2020թ. լավ մեկնարկից հետո «ՔՈՎԻԴ-19»-ի պատճառով տնտեսական ակտիվությունը կանգ առավ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ (ՆՏՆԺՀ) 2020թ. 1-ին եռամսյակում ՀՆԱ-ն աճեց 3.8 տոկոսով: Աճի 80 տոկոսն ապահովեց սպառումը, որում մասնավոր և պետական սպառումն ավելացավ համապատասխանաբար 3 և 6 տոկոսով: 2020թ. 1-ին եռամսյակում ներդրումները կրճատվեցին ավելի քան 20 տոկոսով: Արտահանման համեմատ ներկրման ծավալների ավելի մեծ նվազման արդյունքում զուտ արտահանումը դրական ազդեց աճի վրա՝ (ՆՏՆԺՀ կրճատում համապատասխանաբար 0.7 և 4.4 տոկոսով): Ինչևէ, «ՔՈՎԻԴ-19»-ի տարածումը կասեցնելու նպատակով մարտի կեսերին ներդրված սահմանափակումների հետ մեկտեղ տնտեսական ակտիվությունը կտրուկ դանդաղեց: Տնտեսական ակտիվության ցուցանիշը մարտին ՆՏՆԺՀ նվազեց 4.5 տոկոսով, իսկ ապրիլին, այսինքն՝ սահմանափակումների ամբողջական ամսում՝ 17 տոկոսով (ՆՏՆԺՀ): Շինարարության ոլորտն ապրիլին արձանագրեց կրճատման ամենաբարձր ցուցանիշ, երբ արտադրանքի ծավալը կիսով չափ նվազեց: Սրան հաջորդեց մանրածախ առևտրի ծավալների 35 տոկոսով անկումը: Ծառայությունները (բացառությամբ մանրածախ առևտրի) կրճատվեցին 24 տոկոսով, մինչդեռ արդյունաբերական արտադրանքն ընկավ 8.5 տոկոսով: Ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը մեծապես նվազեց, որի արդյունքում 2020թ. առաջին 4 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակշրջանի համեմատ վերջինիս կուտակային մեծությունը 1.7 տոկոսով ընկավ: Հունվար-ապրիլ ամիսներին կուտակային տվյալներով կրճատում է արձանագրվել միայն շինարարությունում և առևտրում, ծառայությունների ոլորտը մնացել է անփոփոխ, իսկ արդյունաբերությունը գրանցել է 4 տոկոսի աճ շնորհիվ հանքարդյունաբերության 27 տոկոս աճի:
Գծապատկեր 1. Ապրիլին տնտեսությունը կտրուկ կրճատվեց (փոփոխություն ՆՏՆԺՀ, տոկոս)
Մայիսին սահմանափակումները հանելուց հետո շարժունակությունը վերականգնվեց: Միևնույն ժամանակ, կտրուկ ավելացան վարակման նոր դեպքերը: Ելակետային սցենարով կանխատեսվում է ՀՆԱ-ի կրճատում 2.8 տոկոսով: Ինչևէ, գնալով մեծանում է տևական համաճարակի հավանականությունը, որի դեպքում արտադրանքի ծավալները կարող են կրճատվել 6.5 տոկոսով:
Ապրիլին անշարժ գույքի շուկան կրեց իրավիճակի ծանր ազդեցությունը: Երևանում անշարժ գույքի գործարքների թիվը ՆՏՆԺՀ ընկավ 80 տոկոսով՝ նախորդ տարվա ապրիլին գրանցված 978-ի համեմատ կազմելով ընդամենը 187: Սրա հետ կապված՝ անշարժ գույքի հիփոթեկային վարկերի գումարը մարտ ամսվա համեմատ ապրիլին նվազեց 1 տոկոսով:
Մայիսին գնաճի մակարդակը փոքր-ինչ աճեց, սակայն պահպանեց ցածր մակարդակ՝ 1.2 տոկոս ՆՏՆԺՀ, որը նույնիսկ ցածր է ՀՀ ԿԲ-ի նպատակային ստորին միջակայքից. սննդամթերքի գները ՆՏՆԺՀ աճեցին 1 տոկոսով: Հենց դրանով էր պայմանավորված գնաճի մակարդակի բարձրացումը, որն ապրիլին գրանցված 0.9 տոկոսի համեմատ մայիսին դարձավ 1.2 տոկոս: Միևնույն ժամանակ, փոխադրումների գներն արձանագրեցին 4 տոկոսով նվազում՝ արտացոլելով նավթի համաշխարհային գների կտրուկ անկումը, ինչպես նաև արտակարգ իրավիճակին նախորդող ժամանակաշրջանի համեմատ մայիսին շարժունակության մակարդակի նվազումը: Դրամավարկային քաղաքականությունը մնաց անփոփոխ:
Գծապատկեր 2. Մայիսին գները փոքր-ինչ աճեցին (տոկոս)
Ե՛վ արտահանման, և՛ ներկրման ծավալների կրճատման տեմպերն ապրիլին աճեցին: Արտահանումը նվազեց, քանի որ արտահանման բոլոր խմբերը, բացի օգտակար հանածոներից, անկում արձանագրեցին: Արտահանման ծավալների կրճատումը կիսով չափ պայմանավորված էր ոսկերչական իրերի, թանկարժեք քարերի և մետաղների արտահանման փաստացի դադարով: Օգտակար հանածոների արտահանման ծավալներն արժեքային արտահայտությամբ ՆՏՆԺՀ 23 տոկոսով բարձր էին, հիմնականում պղնձի արտահանման ծավալների 30 տոկոս աճի շնորհիվ: Նմանապես, ՆՏՆԺՀ ներկրման ծավալները նվազեցին 30 տոկոսով՝ արտացոլելով բոլոր ապրանքատեսակների խմբերի ներկրման ծավալների նվազումը, բացառությամբ սննդամթերքի, որտեղ ՆՏՆԺՀ արձանագրվեց 24 տոկոսով աճ: Կուտակային արտահայտությամբ 2020թ. առաջին 4 ամիսներին արտահանումը և ներկրումը կրճատվեցին համապատասխանաբար 8 և 11 տոկոսով, որի արդյունքում առևտրային դեֆիցիտը կրճատվեց մոտ 15 տոկոսով: Ինչևէ, սրա վրա չեզոքացնող ազդեցություն ունեցան 2020թ. 1-ին եռամսյակում Ռուսաստանից փոխանցվող զուտ տրանսֆերտների 65 տոկոսով նվազումը և զբոսաշրջիկների ներհոսքի դադարը:
Գծապատկեր 3. Առևտրային դեֆիցիտը նվազեց, քանի որ արտահանման համեմատ ներկրումն արձանագրեց ծավալների ավելի մեծ կրճատում (մլն ԱՄՆ դոլար)
Վերջին ժամանակներս փոխարժեքը համեմատաբար կայուն է: Մայիսի առաջին կեսին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 2 տոկոսով արժեզրկումից հետո նույն ամսվա երկրորդ կեսին ՀՀ դրամը վերականգնվեց և մինչ օրս կայուն է: Պահուստներն աճեցին՝ կազմելով 2.7 միլիարդ ԱՄՆ դոլար: Այս աճը պայմանավորված էր մայիսին կատարված երկրորդ ուսումնասիրությունից հետո ԱՄՀ-ի պահուստային վարկի (SBA) միջոցների տրամադրմամբ:
Գծապատկեր 4. Դրամը վերջերս կայուն է (ցուցիչ, 2-ը մարտի, 2020թ.=100)
Ապրիլին գրանցվեց բյուջեի 20 միլիարդ ՀՀ դրամի դեֆիցիտ, որի արդյունքում առաջին 4 ամիսներին հավելուրդի կուտակային մեծությունը նվազեց` կազմելով 18 միլիարդ ՀՀ դրամ: Ապրիլին հարկային եկամուտները ՆՏՆԺՀ նվազեցին 10 տոկոսով, իսկ ծախսերն աճեցին շուրջ 40 տոկոսով` պայմանավորված սոցիալական նպաստների, այլ տրանսֆերտների և կապիտալ ծախսերի աճով: Նշված աճի հիմքում ընկած են նաև «ՔՈՎԻԴ-19»-ի արձագանքմանն ուղղված աջակցության փաթեթները, որոնց տեղաբաշխումը սկսվել է ապրիլին: 2019թ. վերջի համեմատ 2020թ. մայիսի վերջին կառավարության պարտքը 100 միլիոն ԱՄՆ դոլարով աճեց: ԱՄՀ-ի «SBA»-ի երկրորդ ուսումնասիրության արդյունքում տրամադրվեց շուրջ 280 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում՝ ուղղված բյուջեի աջակցմանը, որը հասանելի կլինի, երբ վարկը կվավերացվի ՀՀ Ազգային ժողովի կողմից:
Գծապատկեր 5. Ապրիլի վերջի դրությամբ բյուջեն դեռևս արձանագրեց հավելուրդ (մլն ՀՀ դրամ)
Ե՛վ վարկերի, և՛ ավանդների աճը դանդաղեց ապրիլին: Տնտեսության վարկավորումը ապրիլին ՆՏՆԺՀ 16 տոկոսով բարձր էր. այս ցուցանիշը ցածր է մարտի համեմատ, երբ այն կազմում էր 19.4 տոկոս: Սա գլխավորապես պայմանավորված էր ՀՀ դրամի արժևորմամբ: Առանց հաշվի առնելու փոխարժեքի ազդեցությունը՝ վարկերի աճի տեմպը մարտ ամսվա 17 տոկոսի համեմատ ապրիլին դանդաղեց՝ կազմելով 16 տոկոս: Այս նվազումն առավել ակնառու է ավանդների դեպքում, որտեղ ապրիլին աճի մակարդակն ընկավ մինչև 12 տոկոս:
Գծապատկեր 6. Վարկերի աճի տեմպը դանդաղեց (մլն ՀՀ դրամ)
Ապրիլին ֆինանսական կայունության ցուցանիշները պահպանեցին իրենց համարժեքությունը: Ինչևէ, հնարավոր է, որ առանձին բանկերն ունենան ցուցանիշներիտարբեր կատարողական, իսկ տնտեսական ակտիվության թուլացման ազդեցությունն իրեն զգացնել տա հետագայում:
Աղբյուրը՝ Համաշխարհային բանկ