ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ը Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ միջոցառման հայտերի ընդունման վերջնաժամկետն է։
Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում գործող տնտեսավարողներին տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառման մասնակցության հայտերի ընդունման ժամկետը մոտենում է ավարտին: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը հունիսի 30-նն է:
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող, սույն միջոցառմամբ սահմանված չափանիշներին համապատասխանող տնտեսավարողներին կորոնավիրուսի տարածման հետևանքով վերջիններիս մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու նպատակով:
Միջոցառումից կարող են օգտվել բարվոք վարկային և հարկային պատմություն այն ռեզիդենտ տնտեսավարողները (օժանդակության ձևը` վարկերի տրամադրում` շրաջանառության չափից կախված առավելագույնը 50մլն ՀՀ դրամ), որոնք գործունեություն են ծավալում հետևյալ ոլորտներում`
- մշակող արդյունաբերություն,
- կացության և հանրային սննդի կազմակերպում,
- փոխադրումներ և պահեստային տնտեսություն,
- զբոսաշրջային ծառայություններ,
- սպասարկման այլ ծառայություններ,
- առողջապահություն,
- նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ),
- սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ),
- զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն (բացառությամբ համակարգչային խաղերի կազմակերպման և ինտերնետ ակումբների գործունեության),
- շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն։
Մասնակցության հիմնական պայմաններն են`
2019թ. շրջանառությունը կազմել է նվազագույնը 24 մլն դրամ առավելագույնը՝ 500 մլն դրամ, 2019 թվականի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը չի գերազանցել տվյալ տարվա շրջանառության գումարի 70 տոկոսը,
վարկի առավելագույն չափը 50 մլն, վարկերի տոկոսները առաջին երկու տարիների համար՝ 0%, երրորդ տարում 12%,
ունի բարվոք վարկային պատմություն, այսինքն՝ ըստ ԱՔՐԱ տեղեկատվության` վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չի ունեցել գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ.
ունեցել է բարվոք հարկային պատմություն, այսինքն` դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ չի ունեցել ժամկետանց հարկային պարտավորություն (վերջինիս դեպքում վճարվում է վարկային միջոցների տրամադրման վճար` փաստացի հատկացվող միջոցների 1 տոկոսի չափով):
Հայտերը մինչև հունիսի 30-ը ներկայացնել Էկոնոմիկայի նախարարության Ներդրումների աջակցման կենտրոն` www.isc.am: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել թեժ գիծ` 8-105:
Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է նաև, որ մինչ օրս կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառումից օգտվելու համար տնտեսավարողներից ստացվել է 1684 հայտ, պահանջված ընդհանուր գումարի չափը` 17,085.20, չափանիշներին բավարարող հայտերը (ներառյալ դեռևս ամբողջությամբ չհաստատված և հրաժարված հայտերը)` 859-ը` ընդհանուր գումարը` 9,480.00մլն. դրամ: Հունիսի 11-ի դրությամբ կնքվել է 637 պայմանագիր` 7,355.90 մլն. դրամի չափով:
Չափանիշներին համապատասխանող հայտերն ըստ ոլորտների և ըստ գումարի`
- մշակող արդյունաբերություն` 320 հայտ, գումարը` 3,750.20 մլն.դրամ
- կացության և հանրային սննդի կազմակերպում` 221 հայտ, գումարը` 2,188.20 մլն.դրամ
- փոխադրումներ և պահեստային տնտեսություն` 70 հայտ, գումարը` 714.50 մլն.դրամ
- զբոսաշրջային ծառայություններ` 44 հայտ, գումարը` 493.60 մլն.դրամ
- սպասարկման այլ ծառայություններ` 46 հայտ, գումարը` 287.10 մլն.դրամ
- առողջապահություն` 41 հայտ, գումարը` 461.60մլն. դրամ
- նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ) 6 հայտ` գումարը` 46.60 մլն.դրամ
- սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ)`5 հայտ, գումարը` 61.60 մլն.դրամ
- զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն (բացառությամբ համակարգչային խաղերի` 2 հայտ, գումարը` 30.40 մլն դրամ
- շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն` 69 հայտ, գումարը` 1,158.30մլն. դրամ: