Քաղաքագետների շրջանում Թայվանը համարվում է «ասիական որբ», քանի որ մեկուսացված ու անտեսված է միջազգային քաղաքական հարաբերություններում, իսկ Չինաստանի կողմից հնարավոր ռազմական ներխուժումը «դամոկլյան սրի» նման կախված է Թայվանի՝ չինական մարզ համարվող կիսանկախ պետության գլխին: Այսպիսի կարգավիճակը քաղաքագետ Դաֆիդ Ֆելին հիմք է տվել համեմատելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Թայվանի հետ, որը ունի ընդամենը 3 անգամ մեծ տարածք, սակայն 23 միլիոն բնակչություն: Քաղաքական մեկուսացվածությունը չի խանգարել Թայվանին ունենալ տնտեսական սերտ կապեր աշխարհի շատ երկրների, առաջին հերթին հենց Չինաստանի հետ: Թայվանի տնտեսությունն ամենամեծն է այն երկրների շարքում, որոնք չեն անդամակցում ՄԱԿ-ին: Ինչպե՞ս Թայվանը կարողացավ 1950-ականների ծայրահեղ աղքատությունից հետո «ասիական որբի» կարգավիճակից անցում կատարել «ասիական վագրի» կարգավիճակին՝ ընկերակցելով Հարավային Կորեային, Սինգապուրին ու Հոնկոնգին: Պատասխանենք մի բառով՝ կրթություն: Զարգացած տնտեսության ու Թայվանի կողմից ինտենսիվորեն կիրառվող «փափուկ ուժի» հիմքում որակյալ կրթությունն է:
Թայվանի կրթական համակարգը ազդեցություն է կրել տարբեր ժամանակներում կղզին գաղութացրած պետությունների մշակույթներից: Հետազոտող, խորհրդատու Ջենի Հեյ Վուն Թայվանի կրթության ու տնտեսական աճի մասին իր մի հոդվածում առանձնացրել է թայվանական կրթության 3 առանձնահատկություններ, որոնք պայմանավորել են Թայվանի աննախադեպ տնտեսական աճը 1950-ականներից հետո.
- Մեկնարկային ենթակառուցվածքներ կրթության ոլորտում: Երբ Երկրորդ աշխարհամարտից հետո Թայվանում վերացվեց ճապոնական գերիշխանությունը, պարզվեց՝ Ճապոնիան տասնամյակներ շարունակ «ձեռքերը ծալած չէր նստել». կրթության ոլորտում կային մեծաթիվ ենթակառուցվածքներ: Օրինակ՝ դպրոցում երեխաների ներգրավվածության աստիճանը մոտ 72% էր, ինչը այդ ժամանակ ազդեցիկ ցուցանիշ էր այլ զարգացող երկրների հետ համեմատած:
- Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներհոսք մայրցամաքային Չինաստանից: Թայվանում վերականգնված չինական ազդեցությունը դրսևորվեց նրանում, որ ճապոնացիներին փոխարինելու համար բարձր որակավորում ունեցող բազմաթիվ մասնագետներ տեղափոխվեցին Թայվան:
- Կրթական համակարգի պլանավորումը տնտեսության պահանջներին համապատասխան: 1950-ականներին Թայվանի կառավարությունը ձեռնամուխ եղավ բազմաթիվ բարեփոխումների, որոնք նպատակ ունեին կրթությունը դարձնել տնտեսությունը սպասարկող օղակ: Այսպես, պարտադիր կրթության 6-ամյա համակարգը փոխարինվեց 9-ամյա համակարգով: Միջին և ավագ դպրոցներում փոխվեց տեխնիկական ու ակադեմիական առարկաների համամասնությունը. եթե 1966 թվականին դրանք բաշխվում էին համապատասխանաբար 45:55 համամասնությամբ, ապա 1981 թվականին այդ համամասնությունը հասցվեց 72:28-ի: Բուհական համակարգում կրճատվեց շրջանավարտների թվաքանակը, մեծացվեց գիտական ու ճարտարագիտական առարկաների նկատմամբ ուշադրությունը: Այս և այլ բարեփոխիչ քայլերի իրականացման համար մեծացվեցին կրթության ոլորտի պետական ծախսերը.
Գծ. 1. Թայվանի կառավարության կողմից կրթության ոլորտում կատարված ծախսերի մասնաբաժինը (%) պետական բյուջեի ընդհանուր ծախսերում և ՀՆԱ-ում (1955, 1985, 1993 և 2016 թթ.)
Այդ բարեփոխումները անարդյունք չեն եղել: Թայվանում բնակչության գրագիտության մակարդակը բավականին բարձր է, 25-64 տարեկանների 45%-ը ունի բակալավրի կամ ավելի բարձր աստիճան: Թայվանցի դպրոցականները բարձր դիրքեր են զբաղեցնում PISA միջազգային թեստավորման արդյունքներում.
