Տեխնոլոգիական ու նորարարական ոլորտի շատ հեղինակավոր ներկայացուցիչներ, օրինակ՝ Բիլ Գեյթսը, Իսրայելի տեխնոլոգիական ու նորարարական ներուժը գնահատում են այնքան բարձր, որքան ամերիկյան Սիլիկոնային հովտինը: Իսկ տեխնոլոգիական տնտեսության հիմքում որակյալ ու արդյունավետ կրթությունն է։
Իսրայելի կրթական համակարգը (գծ․ 1․) ամենաերիտասարդներից է աշխարհում։ Այստեղ կրթությունը պարտադիր է մինչև 16 տարեկանների համար։ Մանկապարտեզներն ու դպրոցները Իսրայելում անվճար են, սակայն պետությունը չի հոգում դասագրքերի և այլ ծախսերի համար։
Գծ. 1. Իսրայելի կրթական համակարգը
Նախադպրոցական կրթությունը նախատեսված է 3-6 տարեկան երեխաների համար, իսկ մինչև 3 տարեկանների համար կան ցերեկային խնամքի վճարովի հաստատություններ: Իսրայելում կան մանկապարտեզներ և՛ հրեական, և՛ արաբական համայնքների համար։ Նախադպրոցական կրթության հիմնական նպատակը սոցիալական հմտությունների ու սովորելու կարողությունների զարգացումն է։
Երեխաների շաբաթական ծանրաբեռնվածությունը իսրայելական դպրոցում այնքան էլ շատ չէ․ տարրական դպրոցում այն կազմում է 30 ժամ, իսկ միջին դպրոցում՝ ավելի քիչ՝ մոտ 25 ժամ։ Բացի այդ, եթե տարրական դպրոցում ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ին ու ավարտվում հունիսի 30-ին, ապա միջին ու ավագ դպրոցներում՝ 10 օր շուտ։
Միջին դպրոցից հետո երեխաները կարող են ընտրել՝ ընդունվել ավագ դպրոց, թե որևէ մասնագիտատեխնիկական հաստատություն։ Ավագ դպրոցում կան ընդհանուր և տեխնոլոգիական հոսքեր։ Դրանց տարբերությունը ընդհանուր և տեխնոլոգիական առարկաների վրա ծախսված ժամերի քանակն է: Երկու հոսքերն էլ աշակերտին պատրաստում են հրեական ընդունելության քննությանը՝ բագրութին։
Դպրոցում ուսումնասիրվող առարկաների կազմն ու դրանց տևողությունները կախված են դպրոցի տեսակից։
Դպրոցների տեսակները
Երբ 1948 թվականին ձևավորվեց Իսրայել պետությունը, այն սկսեց բնակեցվել աշխարհի շուրջ 80 երկրներից ժամանած ներգաղթյալներով: Դա հանգեցրեց ազգային, մշակութային ու կրոնական «աջափսանդալի». այժմ Իսրայելի բնակչության մոտ 76%-ը հրեաներ են, 20%-ը՝ մուսուլման կամ քրիստոնյա արաբներ, 4%-ը՝ դրուզներ (իսլամի շիա ուղղության իսմայիլական աղանդի ուրույն ճյուղավորման հետնորդ արաբներ) և այլ ազգերի ներկայացուցիչներ: Իսրայելական դպրոցները ևս աչքի են ընկնում ազգային-կրոնական բազմազանությամբ․ կան պետական-աշխարհիկ, պետական-կրոնական, անկախ-կրոնական, արաբական, ինչպես նաև մասնավոր ու օտարերկրյա դպրոցներ: Ամենատարածվածները առաջին չորս տիպի դպրոցներն են, որոնք հովանավորվում են Կրթության նախարարության կողմից:
- Պետական-աշխարհիկ դպրոցներում ուսումնասիրում են ընդհանուր առարկաներ Կրթության նախարարության կողմից հաստատված ուսումնական ծրագրի համաձայն։ Կրթության լեզուն եբրայերենն է։
- Պետական-կրոնական («օրթոդոքս») դպրոցները հետևում են կրթության պետական ծրագրին, սակայն այստեղ առանձնակի մեծ ուշադրություն են հատկացնում հրեական կրոնին ու մշակույթին: Կրթության լեզուն եբրայերենն է։
- Անկախ-կրոնական («հարեդի» կամ «ուլտրա-օրթոդոքս») դպրոցները գրեթե ամբողջապես կենտրոնանում են Թորայի ուսումնասիրության վրա և շատ քիչ են անդրադառնում աշխարհիկ գիտելիքին:
- Արաբական դպրոցներում խորապես ուսումնասիրում են արաբական պատմությունը, կրոնը և մշակույթը։ Ուսուցման լեզուն արաբերենն է:
Դպրոցում ուսումնասիրվող հիմնական առարկաներն են իվրիտ լեզուն (եբրայերեն) և գրականությունը, անգլերենը, արաբերենը, ֆրանսերենը, մաթեմատիկան, գիտությունը, պատմությունը, աշխարհագրությունը, հասարակագիտությունը, կրոնն ու ֆիզկուլտուրան: Սակայն, օրինակ, պետական-կրոնական դպրոցներում, ի տարբերություն պետական-աշխարհիկ դպրոցների, կրոնին երկու անգամ ավելի շատ ժամանակ են հատկացնում:
Բագրութ․ հրեական ընդունելության քննությունը
Բագրութը ներառում է գրավոր ու բանավոր քննություններ մի շարք պարտադիր ու ընտրովի առարկաներից: Պարտադիր առարկաներն են իվրիտ կամ արաբերեն լեզուն, իվրիտ կամ արաբական գրականությունը, իվրիտ կամ արաբական կոմպոզիցիան, սուրբ գրությունները (հրեական աստվածաշունչ, քրիստոնեական աստվածաշունչ կամ ղուրան), անգլերենը, մաթեմատիկան, քաղաքացիական իրավունքը և հրեական պատմությունը: Ընտրովի առարկաների շարքում կան ակադեմիական ու տեխնիկական առարկաներ։ Ակադեմիական առարկաներից են աշխարհագրությունը, ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը, համակարգչային գիտությունը, արաբերենը, ֆրանսերենը և հասարակագիտությունը, իսկ տեխնիկական առարկաներից են հաշվապահությունը, ճարտարապետությունը, կառավարումը և տնտեսագիտությունը, տուրիզմը, վիզուալ արվեստը, էլեկտրական կամ մեխանիկական ճարտարագիտությունը և մանրէաբանությունը: Այստեղ յուրաքանչյուր առարկա գնահատվում է ուսումնական միավորներով (unit), որոնք էլ ռանգավորվում են ըստ բարդության աստիճանի (ամենահեշտ առարկայի ռանգը՝ 1, ամենաբարդինը՝ 5)։ Որպես օրինակ, ներկայացնենք մի քանի առարկաների ուսումնական միավորները (unit-ները)․
Աղյուսակ 1․ Բագրութի մի քանի քննական առարկաների ուսումնական միավորները (unit-ները)
Բերված օրինակում քննությունների ընդհանուր ծանրաբեռնվածությունը 15 ուսումնական միավոր է։ Որպեսզի շրջանավարտը ստանա բագրութի լիակատար հավաստագիր և կարողանա ընդունվել բուհ, հարկավոր է ունենալ 21-միավորանոց քննական ծանրաբեռնվածություն և նվազագույնը մեկ 5-միավորանոց առարկա քննական առարկաների շարքում (4 և 5-միավորանոց են ընտրովի առարկաները)։ Իսկ քննական յուրաքանչյուր առարկայից շրջանավարտը պետք է ստանա առավելագույն գնահատականի նվազագույնը 55%-ը։ Այո՛, հրեական բուհ ընդունվելն այնքան էլ հեշտ չէ։
Բուհ ընդունվելու համար բացի բագրութից պետք է հանձնել նաև Հոգեոմետրիկ մուտքի թեստ (ՀՄԹ)։ Այս թեստի նպատակը ուսանողների՝ բարձրագույն կրթության ոլորտում հաջողության հասնելու անհատական հնարավորությունների կանխատեսումն է: Ընդհանուր առմամբ այն ընդգրկում է երեք բաժիններ․ բանավոր դատողություն, քանակական դատողություն և անգլերեն։
Օրենքը թույլ չի տալիս ընդունվել բուհ առանց զինվորական պարտադիր ծառայությունն անցնելու, որը տղամարդկանց համար ունի 3, իսկ կանանց համար՝ 2 տարի տևողություն։ Այս հանգամանքով պայմանավորված՝ իսրայելցի ուսանողները միշտ ավելի բարձր տարիք ունեն այլ երկրների ուսանողների համեմատ։
Միջնակարգ մասնագիտատեխնիկական կրթությունը Իսրայելում
Ավագ դպրոցին այլընտրանք հանդիսացող միջնակարգ մասնագիտատեխնիկական կրթությունը կազմակերպվում է արդյունաբերական դպրոցներում, որոնք գտնվում են Արդյունաբերության, առևտրի ու աշխատանքի նախարարության հովանավորության տակ։ Սովորելով 2-3 տարի՝ ուսանողները ձեռք են բերում գործնական հմտություններ ու դառնում էլեկտրիկ, ավտոմեխանիկ, խոհարար, վարսահարդար-ոճաբան կամ, օրինակ, համակարգչային տեխնիկ։ Ավարտելուց հետո շրջանավարտները ստանում են Մասնագիտական հավաստագիր ու ինտեգրվում աշխատուժի մեջ։
Մասնագիտատեխնիկական հաստատություններից հետո ևս կարելի է հանձնել բագրութը և ընդունվել բուհ։ Իսկ այն շրջանավարտները, ովքեր չեն կարողանում ստանալ բագրութի լիակատար հավաստագիր, սակայն հավաքում են 7 միավոր ակադեմիական առարկաներից և 7 միավոր տեխնիկական առարկաներից, այսինքն՝ 14 ուսումնական միավոր, կարող են ստանալ հետմիջնակարգ մասնագիտատեխնիկական կրթություն (2-3 տարի) և ձեռք բերել գործնական ճարտարագետի որակավորում։
Իսրայելը PISA միջազգային թեստավորման արդյունքներում
Ըստ Համաշխարհային մրցունակության ինդեքսի՝ Իսրայելը ամենամրցունակ 20 երկրների շարքում է։ «Ստարտափերի ազգ» համարվող Իսրայելը գլխավորում է երկրների շարքը ինդեքսի «Ձեռնարկատիրական մշակույթ» և այլ բաղադրիչներով։ Ինչպե՞ս է ստացվում, որ Իսրայելը հաջողում է տեխնոլոգիական ու ձեռնարկատիրական ոլորտում այն դեպքում, երբ դպրոցները, ընդհանուր առմամբ, վատ կատարողական ունեն մաթեմատիկայից ու գիտությունից․ PISA-ում տարիներ շարունակ Իսրայելը զբաղեցրել է 30-40-րդ տեղերը.
Գծ․ 2․ Իսրայելի 15-ամյա դպրոցականների հավաքած միավորները PISA միջազգային թեստավորման արդյունքներում (2006-2018թթ․)
Այս հակասությունը կարելի է բացատրել իսրայելական կրթության երկու առանձնահատկություններով․
1. «Ավելի լավ է ունենալ մի քանի ազդեցիկ տաղանդ, քան բազմաթիվ խելացի երեխաներ»
Արաբական ու անկախ-կրոնական («հարեդի») դպրոցների շրջանավարտները պետության աշխատուժի ամենաթույլ օղակներն են, քանի որ չեն տիրապետում ժամանակակից գիտելիքների ու հմտությունների։ Սակայն չնայած այս հանգամանքին, արաբական ու «հարեդի» դպրոցներ հաճախողների թիվը աստիճանաբար աճում է։ Կանխատեսվում է, որ 2030 թվականին նրանք կկազմեն տարրական դպրոցի աշակերտների շուրջ 60%-ը: Պատճառն այն է, որ եթե կրոնական կրթությամբ շրջանավարտներին աշխատաշուկան «չի ժպտում», կրոնական կազմակերպություններն ու հովանավորները «ժպտում են» և ապահովում ապրելու համար բավարար ֆինանսավորմամբ։ Սա Իսրայելում լուրջ սոցիալական ու տնտեսական խնդիրներ է առաջացրել: Հայֆայի համալսարանի պրոֆեսոր Միրիամ Բեն-Պերեսը խոստովանում է, որ Իսրայելի կրթական համակարգում փոխելու շատ բան կա, քանի որ «ամեն տարի ավելի ու ավելի շատ իսրայելցի աշակերտներ են ավարտում՝ առանց տարրական գիտելիքներ ունենալու մաթեմատիկայից, անգլերենից և շատ այլ կարևոր առարկաներից»:
Ուրեմն ինչի՞ վրա է հենվում Իսրայելի տեխնոլոգիական ու նորարարական տնտեսությունը, եթե դպրոցական համակարգում կա նման իրավիճակ և ավելի վատթարը խոստացող միտում։ Եթե, օրինակ, Ֆինլանդիայում կամ Ճապոնիայում կրթության ոլորտում հիմնական շեշտադրումը կատարվում է հավասարության վրա, Իսրայելում քաջալերում են տաղանդավոր երեխային ու նրան դարձնում ավելի տաղանդավոր, իսկ «հետ մնացող» երեխաները անտեսվելով կորցնում են առանց այն էլ թույլ հիմքը․ այստեղ մեծ է երեխաների կատարողականների միջև տարբերությունը։
Երկիրը հենվում է տաղանդավոր փոքրամասնության վրա․ ավելի լավ է ունենալ մի քանի ազդեցիկ տաղանդ, քան բազմաթիվ միջին չափով խելացի երեխաներ և բարձր դիրքեր PISA-ում։ Օրինակ՝ տեխնոլոգիական ոլորտում, որն ապահովում է արտահանման 40%-ը, աշխատում է աշխատուժի ընդամենը 2.7%-ը։ Սակայն սա, ըստ հրեա տնտեսագետ, հետազոտող Դեն Բեն-Դեյվիդի, հանգեցնում է «ուղեղների արտահոսքի», քանի որ «եթե շարժիչի բոլոր մխոցները թողած շահագործենք միայն մի մխոցը, այն շատ արագ շարքից դուրս կգա»։ Հաշվի առնելով իսրայելական կրթության «քիչ քանակ, բարձր որակ» քաղաքականության այս բացասական դրսևորումը՝ Իսրայելի Կրթության նախարարությունը 2008 թվականին իրականացրեց «Նոր հորիզոն» ծրագիրը, որը ուղղված էր հիմնականում պետական-աշխարհիկ, պետական-կրոնական և արաբական դպրոցների բարեփոխումներին։ Կրթության ոլորտի պետական ծախսերը 2009-2019 թվականներին կրկնապատկվեցին․ այժմ դրանք կազմում են ՀՆԱ-ի մոտ 6%-ը։ «Նոր հորիզոն» ծրագրի հիմնարար դրույթներից էր ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումը՝ տաղանդավոր մասնագետների ներգրավելու նպատակով։ Այս փոփոխության արդյունքում այժմ Իսրայելի ուսուցիչների մոտ 75%-ը ունի 50-ից ցածր տարիք, մինչդեռ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ երկրների դեպքում միջին ցուցանիշը 64% է։ Իսկ աշակերտ-ուսուցիչ փոխհարաբերությունների սերտացման ու անհատականացման համար ավելացվեցին աշխատանքային ժամերը, և ուսուցումը սկսեց կազմակերպվել ավելի փոքր խմբերում։ Կատարված բարեփոխումները 2008-ին հաջորդող տարիներին դրական տեղաշարժեր առաջ բերեցին (տե՛ս գծ. 2):
2. «PISA-ի ստանդարտացված թեստերը հաջողությամբ լրացնելը մի բան է, որպես ձեռնարկատեր ու նորարար հաջողելը՝ լրիվ այլ բան»
Իսրայելական կրթությունը չի ընտելացնում երեխաներին ստանդարտացված թեստերին, որոնք առաջարկվում են PISA-ում։ Ըստ իսրայելական կրթության քաղաքականության մշակողների՝ թեստերը «կաղապարներ» են, որոնցից զերծ լինելը իսրայելցի երեխաների միտքը դարձնում է ավելի ազատ, բաց ու ստեղծագործական: Սակայն դպրոցը զրկում է այդ մտքերը իրականություն դարձնելու համար անհրաժեշտ գիտելիքներից ու հմտություններից։ Այս բացը լրացնում են բազմաթիվ ոչ ֆորմալ կրթական ծրագրերը։ Դրանցից են «Gvahim» և «Magshimim» ծրագրերը, որոնք ի սկզբանե ստեղծված էին 12-18 տարեկան պատանիներին բանակում անհրաժեշտ տեխնոլոգիական կրթություն տալու համար, սակայն հետագայում այս արտադպրոցական ծրագրերը կարևոր դարձան բարձր տեխնոլոգիական աշխատուժը համալրելու տեսանկյունից։ Այժմ դրանք իրականացվում են 10-12-րդ դասարաններում Կրթության նախարարության, Իսրայելի պաշտպանական ուժերի ու բազմաթիվ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ֆինանսավորմամբ. սովորողների ծնողները վճարում են միայն սիմվոլիկ գումար:
Այդ ծրագրերից մեկի համակարգող Ադի Շարաբանին նշում է, որ ծրագիրը երեխաներին որոշակի գիտելիքներ ու հմտություններ է տալիս, սակայն գլխավոր նպատակը օգնելն է, որ երեխան ոչ թե հասնի ինչ-որ վերջնական նպատակի, այլ ստանա վեկտոր ու ինքնուրույն զարգացման ձգտում։ Շարաբանին այս ծրագրերի գաղտնիքը համարում է այն, որ այնտեղ երեխային դնում են «փակուղու» մեջ, որում նա չունի իր հարցերի պատասխանները, և ոչ ոք դրանք չի տալիս։ Իրական աճը, իրական կրթությունը գալիս է այն պահին, երբ դու չգիտես լուծումը, բայց, այնուամենայնիվ, այն պետք է գտնես։ Այս մոտեցումը ավելին է, քան շատ գիտելիքներ փոխանցելը, քանի որ անհրաժեշտ է կյանքի բոլոր ոլորտներում։
Շարաբանին պատմում է, որ երբ նրանք նոր էին սկսել ուսուցիչներ ներգրավել, թվում էր, թե ոչինչ չի ստացվի, քանի որ չկային տեղեկատվական-տեխնոլոգիական գիտելիքների տիրապետող ուսուցիչներ։ Այնուամենայնիվ, նրանք սկսեցին և ականատես եղան այն բացառիկ երևույթին, երբ ուսուցիչը, ազնվորեն նայելով երեխայի աչքերին, ասում էր՝ «ես չգիտեմ»։ Արդյունքում՝ ուսուցիչը դարձավ ոչ թե գիտելիք փոխանցող, այլ մտագրոհի մասնակիցներից մեկը, մարդ, ով սովորում է երեխայի հետ, իսկ միակ փոխանցածը մեթոդական ցուցումներն են։
«Gvahim» և «Magshimim» կրթական ծրագրերում գնահատման մեթոդները արմատապես այլ են․ լավ կրթության ցուցիչը ոչ թե երեխայի հաջողությունն է, այլ ձախողումը։ Ուսուցիչը երեխային ասում է․ «Եթե դու հաջողությամբ լուծես այս 20 վարժությունները, ուրեմն ես վատնել եմ քո ամենաթանկ ռեսուրսը՝ ժամանակը։ Եթե դու գիտես՝ ինչպես այն լուծել, ուրեմն դու առաջընթաց չես ապրում, դու ոչինչ չես սովորում»։ Այս մոտեցումը սովորեցնում է չվախենալ սխալներից ու ռիսկի դիմել՝ ամենակարևոր բանը բիզնեսի ու ստարտափերի աշխարհում։
Այս թեմայով՝
2020-06-06 Ֆինլանդիայի դպրոցական կրթությունը
2020-05-23 Ճապոնիայի դպրոցական կրթությունը
2020-04-13 Չինաստանի դպրոցական կրթությունը