Canon ընկերությունն աշխարհին հայտնի է գրասենյակային տեխնիկայի իր լայն տեսականիով, որը ներառում է տպիչներ, սքաներներ, ֆաքսեր։ Ֆոտոսարքավորումները, որոնցից Canon-ը սկսել է իր գործունեությունը, այլևս չունեն գերակայող նշանակություն ընկերության համար։ Ընկերությանը հաջողվել է զբաղեցնել ամուր դիրքեր բարդ տեխնոլոգիաների արտադրության ոլորտում՝ շնորհիվ արտադրության բարձր որակի, տեխնոլոգիաների անընդհատ կատարելագործման և օպտիմալ լուծումներով որոնումների։ Canon-ը շատ ուշադիր է հաճախորդների կարիքների նկատմամբ, ինչի պատճառով ընկերությունը իրացման հետ կապված գրեթե խնդիրներ չի ունենում։ Ընկերության համար ուղենիշ է հանդիսանում նաև նորամուծությունների անընդհատ կիրառումը, ինչը թույլ է տալիս բարձր դիրքեր զբաղեցնել միջազգային շուկայում երկար տարիների ընթացքում։ Այժմ Canon-ը գիտահետազոտական գործունեություն իրականացնող առաջատար ընկերություններից է, չնայած որ իր գործունեությունը սկսել էր այլ ընկերությունների ինժեներային գաղափարների պատճենումից։
Kwanon-ի ծնունդը
Երբ 1933 թվականին երկու երիտասարդ ինժեներներ Գորո Յոշիդան և Սաբուրո Ուչիդան սկսեցին իրենց համատեղ գործունեությունը։ Ճապոնիան արագորեն արդյունաբերական հզորություններ էր կուտակում։ Տոկիո աշխատանքի էին հրավիրվում աշխարհի լավագույն մասնագետները ԱՄՆ-ից և Եվրոպայից, ինչպես նաև բավական ուշադրություն էր դարձվում տեղի բնակչության կրթությանը։
Երիտասարդ ինժեներների պատվախնդրությունը նրանց թույլ տվեց առանձնանալ տեղական «տեխնոլոգիական զանգվածներից»։ Նրանք զբաղվում էին Գերմանիայից բերված ֆոտոտեխնիկայի արտադրությամբ։ Գործարանում աշխատանքից դուրս գալուց հետո, ինժեներները ստեղծեցին «Օպտիկական սարքերի լաբորատորիա» անվանումով սեփական ընկերությունը։ Նրանց գլխավոր նպատակը ճապոնական այնպիսի տեսախցիկների արտադրությունն էր, որոնք կգերազանցեին գերմանականներին։ Նրանք ցանկանում էին ստեղծել այնպիսի մի բան, որը կգնահատվի ամբողջ աշխարհում։
Սկզբնական փուլի դժվարությունը կայանում էր լիարժեք աշխատանքը սկսելու համար անհրաժեշտ միջոցների բացակայության մեջ։ Որպեսզի մտածված նորույթը կարողանար մրցակցել այն ժամանակվա առաջատարների հետ, անհրաժեշտ էին մեծ գումարներ։ Հիմնադիրներին հաջողվեց գտնել հովանավորին՝ Տակեշի Միտարային, ով մասնագիտությամբ բժիշկ էր և իսկապես հավատում էր նախագծի հաջողությանը։
Առաջին տարվա ընթացքում ընկերներն աշխատում էին միայն գերմանական տեսախցիկների միջուկների մանրակրկիտ ուսումնասիրություններով։ Այդ ընթացքում լաբորատորիայի անձնակազմը համալրվեց ևս մեկ ինժեներով։ Նրանց աշխատանքի արդյունքը դարձավ 35 մմ վարագույրային փականակով տեսախցիկը, որը ստացավ Kwanon անունը` բուդդայական գթասրտության աստվածուհու պատվին։
Մարքեթինգային առաջին քայլերը
Չնայած մրցակիցների արտադրության երկարատև ուսումնասիրություններին և որոշակի բաղադրիչների մասնակի պատճենմանը, ճապոնական ինժեներների առաջին արտադրանքն իր էությամբ պարզապես նմանակ չէր։ Մոդելն իր մեջ համատեղեց մրցակիցների արտադրանքի լավագույն մասեր, որոշակի կատարելագործումներ և գրավիչ գին ճապոնական շուկայի համար։
Զանգվածային արտադրությունը սկսելուց առաջ հիմնադիրները որոշեցին զբաղվել իրենց արտադրության առաջխաղացումով։ Ինժեներները չխնայեցին գումարները գովազդի վրա՝ տեղադրելով այն ֆոտոտեխնիկային նվիրված ճապոնական Asahi Camera հեղինակավոր ամսագրում։ Որոշ ժամանակ անց նոր տեսախցիկը իսկական իրարանցում առաջացրեց երկրում։ Ամսեկան արտադրվում և իրացվում էր 10 հազար տեսախցիկ, ինչը վկայում էր տեսախցիկի հաջողության մասին։ Հիմնադիրները որոշեցին շարունակել իրենց հաջողությունը՝ գոյություն ունեցող մոդելին ավելացնելով նորը, որն ուներ ավելի բարձր տեխնիկական բնութագրեր և ստացավ Hansa անունը։
Հաջողակ մեկնարկից ոգեշնչված լինելով և ցանկանալով արագ գրավել միջազգային շուկան՝ ինժեներները 1935 թվականին անվանափոխեցին բրենդը Canon-ի, որն ավելի հեշտ է հնչում տարբեր լեզուներով։ Ընկերությունը լաբորատորիայից վերածվում է բաժնետիրական ընկերության՝ ներդրումների ներգրավման և գործունեության ընդլայնման նպատակով։ Կանոնադրական կապիտալը կազմեց 1 մլն ճապոնական իեն (մոտ 9500 դոլար)։
Canon Hansa
Դժվարությունները զարգացման ճանապարհին
Ընկերության գործունեության սկիզբը չէր կանխատեսում որևէ դժվարություններ։ Իսկ 1937 թվականի տարատեսակ արտասահմանյան տեխնիկայի ներմուծման նկատմամբ պետական արգելքը ամրապնդեց Canon-ի դիրքերը։
Սակայն 1940-ականների սկզբին ռազմական անկայունության հետևանքով Canon-ը լուրջ դժվարությունների բախվեց։ Ճապոնիան պետք է հզորացներ ռազմական ոլորտը, այլ ոչ թե զբաղվեր տեսախցիկների արտադրությամբ։ Այդ տարիներին ընկերության արտադրանքը վաճառվում էր հիմնականում Եվրոպայում և ԱՄՆ-ում և ոչնչով չէր զիջում տեղական տեսախցիկներին։ Սակայն այդ վաճառքները շատ քիչ էին և Canon-ը գտնվում էր սնանկացման եզրին։
Իրավիճակից դուրս գալու համար հիմնադիրները հրավիրում են Տակեշի Միտարաիին, ով զբաղեցրեց գլխավոր տնօրենի պաշտոնը 1942 թվականին։ Նա հիմնադրեց երկու դուստր ընկերություններ, որոնք զբաղվում էին ռադիոընդունիչների և դեղագործական արտադրությամբ։ Միտարաին ուներ հակաճգնաժամային կառավարման փորձագետի հմտություններ։ Հենց ինքն էր առաջին անգամ շրջանցել երկրում տիրող կլանային ղեկավարությունը՝ իրականացնելով կազմակերպության կառավարումը վարձու մենեջերների միջոցով։
Հաջողության ճանապարհը
Պատերազմի ավարտին Canon-ը վերսկսեց լիարժեք աշխատանքը։ Դուստր ընկերությունների հաջողության շնորհիվ հնարավոր դարձավ ֆոտոտեխնիկայի նոր մոդելների արտադրությունը։ Թողարկվեցին հեռահար տեսախցիկների տարբեր մոդելներ։
Այնուհետև Canon-ը թարմացրեց մոդելային շարքը՝ միաժամանակ կատարելագործելով տեսախցիկները և օպտիկան։ Շատ նորամուծություններ իրապես հեղափոխական էին ու եզակի և նպաստում էին ոլորտի զարգացմանը։ Նախագծվեցին տեսախցիկների առաջին հայելային տարբերակները, ինչի շնորհիվ Canon-ը սկսեց գրավել նաև պրոֆեսիոնալների ուշադրությունը։
