Մինչև 1990-ականների վերջերը Intel-ը (Ինթել) քիչ ուշադրությունն էր դարձնում մարքեթինգին և իր բրենդի առաջխաղացմանը։ Բավական էր համարվում այն փաստը, որ ընկերությունը արտադրում էր լավագույն պրոցեսորները ամբողջ աշխարհում։ 90-ականներից սկսած մրցակիցներ Apple-ը, IBM-ը և AMD-ն սկսեցին իրենց ագրեսիվ գովազդային արշավներով լուրջ խանգարել պրոցեսորների խոշորագույն արտադրողին։ Դա դրդեց Intel-ին դիմել վճռորոշ քայլերի։ 1989 թվականին առաջացան 386-րդ մոդելի պրոցեսորների իրացման լուրջ խնդիրներ։ 286-րդ մոդելի օգտատերերի մեծ մասը չէր հասկանում, թե ինչու նրանք պետք է գնեն նոր, ավելի հզոր մոդելը։ Այդ ժամանակ էլ մեկնարկեց RedX (կարմիր X) նախագիծը, որը նախատեսում էր գովազդել Intel-ը ամսագրերի վերջին էջերին։ Գովազդն իրենից ներկայացնում էր սպիտակ ֆոնի վրա գրված 286 թիվը, որի վրա կարմիր գույնով խաչ էր քաշված, իսկ ներքևի աջ անկյունում գրված էր Intel: Սա նման էր մի խելագար քայլի։ Մարքեթինգային փորձագետները այն անվանեցին կորպորատիվ ինքնասպանություն։ Սակայն ռիսկը արդարեցրեց իրեն։ 386-րդ մոդելի վաճառքները կտրուկ աճեցին։ Intel-ի մարքեթոլոգները հասկացան, որ ձանձրալի գովազդները չեն աշխատում և անհրաժեշտ էր դիմել անմիջապես սպառողին։
Միկրոպրոցեսորների արտադրությունը
Նախորդ դարի 60-ականների վերջերին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հատկապես ծաղկում էր թվային միկրոսխեմաների արտադրությունը։ Հնարավոր էր դարձել նաև ստեղծել համեմատաբար փոքր չափերի հաշվարկային մեքենաներ և կառավարման ավտոմատացման համակարգեր։ Սակայն բոլոր սարքերը, որոնք կառուցված էին ինտեգրալային սխեմաների վրա, ունիվերսալ չէին։ Յուրաքանչյուր խնդրի համար ստեղծվում էր առանձին սխեմա։ Բազմաֆունկցիոնալ մեքենաներ ստեղծելու ինժեներների բոլոր փորձերը բերում էին միայն դրանց չափերի մեծացմանը և սխեմաների ավելորդ բարդացմանը։
Դեպի նոր տեխնոլոգիաներին անցման բեկումը հասունանում էր, և առաջին ընկերությունը, որը ճեղքեց նախկին խնդիրները, դարձավ Intel-ը։
Intel-ի հիմնադիրները
Intel ընկերությունը հիմնադրել են Ռոբերտ Նոյսը և Գորդոն Մուրը։ Ավելի ուշ նրանց միացավ Էնդի Գրոուվը։
Նոյսը մեծացել էր հոգևորականի ընտանիքում, սակայն դա չխանգարեց նրան ավարտել Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտը և դառնալ ինտեգրալային միկրոսխեմաների ինժեներ-նախագծող։
Գորդոն Մուրը շերիֆի որդին էր։ Նա ստացավ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի ֆիզիկայի և քիմիայի դոկտորի աստիճան։ 1965 թվականին նա առաջ բերեց հայտնի «Մուրի օրենքը» (համաձայն դրա՝ պրոցեսորների հզորությունը կրկնապատկվում է 18 ամիսը մեկ)։
Իսկ Էնդի Գրոուվը ծնվել է Հունգարիայում, հրեաների ընտանիքում։ 1956 թվականին նա տեղափոխվեց ԱՄՆ և ստացավ Կալիֆորնիայի համալսարանի քիմիական ինժեներիայի դոկտորի աստիճան։ Նրա խոսքերով բիզնեսում գոյատևում են միայն խելացնորները։ Չնայած որ, Գրոուվը սկզբնապես վարձակալվել էր որպես գլխավոր-մենեջեր, նա նույնպես համարվում է Intel-ի համահիմնադիր։
Սկիզբը
Ութ տաղանդավոր ինժեներներ և ֆիզիկոսներ, որոնց ավելի ուշ անվանեցին Ուխտադրուժ ութնյակ (The Traitorous Eight), 1957 թվականին հիմնադրեցին Fairchild Semiconductor ընկերությունը սիլիկոնե տրանզիստորների (կիսահաղորդիչների) արտադրության համար։ Ամբողջովին չպատկերացնելով, թե ինչպես են գործերն ընթանում Սիլիկոնային հովտում, Ուխտադրուժ ութնյակը ընկավ Fairchild Camera & Instrument ընկերության ազդեցության տակ, որը սկսեց օգտագործել նրանց ընկերությանը որպես կթան կով։ Աշխատավարձերը նվազեցին, և ընկերության լավագույն նախագծողները սկսեցին լքել ձեռնարկությունը։
Դա կապված էր նաև այն բանի հետ, որ ութնյակը շատ էր աշխատում, սակայն ոչ կազմակերպված ձևով։ Ռոբերտ Նոյսը և Գորդոն Մուրը Fairchild-ի առաջին աշխատողներից էին։
Ընկերության հիմնադրումը
Ռոբերտ Նոյսը և Գորդոն Մուրը 1968 թվականին լքեցին Fairchild Semiconductor-ը և հիմնադրեցին իրենց սեփական կազմակերպությունը։ Նոր ընկերության համար առանց կապեր ունենալու գործունեություն սկսելը չափազանց բարդ էր։ Սակայն, քանի որ Նոյսը և Մուրն ունեին բարձրակարգ ինժեներների հեղինակություն, նրանք ստիպված չէին երկար ժամանակ ներդրողներ փնտրել։ Նոյսին բավարար էր միայն մեկ էջանոց բիզնես-պլան գրել, որպեսզի ներդրողը նույն օրը նրանց հատկացներ 2,5 միլիոն դոլար։
Սկզբնապես ընկերությունը անվանվել էր N. M. Electronics՝ հիմնադիրների ազգանունների առաջին տառերով։ Սակայն այդ անվանումը ասոցացվում էր մի շարք հին ընկերությունների հետ։ Այնուհետև Hewlett-Packard-ի (HP) նման որոշում ընդունվեց ընկերությունն անվանել Moore-Noyce, սակայն դա էլ նմանեցվում էր «more noise»-ի հետ, որը նշանակում է ավելի շատ աղմուկ։ Որոշվեց կանգ առնել Integrated Electronics անվան վրա, բայց քանի որ այդ անվանումը երկար էր, վերջնականապես ընկերությունը ստացավ Intel անվանումը։
Շուկա դուրս գալը
Intel ստարտափը սկսեց օպերատիվ հիշողության միկրոսխեմաների նախագծումից, ինչը պահանջում էր հսկայական միջոցներ սարքավորումների ձեռքբերման համար։ Intel-ը ստիպված էր խնայել։ Նոյսի աշխատավարձը, ով պարբերաբար փնտրում էր նոր ներդրողների, կազմում էր ընդամենը 30 հազար դոլար տարեկան, ինչը երեք անգամ ցածր էր այն աշխատավարձից, որը նա ստանում էր Fairchild Semiconductor-ում։
Intel 1101
Այնուամենայնիվ, արդեն 18 ամիս անց, Intel-ը ներկայացրեց առաջին 301-րդ չիպը SRAM տեխնոլոգիայով, իսկ մի քանի ամիս անց՝ 1101-ը MOS տեխնոլոգիայի բազայի հիման վրա (այդ չիպերի տեսակները հեղափոխական էին այն տարիների համար)։ Intel-ի այդպիսի կտրուկ և անկանխատեսելի աճի տեմպը անհանգստացրեց մրցակիցներին։ MOS տեխնոլոգիայի անցումը մեծ թռիչք էր տեխնոլոգիայի ոլորտում։
Սակայն Intel-ի ոսկե պահը առաջ եկավ ավելի ուշ, երբ 1971 թ․ նրանց դիմեց ճապոնական Busicom-ը։ Ճապոնացիները խնդրեցին 12 մոդուլները միավորել մեկի մեջ։ Իր էությամբ դա ներկայացնում էր համակարգչի ստեղծումը մեկ չիպում, այսինքն՝ ներկայիս պրոցեսորի նախատիպն էր։ Այս քայլը էլ ավելի առաջ մղեց Intel-ին։
Երկար ժամանակ Intel-ը հայտնի չէր վերջնական սպառողներին։ Սովորական օգտատերը անտարբեր էր, թե ինչ բրենդի և արտադրողի պրոցեսոր էր տեղադրված իր համակարգչում։ 1990-ականների կեսերից AMD-ի կողմից իրական վտանգի ի հայտ գալուց հետո Intel-ը սկսեց միլիոնավոր դոլարներ ներդնել բրենդի առաջխաղացման մեջ։ Այժմ Intel-ի պրոցեսորներով յուրաքանչյուր համակարգչի վրա տեղադրվում է ընկերության լոգոն, իսկ հեռուստաալիքներում, ամսագրերում և տարատեսակ կայքերում տեղադրվում են Intel-ի գովազդները, որոնք հիշեցնում են օգտատերերին գնել միայն Intel-ի պրոցեսորները։
Intel-ը մեր օրերում
Կես դար Intel-ը անկասկած առաջատար դիրքեր է գրավում միկրոպրոցեսորների և մայրական սալիկների արտադրության ոլորտում։ 1968 թվականին 12 աշխատակից ունեցող ընկերությունն այժմ ունի 150 հազ. աշխատող, իսկ սկզբնական փոխառված 2,5 մլն դոլարի կապիտալը վերածվել է 247,65 մլրդ դոլար արժողությամբ ընկերության։
Intel-ի գլխավոր գրասենյակը, Սանտա Կլարա, Կալիֆոռնիա
Վաճառքներից ստացված գումարները վերջին 2 տարիներին գերազանցել են 70 մլրդ դոլարը, իսկ զուտ շահույթը՝ 20 մլրդ դոլարը։ Intel-ը թողարկում է միկրոպրոցեսորների 80 տոկոսը ամբողջ աշխարհում։ Մոտ նույն ցուցանիշներն ընկերությունն ունի նաև գրաֆիկական քարտերի արտադրության ոլորտում։
Intel-ի մարքեթինգային քաղաքականությունը և իննովացիոն պրոդուկտների անընդհատ դուրսբերումը շուկա գրեթե անհավանական են դարձրել մրցակիցների մոտենալը ընկերությանը։ Օրինակ, հայտնի AMD ընկերությունը արտադրում է միկրոպրոցեսորների ընդամենը 10 տոկոսը և անընդհատ դիմում է հակամենաշնորհային խորհուրդ՝ դատական հայցեր ներկայացնելով Intel-ի դեմ։
Բրենդի՝ երկար տարիների գոյության ընթացքում հիմնադիրներից կենդանի է մնացել միայն Գորդոն Մուրը, ով արդեն չի մասնակցում ընկերության կառավարմանը։ Այժմ ընկերությունը ղեկավարում է գործադիր տնօրեն Բոբ Սվոնը։
2020 թվականին Intel-ը շարունակում է մնալ միկրոպրոցեսորների արտադրության ոլորտի առաջատարը։ Ընկերության արագ աճը հատկապես ընդգծում է բաժնետոմսերի գնի փոփոխությունը, որը 90-ականներից հետո աճել է ավելի քան 300 հազար անգամ։