Ամերիկյան Dell կորպորացիան համակարգիչների արտադրության ոլորտի խոշորագույն ընկերություններից է, որի արտադրանքը ճանաչված է ամբողջ աշխարհում։ Ընկերությունն իր հիմնական գործունեությունը սկսել է ավելի քան 30 տարի առաջ։ Բիզնեսի մեջ առաջին ներդրումները կազմում էին ընդամենը 1000 դոլար։ 2020 թվականին Dell-ը զբաղեցրեց 127-րդ հորիզոնականը ամենախոշոր կազմակերպությունների ցանկում, որը հրապարակվում է հեղինակավոր ֆինանսական ամսագիր Forbes-ի կողմից։ Ընկերության որդեգրած կոշտ քաղաքականությունը և համակարգչային տեխնիկայի անփոփոխ բարձր որակը թույլ տվեցին Dell-ին առաջատար դիրքեր գրավել շուկայի այդ հատվածում։
Dell ընկերության հիմնադրումը
Dell ընկերությունը հիմնադրվել է 1984 թվականին Մայքլ Սոն Դելլի կողմից, ով մեծացել էր ատամնաբույժի ընտանիքում։ Նա բավական վաղ էր սկսել իր աշխատանքային գործունեությունը` վաճառելով ամսագրերի բաժանորդագրություններ։ Աշխատանքի ընթացքում Մայքլը սկսեց հասկանալ ուղիղ վաճառքների մարքեթինգային ողջ հզորությունը, որը նա այնուհետև հաճախ կիրառեց իր ընկերությունում։
Գործունեության առաջին տարիներին ընկերությունը զբաղվում էր PC’s Limited անվանումով համակարգիչների վաճառքով։
Համալսարանում սովորելու տարիներին Մայքլ Դելլը հայտնաբերել էր շուկայում համակարգիչների անհրաժեշտության կարևորությունը։ Այդ տարիներին դեռևս զարգացող ընկերություններից մեկը IBM-ն էր, որը վաճառում էր համակարգիչներ միջնորդների միջոցով։ Համակարգիչների գինը կազմում էր 4000 դոլար, ընդ որում՝ դրանց ինքնարժեքը ընդամենը 2500 դոլար էր։ Մայքլը հասկանում էր, որ IBM-ի գործունեության մեխանիզմը բավական պարզ է։ Սակայն մարդիկ չէին կարողանում ինքնուրույն հավաքել համակարգիչներ դրա առանձին մասերից և այդ պատճառով գերավճարում էին մոտ 40 տոկոսով։ Մայքլը երկար չմտածելով՝ հանրակացարանի իր փոքրիկ սենյակը վերածեց «գործարանի»։ Նա գնում էր պահեստներում երկար ժամանակ մնացած համակարգչային մասերը ցածր գներով։ Տեղական թերթում տեղադրելով հայտարարություններ՝ նա համակարգչի հավաքման պատվերներ էր ստանում անմիջապես հաճախորդներից և վաճառում էր դրանք շուկայականից 15 տոկոս ցածր գնով։ Եվ չնայած հարազատները վստահ էին, որ Մայքլը պետք է ավարտի համալսարանը և ստանա բժշկի կրթություն, սակայն ինչպես ինքն էր ասում «ես չէի կարողանա ինձ թույլ տալ բաց թողնել այս հնարավորությունը»։
Dell-ի առաջին համակարգիչներից մեկը
Ընկերությունը առաջին տարվա ընթացքում վաճառեց ավելի քան 100 համակարգիչ։ Վաճառքների սխեման չէր փոխվում։ Մայքլը կարծում էր, որ ոչ թե շուկան պետք է թելադրեր հաճախորդի պահանջները, այլ հակառակը՝ հաճախորդը իրավունք ունի ընտրել այն, ինչն իրեն անհրաժեշտ է։
1985 թվականին Մայքլ Դելլը որոշում ընդունեց դադարեցնել IBM-ի համակարգիչներով առևտրի իրականացումը և ստեղծել սեփական բրենդը։ Դա բերեց իր հետ մի շարք փոփոխությունների սկզբնական քաղաքականության մեջ։ Dell-ը անցավ նոր մասնագիտացված տեխնիկայի գնմանը և բարձր որակավորում ունեցող մասնագետների աշխատանքի ընդունմանը։ Ծախսերը արդարեցրեցին իրենց, և ընկերությունը շարունակում էր իր կտրուկ զարգացումը և ընդլայնումը շուկայում։
Dell-ի մուտքը միջազգային շուկաներ
Արդեն 1987 թվականին Dell-ը նվաճել է եվրոպական շուկան իր էժան, բայց որակյալ համակարգիչներով։ Ընկերության անվանումը փոխվեց Dell Computer-ի։ Ընկերության զարգացումը այնքան կտրուկ էր ընթանում, որ զարմացնում էր իր մասշտաբներով։ NASDAQ ֆոնդային բորսայում շրջանառվող Dell-ի բաժնետոմսերը 1990 թվականից սկսած երկու տարվա ընթացքում աճեցին՝ 0,23 դոլարից հասնելով 40 դոլարի մեկ բաժնետոմսի դիմաց։ Բաժնետերերը կանխատեսում էին ընկերության հետագա զարգացումը և մեծ գումարներ էին ներդնում Dell-ի բաժնետոմսերում։ Սակայն յուրաքանչյուր թռիչքին հետևում է կտրուկ անկում, ինչը և տեղի ունեցավ Dell Computer-ի հետ 1993 թվականին։ Լամպերի տաքացման հետ խնդիրները պահանջում էին ամբողջ արտադրության՝ վաճառքներից դուրսբերումը և նոր տեխնոլոգիական լուծումների որոնումներ խնդիրների վերացման համար։ Սակայն իրավիճակային խնդիրները իրենց հետ առաջ բերեցին անցանկալի հետևանքներ և շուկայի զգալի մասի կորստի՝ հոգուտ Gateway մրցակից ընկերության։ Dell ընկերությունը դաս քաղեց ստեղծված իրավիճակից, իսկ այնուհետև սկիզբ դրեց մրցակիցների նկատմամբ իր դիրքերը ամրացնելու նոր փուլին։
Անկումից հետո Dell ընկերությունը նորից սկսեց զբաղեցնել իր դիրքերը և արդեն 1994 թվականին դուրս եկավ ասիական-խաղաղօվկիանոսյան շուկա։ Այդ ժամանակաշրջանի ընկերության վաճառքների մակարդակը և ստացված եկամուտները զգալիորեն գերազանցում էին ճյուղի միջին ցուցանիշները։
2003 թվականին ընկերությունը ստացավ նոր անվանում՝ Dell Inc։ Այդ փոփոխությունը սերտորեն կապված էր ընկերության կողմից մատուցվող ծառայությունների և արտադրվող ապրանքների ընդլայնմամբ։ Այժմ ընկերությունը հանդես է գալիս որպես համակարգիչների, MP3 նվագարկիչների, նոութբուքների, պլանշետների, տեղեկատվության պահպանման սարքերի, հեռուստացույցների, համակարգչային մասերի և աքսեսուարների արտադրող, մատակարարար և սպասարկող կենտրոն։
Ընկերության ռազմավարությունը
Չնայած շուկայում ընկերության տևական առկայությանը՝ Մայքլ Դելլը հետ չկանգնեց իր սկզբունքներից։ Ընկերության քաղաքականությունը մինչ այժմ հիմնվում է յուրաքանչյուր հաճախորդի կարիքների բավարարման վրա։ Դա էլ հանդիսանում է ընկերության հիմնական առաձնահատկությունը։ Համակարգիչները թողարկվում են միայն հաճախորդների պահանջներին համապատասխան հզորություններով մասերից ։
Dell-ի մյուս առանձնահատկությունը պահեստների համար նախատեսված հատուկ տարածքների բացակայությունն է։ Մայքլ Դելլը սկզբնապես էլ կարծում էր, որ պահեստներում երկար ժամանակ IBM-ի կողմից տեխնիկայի պահպանումը դրամական միջոցների անշահավետ ներդրում էր։
Dell-ի գլխավոր գրասենյակը Տեխասում, ԱՄՆ
Համակարգչային տեխնիկայի քանակական և որակական կտրուկ աճից հետո 2000-ականններին Մայքլ Դելլը ճիշտ որոշում ընդունեց՝ ներդրում անելով սեփական ընկերությունում։ Perot Systems և EMC-ի՝ ՏՏ արդյունաբերության խոշոր ընկերությունների հետ միաձուլումը թույլ տվեց Dell-ին ընդլայնել իր գործունեության շրջանակները և շեշտը դնել նոր տեխնոլոգիաների նախագծման վրա։
Ընկերության գործունեությունը մեր օրերում
Արդեն 2004 թվականին ընկերության հիմնադիր Մայքլ Դելլը լքեց գործադիր տնօրենի պաշտոնը, սակայն մնաց տնօրենների խորհրդի նախագահ։ Այսօրվա դրությամբ նա հանդիսանում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը։
2013 թվականին Մայքլ Դելլը որոշում կայացրեց հետ գնել առևտրային հարթակներում շրջանառվող իր ընկերության բոլոր բաժնետոմսերը։ Դա նրան թույլ է տալիս վերահսկել դրամական միջոցների երկարաժամկետ ներդրումները։ Ընկերությունն այժմ ունի ավելի քան 150 հազար աշխատակից, իսկ 2019 թվականի ֆինանսական հաշվետվության արդյունքներով Dell-ի շրջանառությունը գերզանցել է 90 մլրդ դոլարը։ Դա խոսում է ընկերության կայուն աճի և հետագա զարգացման մասին։
Հրապարակվող հաշվետվությունների համաձայն՝ կարելի է ասել, որ Dell ընկերության ճանապարհը դեռևս առջևում է։ Մոտ 40 տարվա կայուն աշխատանքը և կուտակած փորձը, մատակարարվող ապրանքերի բարձր որակը խոսում են ընկերության արդյունավետ ռազմավարության և առավելությունների կիրառման ճշգրտության մասին։
Մայքլ Դելլը ոչ միայն ընկերության հիմնադիրն է, այլև առաջին հերթին առաջնորդ, որը հավատում էր իր գաղափարախոսությանը։ Շուկայի ոչ թե քանակական, այլ որակական նվաճման վրա հիմնված Դելլի որոշումը համարվում է մարքեթինգային գերազանց քայլ, որն իր կայացվածությունը ապացուցել է խոչընդոտների հաղթահարման տասնամյակների պատմության ընթացքում։