Mercedes-Benz-ը գերմանական խոշորագույն ավտոարտադրողներից է։ Այն մտնում է Daimler AG կոնցեռնի կազմի մեջ։ Այսօրվա դրությամբ կոնցեռնի կապիտալիզացիան կազմում է 45 մլրդ եվրո։ Ֆորբսի կողմից թողարկվող «The World’s Largest Public Companies» վարկանիշում կոնցեռնը զբաղեցնում է 326-րդ հորիզոնականը։ 2019 թվականին ընկերության շրջանառությունը գերազանցեց 172 մլրդ եվրոն, որը կազմել է կոնցեռնի շրջանառության մոտ 50 տոկոսը։ Վերլուծաբանների հաշվարկներով 2019 թվականին Mercedez-Benz-ը վաճառել է ավելի քան 2 մլն ավտոմոբիլ։
Ընկերության հիմնադրումը
Ընկերության պատմությունը սկսվում է երկու գյուտարարներից, ովքեր սկզբնապես իրարից անկախ էին գործում։ 1886 թվականի հունվարի 29-ին գերմանացի Կառլ Բենցը արտոնագրել է իր գյուտը՝ բենզինային քառատակտ շարժիչով մեքենան։ Այդ նույն շրջանում Գոթլիբ Դայմլերը հավաքեց ներքին այրման շարժիչով մեքենայավորված կառք։ Երկուսն էլ հիմնադրեցին իրենց ընկերությունները։ Բենցը իր ընկերությունը անվանեց Benz&Cie, իսկ Դայմլերը՝ Daimler-Motoren-Gesellschaft (DMG)։
Mercedes ավտոմոբիլներն առաջին անգամ թողարկվեցին 1901 թվականին DMG-ի կողմից։ Ավտոմոբիլները իրենց անվանումը ստացան Էմիլ Էլլինեկի դստեր պատվին։ Էլլինեկը հայտնի գործարար էր, ով հետաքրքրվում էր ավտոմոբիլային տեխնոլոգիաներով և հանդիսանում էր DMG-ի ֆրանսիական բաժանմունքի ներկայացուցիչ։
Առաջին Mercedes-ը կարող էր զարգացնել մինչև 60կմ/ժ արագություն և հանդիսանում էր այն ժամանակների ամենաարագ ավտոմեքենաներից մեկը։ Սակայն որոշ ժամանակ անց Գերմանիայի՝ Առաջին աշխարհամարտում պարտությունից հետո երկրում մեքենաների վաճառքները անկում էին ապրում։ Այդ պայմաններում երկու մրցակից ընկերությունները՝ Benz&Cie-ն և DMG-ն, համագործակցության պայմանագիր կնքեցին, իսկ 1926 թվականին պաշտոնապես միավորվեցին՝ վերանվանվելով Daimler-Benz ընկերության։ Արտադրությունը թողարկվում էր Mercedes-Benz անվան տակ։
Նոր ընկերության տարբերանշանը ստացավ երեք վերջույթ ունեցող աստղի (որը եկավ Daimler ընկերությունից) և պսակի միավորված տեսք (որն եկավ Benz ընկերությունից)։ Հետագայում պսակը փոխարինվեց շրջանակով։
Ընկերության զարգացման փուլերը
1923 թվականին ընկերության «ղեկին» հայտնվում է Ֆերդինանդ Պորշեն։ Նրա ղեկավարության ընթացքում ստեղծվել էին կոմպրեսորային տեղադրմամբ և վեցմխոցային շարժիչներով մեքենաներ, որոնք հիմք հանդիսացան ապագա S-դասի ավտոմեքենաների համար։ Պորշեն աշխատեց մոտ 3 տարի, որի ընթացքում կարողացավ ստեղծել ֆունդամենտ ընկերության հետագա կայուն զարգացման համար։
1926-1940 թթ․ բավական հաջող էին ընկերության համար։ Այդ ընթացքում Mercedes-ը կարողացավ թողարկել առաջին սերիական թեթև մարդատար ավտոմեքենան, որն ուներ դիզելային շարժիչ, ինչպես նաև նորից մասնակցել ավտոմրցաշարերում, որը միշտ էլ ընկերության հաջողության ցուցանիշներից մեկն էր։
2-րդ համաշխարհային պատերազմը բացասական ազդեցություն ունեցավ Daimler-Benz-ի զարգացման վրա։ Գործարանների մեծ մասը ավերվել էր, իսկ որակավորված մասնագետների նկատմամբ պահանջարկը գերազանցում էր առաջարկը։ Նախկին հզորությունների վերականգնման և նոր մեքենայի արտադրության համար ընկերությունը ծախսեց ավելի քան մեկ տարի։ Իսկ գործարանների լիովին վերականգնումը և մոդերնիզացիան ավարտվեցին միայն 1949 թվականին։
1950-ականների սկզբներին ընկերությունը արտադրական բազաների լայնածավալ զարգացման մասին որոշում ընդունեց։ Դրա համար նախագծվեցին ավտոմեքենաների մի քանի նոր մոդելներ, որոնք թիրախավորել էին տարբեր գնային սեգմենտներ։ Ամենատարածված մեքենան Mercedes-220-ն էր, որի վաճառքները 9 տարվա ընթացքում կազմեցին 18 500 միավոր։
Մինչ 1980-ականների սկիզբը Daimler-Benz-ը զարգանում էր կայուն տեմպերով՝ գրեթե չունենալով մրցակցություն օտարերկրյա արտադրողների կողմից։ Այդ ընթացքում ընկերությունը շուկայի տարբեր սեգմենտներ է դուրս բերել մի շարք ճանաչված մոդելներ՝ ներկայացուցչական (Mercedes-300S և Mercedes-W189 «Adenauer»), սպորտային (Mercedes-Benz W196 и Mercedes-Benz 300SL) և միջին դասի (Mercedes W180, Mercedes W128 и Mercedes 190SL) մեքենաներ։
80-ականների սկզբներին ճապոնական ավտոարտադրողները սկսեցին ճնշել գերմանացիներին միջազգային շուկաներում։ Նրանք առաջարկում էին որակյալ արտադրանք զգալիորեն ավելի ցածր գներով։ Այդ իրավիճակը ստիպեց Daimler-Benz-ին որդեգրել նոր քաղաքականություն։ Ինժեներներն ու դիզայներները ամբողջովին վերանախագծեցին Mercedes-ի մոդելային շարքը։ Թողարկվեցին նոր S-Class մեքենաներ և բացվեց շուկայի նոր՝ ամենագնացների սեգմենտը (W460, կամ Geländewagen)։ Հատկանշական է, որ շուկայում Geländewagen-ի ի հայտ գալը պատահական բնույթ է կրել։ Սկզբնապես այդ մեքենան նախագծվել էր Իրանի շահ Մոհամմադ Փահլավիի համար։ Սակայն 1977 թվականի հեղափոխության արդյունքում նա կորցրեց իշխանությունը, իսկ գերմանական ընկերությունը կորցրեց իր պատվիրատուին։ Այդ պատճառով որոշում ընդունվեց Geländewagen-ը վերածել զանգվածային արտադրության ամենագնացի։
1980-ականների սկզբները Daimler-Benz-ի համար նշանավորվեցին մեկ այլ կարևոր որոշումով․ սկսվեց ԱՄՆ-ի շուկան նվաճելու փուլը, որը միշտ էլ թշնամական էր վերաբերվում օտարերկրյա արտադրողներին։ Այդ նույն շրջանում կոնցեռնի կազմի մեջ մտան վերզինման (tuning) խոշոր ընկերություններ (Brabus և AMG), իսկ Porsche-ի հետ համատեղ թողարկվեց Mercedes 500E շարքը։
90-ականներին ընկերությունը շարունակեց նոր մոդելների նախագծման աշխատանքները և որոշեց կատարելագործել ավտոմոբիլների իր դասակարգումը։ 1998 թվականին ավտոմոբիլային արդյունաբերության պատմության մեջ տեղի ունեցավ ամենախոշոր գործարքներից մեկը։ Daimler-Benz կոնցեռնը միավորվեց ամերիկյան Chrysler Corporation-ի հետ։ Նոր կոնցեռնը ստացավ DaimlerChrysler անվանումը և դարձավ ավտոմոբիլային միջազգային շուկայի առաջատարը։
2000-ականներին ընկերության մոդելային շարքը ներառում էր 12 մեքենա, որոնք ներկայացված էին բոլոր գնային սեգմենտներում։ 2007 թվականի գարնանը ընկերությունը ընդունեց Cerberus Capital Management ներդրումային ֆոնդի կողմից Chrysler Group-ը գնելու առաջարկը։ Գործարքի գինը ավելի քան 7 մլրդ դոլար էր։ Կոնցեռնը հետ ստացավ իր հին անվանումը՝ Daimler AG։ 2008 թվականին Daimler AG-ն դարձավ ռուսական КАМАЗ ընկերության բաժնետեր։ 10 տոկոս բաժնեմասի դիմաց գերմանական ընկերությունը վճարեց 250-300 մլն դոլար։
Daimler AG-ի ամենավերջին ներդրումներից մեկը էլեկտրոմոբիլների արտադրող Tesla-ի բաժնետոմսերի մի մասի ձեռքբերումն էր։ Այսօրվա դրությամբ գերմանական կոնցեռնին պատկանում են Tesla-ի բաժնետոմսերի 10 տոկոսը։
Ընկերությունը մեր օրերին
2019 թվականի դրությամբ Mercedes-ը թողարկում է հետևյալ արտադրանքները․
- Mercedes-Benz, Mercedes-Maybach, Mercedes-AMG և Smart թեթև մարդատար մեքենաներ,
- Բեռնատարներ,
- Ավտոբուսներ։
Կոնցեռնի կազմի մեջ են մտնում նաև երկու ֆինանսական բաժանմունքներ՝ Mercedes-Benz Bank AG-ն և Mercedes-Benz Financial-ը։ Այսօր Mercedes-ի գործարաններում աշխատում է մոտ 300 հազար մարդ, իսկ գործառնական շահույթը 2019 թվականին գերազանցել է 4 մլրդ դոլարը։ Brand Finance-ի կողմից կազմբող Global 500 վարկանիշում Mercedes-ը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը՝ 65 մլրդ դոլար արժեքով։