60-ականները նշանավորվեցին արտադրության ընդլայնմամբ։ Ի հայտ եկան տեխնիկայի տարբեր տեսակներ, այդ թվում՝ տպիչներ, սքաներներ, տեսաձայնագրիչներ, հաշվիչներ և պրոյեկտորներ։ Իսկ Canon-ի կոմպակտ սիրողական տեսաձայնագրիչի ստեղծումը շատ մասնագետներ անվանում են «ճապոնական հրաշքի» սկիզբը, քանի որ այդ տեխնիկան առաջիններից մեկն էր, որը լայնորեն տարածվեց ամբողջ աշխարհում։
Տեղի ունեցավ ոչ միայն արտադրության, այլև իրացման շուկաների ընդլայնում, առաջին անգամ բացվեցին ներկայացչություններ Ճապոնիայից դուրս։
Մրցակիցների հետ հարաբերությունները
Մրցակիցների հետ հարաբերությունները միշտ կառուցվում էին հետևյալ սկզբունքներից որևէ մեկով․ «ուսումնասիրել և սարքել ավելի լավը» կամ գործընկերային հարաբերություններ ստեղծել մրցակցի հետ։ Բաց մրցակցությունը և կոշտ պայքարը բնորոշ չեն ճապոնական մենթալիտետին։
Գլխավոր «թշնամու»՝ ճապոնական Nikon-ի դեմ պայքարը բավական անսովոր բնույթ էր կրում։ Մինչպատերազմյան Canon-ի տեսախցիկները թողարկվում էին առանց օբյեկտիվների, և նրանք ստիպված էին գնել Nikon-ի օպտիկան։ Սակայն մյուս կողմից Nikon-ն արտադրում էր միայն օբյեկտիվներ, իսկ ֆոտոտեխնիկա դեռևս չէին արտադրում։ Մրցակցությունն առաջացավ ավելի ուշ, երբ ընկերությունները սկսեցին լայնամասշտաբ արտադրություն կազմակերպել։ Oպտիկայի լայն ընտրության առկայության շնորհիվ պրոֆեսիոնալները գերադասում էին Nikon-ի արտադրանքը։ Canon-ը ավելի շատ շեշտը դրել էր սովորական սպառողների վրա, ինչն ընկերությանը թույլ էր տալիս բարձր շահույթներ ապահովել։ Ներկա պահին երկու ընկերությունների արտադրանքն ունի մոտ նույն տեխնիկական բնութագրերն ու որակը և օգտագործվում է ինչպես պրոֆեսիոնալների, այնպես էլ զանգվածային սպառողների կողմից։
Ավելի ուշ՝ արտադրությունը ընդլայնելուց հետո, Canon-ը հայտնաբերեց նոր մրցակիցներ։ Տպիչների արտադրության ոլորտում ընկերությունը գերադասեց գործընկերային հարաբերություններ ձևավորել գլխավոր մրցակից HP-ի հետ։ Գործընկերության շնորհիվ ընկերություններին այժմ պատկանում է լազերային տպիչների միջազգային շուկայի մոտ 70 տոկոսը։
Տեսախցիկների շուկայում Canon-ի և մրցակիցների մասնաբաժինները
Canon-ը մեր օրերում
Այսօր Canon-ը միջազգային ընկերություն է, որն ունի ավելի քան 250 դուստր ընկերություններ, ինչը թույլ է տալիս ապահովել աշխատատեղեր 187 հազար մարդկանց համար։ Ընկերությունը ունի արտադրամասեր Ճապոնիայում, Չինաստանում և Թայվանում, ինչպես նաև ներկայացչություններ աշխարհի շատ երկրներում։
Ընկերության զուտ շահույթը 2019 թվականին կազմեց 174,7 մլրդ իեն (մոտ 1,6 մլրդ դոլար)։ 2019 թվականին ընկերության հիմնական ցուցանիշները վատթարացել են նախորդ տարվա համեմատ։ Սակայն 2020 թվականին ընկերությունը կանխատեսում է վաճառքների ավելացում նոր ուղղության՝ բժշկական արտադրության տարածման շնորհիվ։
Canon-ն իր պատմության ամբողջ ընթացքում շարունակում է հեղափոխական տեսախցիկներ արտադրել՝ պահպանելով համարձակ արտադրողի հեղինակությունը, որը չի վախենում տեխնոլոգիական և մարքեթինգային նորարարական քայլերից։ Դրա շնորհիվ ընկերությունը ճանաչվում է ֆոտոտեխնիկայի ոլորտի խոշորագույն արտադրողը։ Կորպորացիան երկար տարիներ պահում է առաջատարի դիրքերը այդ ոլորտում՝ վստահ առաջ անցնելով գլխավոր մրցակիցներ Nikon-ից և Sony-ից: