PwC աուդիտորական եւ խորհրդատվական միջազգային ընկերության ամենամյա հետազոտության համաձայն՝ աշխարհի 100 առաջատար ընկերությունների շուկայական կապիտալիզացիան 2019թ. դեկտեմբերի 31-ից մինչեւ 2020թ. մարտի 31-ը նվազել է 15%-ով ($3,9 տրլն-ով) եւ կազմել շուրջ $21,5 տրլն։
Հետազոտության հեղինակները նշում են, որ մինչ համավարակի բռնկումը՝ 2019թ. մարտի 31-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը աշխարհի Top-100 ընկերությունների կապիտալիզացիան ավելացել էր 20%-ով։
Ս.թ. մարտի 31-ի դրությամբ՝ պատմության մեջ խոշորագույն IPO-ից հետո վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է Saudi Aramco նավթային ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան կազմել է $1,6 տրլն։
Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Microsoft-ն ու Аpple-ը, որոնց կապիտալիզացիան գերազանցել է $1 տրլն-ը։
Վարկանիշում չորրորդ տեղը զբաղեցրած Amazon-ի կապիտալիզացիան կազմել էր $971 մլրդ։ Առաջատարների հնգյակը եզրափակում է Google-ի սեփականատեր Alphabet հոլդինգը՝ $799 մլրդ կապիտալիզացիայով։
Աղյուսակում բերված են առաջին 20 տեղը զբաղեցրած ընկերությունները՝ 2019 եւ 2020թթ. համեմատական ցուցանիշներով
Լուսանկարը՝ www.pwc.com
Top-100 վարկանիշում առավել մեծ անկում են գրանցել եվրոպական ընկերությունները, որոնց շուկայական կապիտալիզացիան երեք ամսվա ընթացքում նվազել է 25%-ով։ Վարկանիշում տեղ գտած բրիտանական ընկերությունները՝ նավթագազային ոլորտի հարաբերական բարձր մասնաբաժնով, կապիտալիզացիայի ցուցանիշով 28%-անոց անկում են գրանցել։
Վարկանիշում ընկերությունների քանակով եւ կապիտալիզացիայի մակարդակով նախկինի պես առաջատար դիրքում ԱՄՆ-ն է։ Բայց եւ այնպես, կապիտալիզացիայի ցուցանիշով ամերիկյան ընկերությունները 14%-անոց անկում են գրանցել։
Հետազոտության մեջ նշվում է նաեւ, որ ԱՄՆ-ի եւ վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրած Չինաստանի միջեւ ցուցանիշի մասով տարբերությունն ավելացել է այս տարի Top-100-ից չինական մեկ ընկերության դուրս մնալուց հետո։
Աղբյուրը՝ banks.am