Գծ. 2. Թայվանցի դպրոցականների զբաղեցրած դիրքերը PISA միջազգային թեստավորման արդյունքներում (2006-2018թթ.)
Թայվանում նախադպրոցական կրթությունը նախատեսված է 2-6 տարեկանների համար: Այժմ կառավարության կողմից որոշակի ջանքեր են գործադրվում մանկապարտեզները լիովին անվճար դարձնելու և երեխաների ներգրավման տեսակարար կշիռը բարձրացնելու ուղղությամբ: Մանկապարտեզի ուսումնական ծրագիրը ներառում է ֆիզկուլտուրան, մաթեմատիկան, անգլերենը և այլ առարկաներ: Վերջին տասնամյակում աճում է ամբողջապես անգլերենի ուսուցման վրա հիմնված նախակրթարանների թվաքանակը: Սա ազգային շրջանակներում մտահոգություն է առաջացրել թայվանական մշակույթն ու լեզուն պահպանելու առաջնահերթության իրագործման տեսանկյունից, սակայն այդպիսի նախակրթական հաստատությունների թվաքանակը շարունակում է աճել:
Թայվանական դպրոցում ուսումնական տարին ունի մոտ 230 օր, երբեմն լինում են նաև լրացուցիչ ընտրովի դասեր ամառային ու ձմեռային արձակուրդներին: Դասերը երկուշաբթիից ուրբաթ են, սակայն երբեմն աշակերտերը դպրոց են գնում նաև շաբաթ օրը: Դպրոցական օրը սկսվում է 7:30-ին, ավարտվում 16:00-ին կամ 17:00-ին: Միջին ու ավագ դպրոցներում կան երեկոյան ընտրովի դասընթացներ:
Դպրոցում կարգապահությունն ու մաքրությունը բացարձակ կանոններ են, իսկ ֆիզիկական պատիժը, թեպետ արգելված է իրավականորեն, սակայն դեռևս գոյություն ունի՝ ի շնորհիվ խիստ մեթոդները սատարող շատ ծնողների: Թայվանցի ծնողները վստահ են, որ կարևորը ոչ թե բնածին ունակություններն են, այլ աշխատասիրությունը, որի միջոցով կարելի է հասնել հնարավոր առավելագույնին: Այդ համոզմունքի շնորհիվ թայվանցի երեխաներին ստիպում են շատ սովորել: Սակայն հենց այդ պատճառով էլ թայվանական կրթությունը, ինչպես չինականը, բազմիցս քննադատվել է. ծանրաբեռնված ուսումնական ծրագրեր, կենտրոնացում երեխաների հիշողության վրա, քննադատական, նորարարական ու ստեղծագործական մտածողության անտեսում: Արդյունքում, փորձագետների կարծիքով այսօր թայվանական բուհերի շատ շրջանավարտներ դառնում են գործազուրկ, քանի որ բուհական կրթությունը չի տալիս աշխատաշուկային համապատասխան գիտելիք և հմտություններ:
Թայվանում գործում են նաև կրկնուսուցման դպրոցներ, որոնք կոչվում են «բաքսիբաններ»: «Բաքսիբանների» հիմնական գործառույթը ավագ դպրոցի ու բուհի ընդունելության քննությունների նախապատրաստումն է: Կրկնուսուցման դպրոցների գործունեությունը Թայվանում, ինչպես և Հոնկոնգում, շահութաբեր բիզնես է:
Տարրական դպրոցը վեցամյա է: Այստեղ ուսումնասիրում են մաթեմատիկա, գիտություն), անգլերեն (3-րդ դասարանից), հասարակագիտություն, երաժշտություն, արվեստ, մանդարին (պաշտոնական չինարեն) և մայրենի լեզուներ (թայվանական չինարեն և «հակկա» չինարեն): Միջին դպրոցում, որը եռամյա է, ուսումնասիրում են մաթեմատիկա, գրականություն (ներառյալ՝ հանրային խոսք), անգլերեն, գիտություն և տեխնոլոգիա (այս առարկան կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի, երկրագիտության ու տեխնոլոգիայի միավորումն է), հասարակագիտություն (ներառյալ՝ քաղաքագիտություն, տնտեսագիտություն, պատմություն, աշխարհագրություն և այլն), տնային տնտեսագիտություն և արհեստ, արվեստ (ներառյալ՝ կերպարվեստ, երաժշտություն և դրամա), ֆիզկուլտուրա և սկաուտական կրթություն, որը երեխաներին հմտացնում է նաև բացօթյա գոյատևման համար:
Թեպետ միջին դպրոցով ավարտվում է իննամյա պարտադիր կրթությունը, սակայն աշակերտների մոտ 94.7%-ը շարունակում է կրթությունը ավագ դպրոցում կամ մասնագիտատեխնիկական հաստատությունում, որը Թայվանում կոչվում է կրտսեր քոլեջ:
Թայվանում ավագ դպրոցը եռամյա է: Կան չորս տիպի ավագ դպրոցներ՝ սովորական, հմտությունների վրա հիմնված, համապարփակ և մասնագիտացված ավագ դպրոցներ: Կարևոր է անդրադառնալ հատկապես սովորական և հմտությունների վրա հիմնված դպրոցներին:
Սովորական ավագ դպրոցում ուսումնական ծանրաբեռնվածությունը հարաբերականորեն ավելի բարձր է: Կարևոր առարկաներից մեկը ռազմական կրթությունն է, որի ընթացքում աշակերտները գործնականում սովորում են բազմաթիվ հմտություններ, որոնք կարող են պետք լինել պետական պաշտպանությանը արտակարգ իրավիճակներում: Նախկինում երկրի պաշտպանությունն ապահովելու համար մերթընդմերթ հավաքագրվում էին աշակերտներ բարձր դասարաններից: Սովորական ավագ դպրոցներում կան բնագիտամաթեմատիկական ու ազատական (հասարակագիտություն, գրականություն և այլն) հոսքեր, որոնցից մեկի ընտրությունը բխում է հետաքրքրություններից և պայմանավորում է հետագա ճանապարհը:
Հմտությունների վրա հիմնված ավագ դպրոցները մինչև 2016 թվականը կոչվում էին տեխնիկական ավագ դպրոցներ: Սրանք, ի տարբերություն սովորական ավագ դպրոցների, ընդունելության քննությանը նախապատրաստելուց առաջ, աշակերտին տալիս են գործնական մասնագիտատեխնիկական գիտելիքներ: Առաջարկվում են վեց ոլորտներ, որոնցից մեկը կարելի է ընտրել մինչև ընդունվելը. գյուղատնտեսություն, արդյունաբերություն, բիզնես, ծովային արտադրանքներ, առօրյա կյանքի ոլորտ և արվեստ:
Ավագ դպրոցների փոխարեն աշակերտները կարող են ընդունվել կրտսեր քոլեջներ, որոնք ունեն 5 տարի տևողություն: Այդ քոլեջները նախատեսված են նաև ավագ դպրոցն ավարտողների համար, քանի որ կան 2 տարի տևողությամբ ծրագրեր, որոնք կատարելագործում են մասնագիտատեխնիկական կրթությունը.
Գծ. 3. Հետմիջնակարգ կրթությունը Թայվանում
Ըստ Ուսուցչի ստատուսի ինդեքսի 2018 թվականի տվյալների՝ թայվանցի ուսուցիչները աշխարհի ամենահարգված ուսուցիչներից են (գծ. 4): Իհարկե այդ մեծ հարգանքը բխում է հասարակության ավանդական համոզմունքներից, սակայն կառավարությունը ևս հարգում է ուսուցչի աշխատանքը՝ վարձատրելով նրան ամսական 2000-2400 ԱՄՆ դոլար աշխատավարձով:
Գծ. 4. Լավագույն 10 երկրները՝ ըստ «Ուսուցչի ստատուսի ինդեքսի» (2018 թ.)
Թայվանական կրթության առանձնահատուկ տարրերից մեկը փորձարարական կրթությունն է, որը, ի տարբերություն ավանդաբար գործող ինստիտուցիոնալ ակադեմիական կրթության, իրական ժամանակում ստեղծվող ու սպառվող կրթությունն է: Այսինքն՝ այն կենտրոնանում է արտաքին աշխարհում տվյալ պահին առկա խնդիրների, դրանց ուսումնասիրման, փորձարկումների ու լուծումների բացահայտման վրա: Դպրոցում փորձարարական կրթություն տալու հայեցակարգը Թայվանում սկսել է մշակվել 1990-ականներին: Այժմ մոտ 5000 թայվանցի աշակերտներ սովորում են փորձարարական հաստատություններում, որոնց մեծ մասը հանրային դպրոցներ են, կան մի քանի մասնավոր դպրոցներ և այլ կրթական ենթակառուցվածքներ: Փորձարարական կրթությունը իր ազատ ու չկենտրոնացված բնույթով կարևոր դերակատարում ունի նաև ցկյանս (շարունակական) կրթության ընդլայնման գործում:
Այս թեմայով՝
2020-06-29 Հոնկոնգի դպրոցական կրթությունը
2020-06-15 Իսրայելի դպրոցական կրթությունը
2020-06-06 Ֆինլանդիայի դպրոցական կրթությունը
2020-05-23 Ճապոնիայի դպրոցական կրթությունը
2020-04-13 Չինաստանի դպրոցական կրթությունը