Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ (ՆՏՆԺՀ) ապրիլին տեղի ունեցած պատմականորեն ամենակտրուկ անկումից հետո Տնտեսական ակտիվության ցուցիչը (ՏԱՑ) փոքր-ինչ վերականգնվեց մայիսին, բայց այն շարունակում է մնալ խիստ կրճատված: ՆՏՆԺՀ ապրիլին 16.3 տոկոս անկում արձանագրելուց հետո մայիսին (ՆՏՆԺՀ) ՏԱՑ-ը նվազեց 12.8 տոկոսով: Շինարարության ոլորտում ապրիլին ՆՏՆԺՀ արտադրանքի ծավալը կիսով չափ նվազեց, մինչդեռ մայիսին ՆՏՆԺՀ ոլորտում արձանագրվեց 27 տոկոս նվազում, քանի որ բացօթյա շինարարական աշխատանքները թույլատրվեցին մայիսի 4-ից: Արդյունաբերական արտադրանքի ծավալը մայիսին ՆՏՆԺՀ կրճատվեց 4 տոկոսով, այսինքն՝ ավելի քիչ, քան ապրիլին էր (8.5 տոկոս) կրճատվել: Նմանապես, մայիսին ՆՏՆԺՀ համեմատ մանրածախ առևտրի ծավալներն ընկան 20 տոկոսով ՆՏՆԺՀ ապրիլին գրանցված 33 տոկոս կրճատման համեմատ: Այլ ծառայություններում անկման մակարդակն է՛լ ավելի աճեց ՆՏՆԺՀ ապրիլին տեղի ունեցած 16 տոկոս նվազման համեմատ՝ մայիսին հասնելով 20 տոկոս նվազման մակարդակին:
Գծապատկեր 1. Տևտեսակաև ակտիվության կտրուկ նվազման տեմպերը փոքր-իևչ դանդաղեցին 2020թ. մայիսին (տևտեսակաև ակտիվության ցուցիչ, ՆՏՆԺՀ փոփոխություն, տոկոս)
2020թ. առաջին հինգ ամիսներից երեքում տեղի ունեցած ՏԱՑ-ի անկման պայմաններում տարեսկզբից մինչ մայիսի վերջ ՏԱՑ-ը ՆՏՆԺՀ 3.9 տոկոսով ցածր էր: Կուտակային տվյալներով աճ է գրանցվել միայն արդյունաբերությունում, շնորհիվ ՆՏՆԺՀ հանքարդյունաբերության ոլորտում 26 տոկոս աճի, քանի որ անցած տարվա առաջին կիսամյակում, երբ փակվեց պղնձի խոշոր հանքերից մեկը, բազան ցածր էր: Հավանական է, որ այս հետևանքը կվերանա 2020թ. երկրորդ կիսամյակում՝ արտացոլելով 2019թ. հուլիսին հանքի վերաբացման էֆեկտը:
Հնարավոր է, որ վերականգնման դանդաղ տեմպերը պահպանվեն: Մարդկանց տեղաշարժի սահմանափակումների մեծ մասի վերացումը ուղեկցվեց վարակի նոր դեպքերի կտրուկ աճով (հուլիսի 1-ին շաբաթում միջինում գրանցել է վարակի 550 նոր դեպք): Սա շարունակում է խոչընդոտել տնտեսական վերականգնմանը. Երևանում շարժունակության ցուցիչը ցույց է տալիս, որ վերականգնման տեմպը կայուն հասել է համաճարակից առաջ գրանցված մակարդակների մոտ 70 տոկոսին:
Թեև անշարժ գույքի շուկայի ակտիվությունը դեռևս թույլ է, սակայն այս հանգամանքը չի ազդել գների վրա: Երևանում բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը մայիսին ՆՏՆԺՀ նվազեց 60 տոկոսով (ապրիլին ՆՏՆԺՀ 80 տոկոս կրճատման համեմատ այս ցուցանիշը բարելավվել է): Ինչևէ, ՆՏՆԺՀ գները 12 տոկոսով աճեցին: Հիպոթեքային վարկերի ծավալի փոքր աճը (1 տոկոս նախորդ ամսվա համեմատ) նպաստեց շուկայի չափավոր վերականգնմանը:
Գնաճի մակարդակը շարունակում է աճել, իսկ հունիսին ՆՏՆԺՀ այն հասավ 1.7 տոկոս մակարդակին, որը դեռևս ՀՀ ԿԲ գնաճի նպատակային միջակայքից (4+/-1.5 տոկոս) ցածր է: Հունիսին ՆՏՆԺՀ սննդամթերքի գներն աճեցին 2 տոկոսով, ինչով էլ պայմանավորված է մայիսին 1.2 գնաճի համեմատ հունիսին արձանագրված 1.7 տոկոս գնաճը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հավանություն տվեց գազի սակագնի ավելի ցածր աճին (միջինում 4.5 տոկոս) համեմատած «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից ի սկզբանե հայցած 11 տոկոս աճին: Սակագինը կմնա անփոփոխ տնային տնտեսությունների համար, սակայն 2020թ. հուլիսի 19-ից որոշ տնտեսվարողների համար կսահմանվի ավելի բարձր սակագին: Հաշվի առնելով արտաքին և ներքին պահանջարկի վերականգնման դանդաղ տեմպը[1] և ցածր գնաճի ներկա միջավայրը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը 2020թ. հունիսին վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրճատեց 50 բազային կետով՝ սահմանելով այն 4.50 տոկոս, ինչը 2007թ. ի վեր ամենացածրն է:
Գծապատկեր 2. Գնաճի մակարդակը հունիսին բարձրացավ, բայց շարունակում է մնալ ՀՀ ԿԲ նպատակային ստորին միջակայքից ցածր (ՍԳՑ գնաճ, ՆՏՆԺՀ փոփոխություն, տոկոս)
Ապրիլի համեմատ մայիսին առևտրի ծավալները (հատկապես արտահանումը) փոքր-ինչ վերականգնվեցին, որի արդյունքում կրճատվեց առևտրային դեֆիցիտը, իսկ դրամը կայունացավ: Մայիսին (ՆՏՆԺՀ) արտահանման ծավալները ընկան 9 տոկոսով՝ հիմնականում պայմանավորված տեքստիլ արտադրանքի և ոչ թանկարժեք մետաղների արտահանման ծավալների նվազմամբ: Օգտակար հանածոների (գլխավորապես պղնձի և մոլիբդենի) արտահանումն իր ավելի բարձր ծավալներով դրական ավանդ ունեցավ արտահանման աճի վրա, իսկ մետաղների գների վերականգնման վերջին միտման պայմաններում այն կարող է շարունակել աջակցել արտահանմանը: Մայիսին (ՆՏՆԺՀ) ներկրման ծավալները ընկան 22 տոկոսով՝ արտացոլելով բոլոր ապրանքատեսակների խմբերի ներկրման ծավալների նվազումը, բացառությամբ սննդամթերքի: Ներկրման ծավալների նվազումը հանգեցրեց առևտրային դեֆիցիտի կրճատմանը, որը ապրիլին գրանցված 153 մլն ԱՄՆ դոլարի համեմատ մայիսին դարձավ 120 մլն ԱՄՆ դոլար: Ինչևէ, սրա վրա մասամբ չեզոքացնող ազդեցություն ունեցավ արտերկրից զուտ դրամական փոխանցումների 35 տոկոս նվազումը: Վճարային հաշվեկշռի առկա տվյալների համաձայն, 2020թ. 1-ին եռամսյակում ՕՈւՆ-ները կրճատվեցին 24 տոկոսով: Հունիսին միջազգային պահուստները նվազեցին 55 մլն ԱՄՆ դոլարով, բայց մնացին համեմատաբար բարձր՝ ապահովելով 2020թ. շուրջ հինգ ամսվա ներկրման կանխատեսված ծավալների ծածկույթ: Փոխարժեքը մնացել է մեծապես կայուն՝ մայիսից ի վեր արժեզրկվելով 1 տոկոսից պակաս չափով:
Գծապատկեր 3. Արտահանման համեմատ ներկրման ծավալների ավելի զգալի կրճատման արդյունքում առևտրային դեֆիցիտը նվազեց (մլն ԱՄՆ դոլար)
Մայիսին բյուջեն արձանագրեց 43 մլրդ ՀՀ դրամի դեֆիցիտ, որի արդյունքում տարվա բյուջեի հաշվեկշիռը փոխվեց 25 մլրդ դրամին հավասար դեֆիցիտի: Մայիսին ՆՏՆԺՀ եկամուտներն ընկան 23 տոկոսով՝ արտացոլելով համարյա բոլոր հարկատեսակների գծով հավաքագրումների ավելի ցածր մակարդակը: Ծախսերը ՆՏՆԺՀ ավելացան 11 տոկոսով՝ պայմանավորված բոլոր կարևոր ծախսային հոդվածների գծով ծախսերի աճով, բացառությամբ աշխատավարձի և տոկոսների վճարումների: Նշված աճի հիմքում ընկած են նաև «ՔՈՎԻԴ-19»-ին արձագանքմանն ուղղված կառավարության աջակցության փաթեթները: Հունիսի վերջին Խորհրդարանը վավերացրեց ԱՄՀ-ի բյուջետային աջակցության 280 մլն ԱՄՆ դոլարի վարկը և հավանություն տվեց գույքահարկի բարձրացում նախատեսող օրենքին: Ակնկալվում է, որ նշված օրենքի ընդունմամբ գալիք վեց տարիներին գույքահարկի գծով մուտքերը կքառապատկվեն:
Գծապատկեր 4. Մայիսի վերջին բյուջեի հաշվեկշիռը փոխվեց դեֆիցիտի (մլն ՀՀ դրամ)
Վարկերի կուտակային ծավալը մայիսի վերջին ՆՏՆԺՀ աճեց 17 տոկոսով, մինչդեռ ավանդների դեպքում աճն ավելի չափավոր էր (10 տոկոս) և պայմանավորված է ՀՀ դրամով արտահայտված ավանդների աճով, ինչպես նաև Կառավարության հակաճգնաժամային վարկային ծրագրերով:
Աղբյուրը՝ Համաշխարհային բանկ
[1] 2020թ. տնտեսական աճի վերաբերյալ ՀՀ ԿԲ-ի կանխատեսումը վերանայվել է և 0.7 տոկոսից իջեցվել մինչև մինուս 4 տոկոս մակարդակի: