Համավարակի կանխարգելման համար երկրների կառավարությունները բավականաչափ մեծացրեցին միջամտության ծավալները՝ կիրառելով աննախադեպ սահմանափակումներ թե՛ հասարակական ակտիվության, թե՛ տնտեսական գործունեության նկատմամբ: Սակայն համավարակի կանխարգելման միջոցառումների և դրանց առաջացրած տնտեսական հետևանքների միջև կա անխուսափելի հակասություն, քանի որ կառավարության երկարատև միջամտությունները զգալի բացասական ազդեցություն (գործազրկության մակարդակի աճ և ընկերությունների սնանկացումներ) են ունենում ընդհանուր տնտեսական և սոցիալական բարեկեցության վրա:
Համավարակը հարված է laissez-faire-ին, քանի որ հիմնական տնտեսական խաղացողները դարձել են կառավարությունները։ Այդ մասին բրիտանական հայտնի The Economist շաբաթաթերթն ահազանգեց. «Համավարակի դեմ պայքարի համար անհրաժեշտ է մեծ կառավարություն (կառավարության ավելի մեծ միջամտություն տնտեսությանը): Կարևորն այն է, թե ինչպես է դրանից հետո այն նորից հետ սեղմվում: … Համավարակային կառավարությունը պիտանի չէ ամենօրյա կյանքի համար»:
Բայց դա չի լինի պարզապես տեղաշարժ դեպի կառավարություն, ինչպես ցույց է տրված գծ․ 1-ում։ Կառավարության (պետության միջամտության) և ազատ շուկայի փոխհարաբերությունը նկարագրող կապույտ գծի երկայնքով յուրաքանչյուր կետ ներկայացնում է պետական քաղաքականության մի համադրություն։ Օրինակ՝ երկաթուղու ազգայնացումն այդ գծի վրա պատկերվում է դեպի ձախ (կառավարություն), իսկ աշխատանքի շուկաների ապակարգավորումը՝ դեպի աջ (ազատ շուկա)։
Գծապատկեր 1․ Կառավարություն-շուկա փոխհարաբերությունները
Ըստ հետազոտողների՝ COVID-19-ը ուշադրություն է հրավիրում կառավարություն-շուկա բանավեճի երրորդ բևեռի՝ քաղաքացիական հասարակության վրա: Այս երրորդ բևեռի բացակայության դեպքում պետական քաղաքականության ավանդական մոտեցումը բաց է թողնում սոցիալական նորմերի և ինստիտուտների դերը, ինչպիսիք են ընտանիքները, ընկերությունների միջև հարաբերությունները և համայնքային կազմակերպությունները: Ըստ գիտնականների՝ այժմ ևս մեկ հնարավորություն է բացվում տնտեսական քննարկումներում վաղուց անհրաժեշտ հիմնարար տեղաշարժի համար։ Կլիմայի փոփոխության հետ միասին COVID-19-ը կարող է համարժեք լինել Մեծ ճգնաժամին և Երկրորդ համաշխարհային պատերազմին՝ ստիպելով կտրուկ փոխել տնտեսական մտածողությունը և քաղաքականությունը:
Չկա ոչ մի միջոց, որ կառավարությունը, որքան էլ լավ կազմակերպված և արհեստավարժ լինի, կարողանա հաղթահարել այս համավարակի նման մարտահրավերներն առանց հասարակության քաղաքացիական գիտակցության, ովքեր վստահում են իրենց կառավարության՝ հանրային առողջապահության վերաբերյալ խորհրդին և հավատարիմ են օրենքի գերակայությանը:
Հետևանքն այն է, որ այլընտրանք չկա, քան վերանայել ազատական (լիբերալ) մոտեցումը, այն, ինչը տնտեսագիտության մեջ ասոցացվում է հայտնի տնտեսագետներ, Նոբելյան մրցանակակիրներ Բեքերի և Սթիգլերի «Համերի մասին վիճաբանություն չկա» (1977թ․) հոդվածի վերնագրի հետ: Ազատական մոտեցումը և դրա տնտեսական տարբերակն արդյունավետորեն հանրային քննարկումների և քաղաքականության սահմաններից դուրս են դնում ավելի լավ կամ ավելի վատ արժեքների գաղափարը: Բայց քանի որ արժեքների բնույթն անհրաժեշտ է ինչպես COVID-19 համավարակի դեմ պայքարի, այնպես էլ ժողովրդավարական հասարակության պահպանման համար, մարդիկ ստիպված կլինեն վարժվել «համերի մասին վիճելուն», որքան էլ որ դա անհարմար լինի:
Կառավարության որոշումների և շուկայական խթանների ոչ մի համադրություն, որքան էլ խելացիորեն մշակված լինի, լուծում չի տա համավարակի նման խնդիրներին: Այն, ինչ անվանում են քաղաքացիական հասարակություն (կամ համայնք), ապահովում է COVID-19-ը ոչնչացնելու ռազմավարության էական տարրերը՝ առանց տնտեսությունը վնասելու:
Մասնավոր պայմանագրերի և կառավարական որոշումների սահմանները, սոցիալապես կողմնորոշված տնտեսական խաղացողի նոր տեսակետի հետ միասին ստեղծում են մի տարածություն, որի դեպքում տնտեսական քննարկումը կարող է փոխազդել համավարակի հետ, ինչպես ցույց է տրված գծ․ 2-ում։ Վերևում գտնվող կապույտ գիծը կառավարություն-շուկա ընտրության համադրությունն է, որը վերջին հարյուրամյակի ընթացքում գերիշխում է քաղաքականության բանավեճերում:
Գծապատկեր 2․ Ընդլայնված տարածք քաղաքական և տնտեսական քննարկման համար
Երրորդ բևեռը, որը քաղաքացիական հասարակությունն է, նմանատիպ նշանակություն ունի, ինչ գծապատկերում կառավարություն-շուկա երկբևեռ կապույտ գծի կետը: Այն ցուց է տալիս, թե ինչպես կարող են իրականացվել սոցիալական մարտահրավերների լուծումները՝ կառավարության որոշումների, շուկայական խթանների և քաղաքացիական հասարակության նորմերի համադրության միջոցով: (Կետի կոորդինատների գումարը 1 է, որոնցից յուրաքանչյուրի կշիռը կետի ամենակարճ հեռավորությունն է այն կողմից, որը գտնվում է դիտարկվող գագաթի դիմաց: Օրինակ՝ հենց գագաթի կետով ներկայացված լուծումը, ինչպես «ռիսկի պարտադիր բաշխումը», ունի 1 կշիռ կառավարության համար և զրոյական կշիռներ շուկայի և քաղաքացիական հասարակության համար)։ Գծ․ 2-ը պատկերում է համաճարակին տարբեր արձագանքների (պատասխան միջոցառումների) «տեղադիրքը ինստիտուցիոնալ-տարածքում»:
Ինստիտուցիոնալ տարածության բևեռները լրացումներ են, այլ ոչ թե փոխարինիչներ: Վերևի ձախ կողմում կառավարությունն է՝ որպես վերջին ատյանի ապահովագրող: Կառավարության լավ մշակված քաղաքականությունը նպաստում է շուկաների գործունեությանը: Իսկ լավ նախագծված շուկաները և՛ հզորացնում են կառավարություններին, և՛ նրանց ավելի հաշվետու են դարձնում:
Քաղաքացիական հասարակության բևեռին մոտ է սոցիալական հեռավորության քաղաքականությունը: Եռանկյունը տեղ է բացում այսպես կոչված Դյունկերկի ռազմավարության ժամանակակից տեսակների համար (փոքր մասնավոր նավակներ օգտագործվեցին այնտեղ, որտեղ բրիտանական ծովային նավատորմը չուներ ռեսուրսներ 1940 թ․-ին լողափերում շրջափակվածներին տարհանելու համար): Որպես օրինակ կարող է ծառայել համալսարանների և փոքր մասնավոր լաբորատորիաների ջանքերի համախմբումը թեստերի մշակման ու արտադրության, ինչպես նաև արհեստական շնչառության սակավ սարքերը համալրելու նպատակով նորերի մշակման համար:
Ոչ պետական պաշտոնյաները, ոչ էլ մասնավոր սեփականատերերն ու ընկերությունների ղեկավարները բավարար տեղեկացված չեն՝ մշակելու խթանների վրա հիմնված պայմանագրեր կամ կառավարական որոշումներ՝ օպտիմալ սոցիալական հեռավորությունը, վերահսկողությունը իրականացնելու կամ առողջապահության ոլորտի ռեսուրսներն օգտագործելու համար՝ ներառյալ պատվաստանյութի մշակումը: Ոչ կառավարական և ոչ շուկայական լուծումները կարող են իրականում նպաստել այն խնդիրների մեղմացմանը, որոնք վատ են լուծվում ընկերությունների միջև պայմանագրերով կամ կառավարության որոշումներով: Վարքագծային տնտեսագիտությունը պարզ է դարձնում, որ մարդիկ ունակ են բարոյական արժեքների վրա հիմնված համագործակցության արտակարգ մակարդակների։
Հաշվի առնելով վարակով պայմանավորված իրավիճակի արագ փոփոխությունները և շատ երկրներում լայնորեն տարածվող բացասական տնտեսական հետևանքները՝ չափազանց կարևոր է, որ ճգնաժամի ընթացքում կառավարությունները գործեն արագ և վճռական, նույնիսկ սահմանափակ տեղեկատվության պայմաններում: Այդ պատճառով էլ այդքան արագ մեծացել է կառավարության դերը։ Բայց պատմությունը հուշում է, որ ճգնաժամերից հետո պետությունները չեն հրաժարվում բոլոր «տարածքներից, որոնք զբաղեցրել են»: