«Ակնթարթային մոդայի» համակարգի շնորհիվ Zara-ին ընդհանրապես չեն վախեցնում եղանակային կտրուկ անակնկալները։ Եթե աշունը լինի անսովոր տաք, ինչի պատճառով սեզոնային հագուստի նկատմամբ պահանջարկ գրեթե չի լինի, ընկերությունը, միևնույնն է, ոչինչ չի կորցնի։
«Ակնթարթային մոդա»
Այսօր Zara-ն Inditex տեքստիլ խոշորագույն կոնցեռնի հիմնաքարերից մեկն է։ Կոնցեռնի կազմի մեջ են մտնում նաև այնպիսի հայտնի բրենդներ, ինչպիսին են Pull&Bear-ը, Bershka-ն և Stradivarius-ը։ Zara-ն հասել է իր շլացուցիչ հաջողությանն ընդամենը մի քանի տարվա ընթացքում, ինչով իրականացրեց հեղափոխություն նորաձևության աշխարհում։ Հիմնական պատճառը իր էությամբ եզակի բիզնես-մոդելն է։
Հագուստի հավաքածուի արտադրության գործընթացը սովորաբար տևում է կես տարուց քիչ ավելի։ Այդ ժամանակահատվածը ներառում է դրա ստեղծման բոլոր փուլերը՝ սկսած դիզայնի նախագծումից, վերջացրած խանութ մատակարարումով։ Zara-ում այդ ժամանակահատվածը տևում է ռեկորդային երկու շաբաթ։ Մոտ 120 հազար մարդ առավելագույնս սեղմ ժամկետներում թարմացնում են 6 հազարից ավելի խանութների տեսականին մոդայի վերջին միտումներին և մարդկանց սպասումներին համապատասխան։
Եթե հագուստի որևէ տեսականին հաջողություններ չի բերում ընկերությանը, ապա այն շատ արագ փոխարինում են նորով։ Երբեմն փոխվում են միայն հագուստի առանձին տեսակների գույները։ Սակայն ամեն դեպքում անփոխարինելի է լինում մեկ բան՝ աշխատանքի անհավանական արագությունը, որի շնորհիվ հաճախորդները արագորեն կարողանում են բավարարել իրենց պահանջմունքները, իսկ ընկերությունը ապահովում է մեծ եկամուտներ։
Հատկանշական է, որ Zara-ն, ի տարբերություն մրցակիցների, չի տեղափոխել իր բոլոր արտադրամասերը էժան աշխատուժով երկրներ։ Չինաստանի, Թուրքիայի, Մարոկկոյի և Բանգլադեշի արտադրամասերին բաժին է ընկնում Zara-ի ապրանքների ընդամենը 20 տոկոսը, որի որակը պարտադիր վերահսկվում է գլխավոր գրասենյակի կողմից։ Այս գործոնը նույնպես ազդել է բրենդի հաջողության վրա։
Բացի դրանից ընկերության ղեկավարությունը գրեթե գումարներ չի ծախսում գովազդների վրա։ Դրա փոխարեն այդ միջոցները ուղղվում են նոր նախագծերի զարգացմանը։
Ինչպես է ամեն ինչ սկսվել
Zara բրենդը ծնվել է (ինչպես դա հաճախ լինում է) փոքրիկ տղայի ցանկությունից, ով ուզում էր, որ իր ընտանիքը դուրս գա աղքատության շեմից և ոչնչի կարիք չունենա։ Մեծ համբերությունը, կազմակերպչական ունակությունները և հաջողության նկատմամբ հավատը այն ամենն է, ինչը օգնել է Ամանսիո անունով մարդուն դառնալ Իսպանիայի ամենահարուստ անձը։ Նրա կարողությունը այժմ ավելի քան 60 մլրդ դոլար է։
Ամանսիո Օրտեգա Գոանան ծնվել է 1936 թվականի մարտի 28-ին։ Նրա հայրը աշխատում էր երկաթգծում, իսկ մայրը սպասուհի էր։ Ընտանիքը խնդիրներ ուներ նույնիսկ ամենօրյա հացի հետ կապված։ Աղքատության պատճառով Ամանսիոն չկարողացավ ավարտել դպրոցը և արդեն 13 տարեկանից աշխատում էր Լա Կորունյա քաղաքի խանութներից մեկում որպես առաքիչ։
Երկար տարիներ քրտնաջան աշխատելով՝ 1972 թվականին նա բացեց իր առաջին սեփական կարի արտադրամասը։ Շուտով բացվեց նաև առաջին խանութը։ Ամուսինները որոշեցին այն անվանել «Հույն Զորբա» ֆիլմի գլխավոր կերպարի պատվին։ Սակայն հեղինակային իրավունքների պատճառով նրանք չկարողացան օգտագործել այդ անունը, ինչի հետևանքով էլ վերջնականապես ընտրվեց դրա ձևափոխված տարբերակը՝ Zara-ն։
Ամանսիոն բոլորից շուտ էր հասկացել, թե որքան շահութաբեր կարող է լինել առաջատար բրենդների հագուստի պատճենելը և այն մի քանի անգամ ավելի էժան վաճառելը։ Նրա պլանը շատ հաջողված էր։
1980-ականներին նրա թիմին միացավ Խոսե Մարիո Կաստելլանոն, որի հետ միասին էլ նրանք հորինեցին ակնթարթային մոդայի համակարգը։
Պորտուգալիայում առաջին խանութի բացումը սկիզբ դրեց Zara-ի միջազգային գործունեությանը։ Այժմ միլիոնավոր հաճախորդներ աշխարհի տարբեր ծայրերից իրենց նախապատվությունը տալիս են Zara-ին։ 1985 թվականին Ամանսիոն ստեղծում է Inditex կորպորացիան։
Zara-ն այսօր
Zara-ի գլխավոր մրցակիցը H&M-ն է։ Չնայած, որ H&M-ն ահռելի գումարներ է ծախսում գովազդի վրա, Ամանսիոն լրիվ այլ քաղաքականություն է որդեգրել։ Նա կարծում է, որ ավելի լավ է այդ գումարները ծախսել այլ կարևոր բաղադրիչների վրա, օրինակ՝ ցուցափեղկերի։ Zara-ի ցուցափեղկերը այնպես են նախագծված, որ դրանք շատ մոտ են այնպիսի լյուքս բրենդներին, ինչպիսին են Prada-ն և Dior-ը։
Ընկերության առանցքային կերպարը շարունակում է մնալ խանութի մենեջերը։ Հենց ինքն է կատարում գլխավոր աշխատանքը՝ իմանում է հաճախորդների սպասումների մասին։ Zara-ում մենեջերների աշխատավարձն այդ պատճառով զգալիորեն ավելի բարձր է, քան մրցակիցների մոտ։ Բացի դրանից տարվա արդյունքներով նրանք ստանում են բավական բարձր պարգևավճարներ։ Այդ ամենը նպաստում է «ակնթարթային մոդայի» համակարգի ճշգրիտ գործունեությանը այն տեսքով, ինչպես որ այն պլանավորվել էր սկզբնապես։
Zara-ի աշխատակիցները շրջում են ամբողջ աշխարհով նորույթների որոնման նպատակով, որոնք հնարավոր կլինի կրկնօրինակել և որոնք կգրավեին միջին եկամուտով մարդկանց ուշադրությունը։ Դիտարկումները վերածվում են էսքիզների, որոնցից լավագույնները ընտրվում են ժողովների ժամանակ։ Բացի դրանից ինֆորմացիան հավաքագրվում է նաև հեռուստաշոուներից և նորաձևության ամսագրերից։ Ապագա հագուստի նախատիպերը թեստավորվում են ոչ միայն մանեկենների, այլև մարդկանց վրա, ինչը թույլ է տալիս ընտրել իրականում ամենալավ տարբերակները։
Zara-ի ղեկավարությունը նախագծել է հաճախորդների հետ շփման 6 հիմական կանոններ, որոնց պետք է հետևի ընկերության յուրաքանչյուր աշխատողը։ Դրանք են․
- Միշտ ժպտալ, եթե նույնիսկ տանը գործերը լավ չեն ընթանում։ Պետք է աշխատել դեմքի հաճելի արտահայտությամբ
- Ժպտալ դրամարկղի մոտ
- Միշտ գրիչ պահել
- Հետաքրքրվածություն դրսևորել
- Համբերություն դրսևորել
- Ուշադրություն հաղորդել անձին, որը գտնվում է հանդերձարանում։
Zara-ում չեն սիրում պատասխանել լրագրողների հարցերին։ Ինչ-որ երևույթի մեկնաբանելուց հրաժարվելն աշխատակիցները բացատրում են կորպորատիվ էթիկայով։
Zara-ի հիմնադիր Ամանսիոն փակ մարդ է։ Չնայած իր հարստությանը, նա ապրում է Իսպանիայի հյուսիսում գտնվող համեստ տնակում և կրում է ոչ թանկ հագուստ։ Ամանսիոն չի շփվում ոչ միայն լրագրողների, այլև թագավորի հետ, որը մի քանի անգամ հրավիրել է նրան հյուր։ Նա սիրում է ժամանակ առ ժամանակ այցելել Inditex-ը՝ հնարավոր է իր ստեծածը տեսնելու ցանկությամբ։
Այսօր Zara-ի հագուստը կրում են ինչպես սովորական մարդիկ, այնպես էլ շոու-բիզնեսի աստղերը։ Բրենդի տարբերանշանով մուգ փաթեթները շրջում են ամբողջ աշխարհով մեկ։ Այդպես կարի մի փոքր արտադրամասից ծնվեց միջազգային ընկերություն, որն իր հիմնադրին դարձրեց աշխարհի ամենահարուստ անձանցից մեկը և բարձրակարգ մոդան հասանելի դարձրեց բոլորի համար։