտում վաճառքների ավելացման նպատակով։ Բացի դրանից ընկերությունը մեծ հույսեր է կապում նաև Չինաստանի հետ, քանի որ այդ շուկան մինչ այժմ ամբողջովին ուսումնասիրված չէ։