Բոլորի համար որակյալ կրթությունը, որը ՄԱԿ-ի կողմից 2015թ․-ին համաձայնեցված Կայուն զարգացման նպատակներից մեկն է, առանցքային է, հատկապես համաշխարհային առողջապահական և տնտեսական ճգնաժամի այս ժամանակաշրջանում, երբ ամբողջ աշխարհում հասարակությունները ձգտում են հաղթահարել COVID-19 համավարակի սոցիալական և տնտեսական հետևանքները: Համավարակից տուժած, ինչպես նաև դրա հետևանքով փոփոխությունների ենթարկված ոլորտներից է նաև կրթությունը։
Կրթությունը բարելավում է առողջապահության ոլորտի արդյունքները, մարդկանց տալիս է կարողություն արժանապատիվ աշխատանք ունենալու համար, կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար միջոցներ ձեռնարկելու գիտելիքներ և հմտություններ և արժեքներ՝ ավելի ներառական ու խաղաղ հասարակությունների կառուցման համար: Կրթությունն ունի նաև անհավասարությունը նվազեցնելու ներուժ, ինչը հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով, որ ներառականությունը և հավասարությունն ընկած են բոլոր քաղաքականությունների հիմքում, իսկ ներկայիս համավարակը ուժեղացրել է դրանց բացակայությունը:
Բարելավված կրթության արդյունքները ուղղակիորեն նպաստում են բարձր եկամուտներ ստանալուն և կենսամակարդակի բարձրացմանը: Հետևաբար, դրանք այն գործոններից մեկն են, որոնք միջնաժամկետ հեռանկարում նպաստում են ավելի բարձր հարկային եկամուտների ստացմանը այլ գործոնների հետ միասին, ինչպիսիք են զբաղվածության հնարավորությունները: Հարկային եկամուտների վրա կրթության ազդեցությունը տեղի է ունենում երկու հիմնական ուղիների միջոցով։
Նախ, դա տեղի է ունենում ավելի բարձր եկամուտների միջոցով, որոնք կրթության բարելավման արդյունքների հետևանք են: Մեկ շնչի հաշվով ավելի բարձր եկամուտները տնտեսության մեջ ընդլայնում են հարկման բազան՝ մեծացնելով հարկերի ընդհանուր ծավալը, որոնք կարող են հավաքվել այդ տնտեսությունից, մասնավորապես՝ եկամտից գանձվող ուղղակի հարկերից: Հարկային եկամուտների և մեկ շնչի հաշվով եկամուտների միջև կապի վերլուծությունները հաստատում են դա, քանի որ ցույց են տալիս, որ մեկ շնչին ընկնող եկամտի բարձր մակարդակ ունեցող երկրները, որպես կանոն, ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների ավելի բարձր մակարդակ ունեն:
Երկրորդ, կրթության որակի բարելավումը կարող է նաև նպաստել հարկերի ավելացմանը հարկային կարգապահության ավելի բարձր մակարդակի շնորհիվ: Հարկային կարգապահությունը, սովորաբար սահմանվելով որպես հարկեր վճարելու ներքին մոտիվացիա, հարկային համակարգի կարևորագույն կողմն է, քանի որ հարկային համակարգերի մեծ մասը ապավինում է հարկ վճարողների՝ իրենց եկամուտների մեծ մասի համար հարկային օրենսդրության կամավոր պահպանումը: Հարկային կարգապահության խթանիչներն ավելի լավ հասկանալու համար Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) վերլուծությունն օգտագործում է հասարակական կարծիքի հարցումները՝ առանձնացնելով երկու ուղի, որոնց միջոցով ավելի լավ կրթությունը կարող է բարձրացնել հարկային կարգապահությունը: Առաջինն ուղղակի ազդեցությունն է, քանի որ ավելի կրթված անձինք հակված են կատարելու պակաս հարկային խարդախություններ։ Երկրորդ ազդեցությունն անուղղակի է, քանի որ պետական մարմինների կողմից ավելի լավ կրթության ապահովումը մեծացնում է կառավարությունների նկատմամբ վստահությունն ու գոհունակությունը, ինչն էլ իր հերթին բարելավում է հարկային կարգապահությունը:
Միասին վերցրած՝ այս ազդեցությունները կառավարություններին նաև հնարավորություն են տալիս իրականացնել իրենց հարկային քաղաքականության ու վարչարարության հետագա բարեփոխումները՝ ներքին եկամուտներն ավելացնելու համար: Սա հատկապես կարևոր է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների համար, որտեղ պետական ռեսուրսները սահմանափակ են, հատկապես հիմա, երբ այդքան երկրներ COVID-19 ճգնաժամի հետևանքով տնտեսական անկումներ են ունենում:
Գծապատկեր 1. Կրթության ֆինանսավորման անընդհատ շրջապտույտը
Ինչպես ցույց է տրված գծապատկերում, կրթության բարելավման արդյունքները նպաստում են մեկ շնչի հաշվով եկամտի աճին, որն իր հերթին մեծացնում է տնտեսության մեջ հարկային եկամուտների հավաքագրման ներուժը: Հարկային մանրակրկիտ քաղաքականությամբ և վարչարարության ընտրություններով այդ ներուժը կարող է փոխակերպվել հարկային եկամուտների ավելացման: Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ մեկ շնչի հաշվով եկամտի աճի և հարկային եկամուտների միջև կա դրական և նշանակալի կապ: Ավելացված ներքին ռեսուրսները կառավարություններին ապահովում են ավելի շատ ֆինանսական միջոցներով, որոնց մի մասը կարող է հատկացվել կրթությանը: Խելամտորեն և ճիշտ օգտագործվելով՝ այդ ռեսուրսները կարող են հետագայում բարելավել կրթության արդյունքները և ավարտել շրջանը, որն օգնում է հասնելու Կայուն զարգացման նպատակներին:
Այդ շրջապտույտն էլ ավելի կարևոր է դառնում COVID-19 համավարակի դեպքում, որն արդեն փոխել է կրթությունը՝ դպրոցների փակմամբ և առցանց կրթության աճող ապահովմամբ: Սովորողների վրա այդ փոփոխությունների բացասաբար չազդելու ապահովումն ապագայում կլինի կրթության քաղաքականության կարևոր մասը և կպահանջի ռեսուրսների արդյունավետ վերաբաշխում փոփոխվող իրավիճակը կարգավորելու համար: Երբ աշխարհը դուրս գա ճգնաժամից, կրթության ոլորտում լրացուցիչ ներդրումների ապահովումը կդառնա սոցիալական վերականգնման կարևորագույն մասը:
Կրթության մեջ ներդրումները մեծացնում են առողջության վերաբերյալ տեղեկատվությունն ու գիտելիքները, ինչպես նաև երկրների տնտեսական հնարավորությունները, որպեսզի դրանք հնարավորինս արագ վերադառնան տնտեսական աճին, և նպաստում են ավելի համախմբված հասարակությունների ստեղծմանը, որոնցում յուրաքանչյուր անհատ հնարավորություն ունի զարգացնելու իր տաղանդները: Այս ոգով կրթական ներդրումները պետք է առաջնահերթություն լինեն COVID-19-ից հետո վերականգնման ցանկացած տնտեսական և սոցիալական ռազմավարության մեջ:
Թեև բոլորի համար որակյալ կրթության առավելությունները կասկածից վեր են, աշխարհը հեռու է այս նպատակն ապահովելուց: Վերջին տարիներին կրթության հասանելիության մասով զգալի ձեռքբերումներ են գրանցվել, բայց դպրոց հաճախելը չէ հավասարեցնում ուսումը բոլորի համար․ ամբողջ աշխարհում ավելի քան 617 միլիոն երեխաներ և դեռահասներ, հիմնականում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, չեն հասնում ընթերցանության և մաթեմատիկայի հմտությունների նույնիսկ նվազագույն մակարդակին:
Այդ երկրներում ուժեղ փոխկապակցվածություն կա աճող ծախսերի և բարելավված կրթության արդյունքների միջև: Սակայն գնահատվում է տարեկան 39 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորման պակասուրդ՝ կրթության ոլորտում կայուն զարգացման նպատակին հասնելու համար, և այդ պակասուրդը հիմնականում ազդում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների վրա: Այնուամենայնիվ, ինչպես ցույց է տալիս կրթության ֆինանսավորման շրջանը (գծ. 1), որակյալ կրթության հասնելն ինքնին կարող է նպաստել ֆինանսավորման այդ պակասուրդի վերացմանը:
Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում կրթության ֆինանսավորումը լինում է հիմնականում երկու աղբյուրներից՝ ներքին ֆինանսավորում (կառավարություններ, ինչպես նաև տնային տնտեսություններ) և զարգացման միջազգային համագործակցություն: Ներքին ֆինանսավորումը, որի հիմնական բաղադրիչը հարկային եկամուտներն են, ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում կրթության ֆինանսավորման ամենամեծ աղբյուրն է՝ ստվերելով զարգացման համագործակցության միջոցով տրամադրված ռեսուրսները (ցածր եկամուտ ունեցող երկրներում ֆինանսական օգնությունը որպես ՀՆԱ-ի մասնաբաժին վերջին երկու տասնամյակներում նվազել է՝ 2014թ․-ին հասնելով 7,9%-ի, իսկ 2018թ.-ին վերաճելով 9,1%-ի):
ՄԱԿ-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում միջազգային օգնությունը կրթության ընդհանուր ծախսերի փոքր մասն է: Ավելին, մինչդեռ կրթությանն ուղղված օգնությունը 2018թ․-ին հասել է բոլոր ժամանակների ամենաբարձր՝ 15,6 միլիարդ ԱՄՆ դոլար մակարդակին, այդ օգնության կեսից պակաս մասը բաժին է ընկնում հիմնական ու միջնակարգ կրթությանը և ցածր ու միջինից ցածր եկամուտ ունեցող երկրներին, որոնք ամենից շատ դրա կարիքն ունեն: Հետևաբար, պետական ներքին ֆինանսավորումը միակ աղբյուրն է, որն ունի իրական ներուժ աճելու և նպաստելու ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրներում բարելավված ուսման արդյունքներին: Հարկային եկամուտների ավելացման վրա շեշտը դնելը կարող է թույլ տալ կառավարություններին ներդրումներ կատարել իրենց առաջնահերթություններում, հատկապես կրթության ոլորտում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրության ինստիտուտի տվյալներով դիտարկված 148 երկրներից (դրանք բոլորը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներ են) յուրաքանչյուր երրորդը չի համապատասխանում որակյալ կրթության համար կայուն զարգացման նպատակով սահմանված ֆինանսավորման երկու չափանիշներից մեկին. կրթության վրա պետական ծախսերը կազմում են ՀՆԱ-ի 4-6%-ը և պետական ծախսերի՝ առնվազն 15-20%-ը: Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում կրթության վրա կատարված պետական ծախսերը 2018 և 2019թթ․ կազմել են ՀՆԱ-ի 2%-ը, իսկ ընդհանուր պետական ծախսերի մեջ՝ համապատասխանաբար 8,4 և 7,9%-ը։ Այս չափանիշները ենթադրում են, որ երկրները պետք է մեծացնեն ներքին ռեսուրսները` ընդհանուր ծախսերի նվազագույն մակարդակը ֆինանսավորելու համար, որը համարժեք է ՀՆԱ-ի առնվազն 20%-ին: 2019թ․ Հայաստանում ընդհանուր ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 24,8%-ը։ Այս ներքին ռեսուրսների մեծ մասը պետք է ստացվի հարկային եկամուտներից: Ցածր և միջին եկամուտ ունեցող շատ երկրներ ունեն հարկեր-ՀՆԱ հարաբերակցության 15%-ից ցածր մակարդակ: Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանում այդ ցուցանիշը 2019թ․ կազմել է 22,3% (տուրքերն էլ ներառյալ)։ Այդ երկրները պետք է ընդլայնեն իրենց հարկային բազան՝ որպես անհրաժեշտ քայլ որակյալ կրթության կայուն զարգացման նպատակի առաջընթացն արագացնելու համար:
ՏՀԶԿ-ի միջազգային ուսանողների գնահատման ծրագիրը (PISA) ցույց է տալիս, թե ինչպես կրթության համար միանման ռեսուրսներ ունեցող երկրները երբեմն հասնում են ուսման շատ տարբեր արդյունքների: Որոշակի մակարդակից բարձր (6-ից 15 տարեկան մեկ սովորողի հաշվով մոտ 50 000 ԱՄՆ դոլար) սովորողներից շատերը հասնում են ընթերցանության տիրապետման առնվազն նվազագույն մակարդակի, որը որակյալ կրթության նպատակի չափանիշն է. PISA-ի սանդղակով 406 միավորից բարձր գնահատական: Մի շարք երկրներ գտվնում են ծախսերի այս մակարդակից ցածր, ներառյալ ՏՀԶԿ անդամ որոշ երկրներ, և հեռու են իրենց բոլոր երեխաների համար գոնե հիմնական հմտությունների ձեռքբերումը ապահովելուց: Հետևաբար, կրթության համար ֆինանսների շրջապտույտը (գծ. 1) ավարտելու համար անհրաժեշտ է, որ երկրները հավաքեն տվյալներ ու փաստեր կրթական արդյունքների վերաբերյալ ուսման գնահատման և կրթության այլ ուսումնասիրությունների միջոցով, որոնց հիման վրա իրականացվում են արդյունավետ քաղաքականություններ և ռեսուրսների բաշխում` դպրոցներում ավելի լավ դասավանդումն ու ուսումն ապահովելու համար:
Եթե բոլոր երկրները կարողանային ապահովել, որ իրենց երեխաները գոնե նվազագույն մակարդակով տիրապետեին հիմնական հմտություններին, ինչպիսիք են գրագիտությունն ու թվաբանությունը, տնտեսական արդյունքները կլինեին նշանակալի, նույնիսկ ՏՀԶԿ բարձր եկամուտ ունեցող երկրների համար: Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում ՏՀԶԿ-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ օգուտները մեծ կլինեն․ օգուտների ներկայիս արժեքը միջինում 13 անգամ գերազանցում է այդ երկրների ընթացիկ ՀՆԱ-ն: Որպես ապագա ՀՆԱ-ի տոկոսային մեծություն՝ դա ենթադրում է հաջորդ 80 տարիների ընթացքում յուրքանչյուր տարի, միջին հաշվով, 28%-ով ավելի ՀՆԱ այն երկրների համար, որոնք հասնում են կրթության համընդհանուր հիմնական հմտությունների: Այն երկրներում, որտեղ դպրոցական տարիքի երեխաների միայն 75%-ն է ընդունվում դպրոց, դպրոցների ներկայիս որակի բարելավումից ստացվող օգուտները կլինեն երեք անգամ ավելի մեծ, քան այն օգուտները, որոնք ստացվում են դպրոցում ընդգրկվելու ուղղակի ընդլայնումից՝ առանց բարելավելու մատուցված կրթության մակարդակը:
Այդ երկրների համար, հատկապես համաշխարհայն առողջապահական և տնտեսական ճգնաժամի ժամանակաշրջանում, կրթության համընդհանուր հիմնական հմտություններին հասնելուց տնտեսական օգուտներն ավելին կլինեն, քան համընդհանուր որակյալ կրթության ծախսերի ծածկումը: