Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Նախարարի ներկայացմամբ, հարկային ոլորտը կարգավորող օրենսգրքում կատարվող փոփոխությունները բխում են ՀՀ կառավարության ծրագրով, Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությամբ (https://bit.ly/2ZJ0WPY), Հարկային բարեփոխումների հայեցակարգով ամրագրված դրույթներից։
«Առաջարկվող փոփոխություններով հնարավորություն է ստեղծվում հարկել տեսանելի հարստությունը համարժեքորեն»,- ասել է նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Նախարարը մատնանշել է ուսումնասիրության արդյունքները, որոնց համաձայն Հայաստանում անշարժ գույքի հարկ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 0.2 տոկոս, իսկ անշարժ գույքի հարկ/ընդհանուր հարկային եկամուտներ հարաբերակցությունը Հայաստանում դարձրյալ ցածր է՝ 0.74 տոկոս։ Համեմատության համար նշենք, որ անշարժ գույքի հարկ/ՀՆԱ հարաբերակցությունը հարևան Վրաստանում կազմում է 1.1 տոկոս, Ռուսաստանում՝ 1.2 տոկոս, ԱՄՆ-ում՝ 2.7 տոկոս։ Իսկ անշարժ գույքի հարկ/ընդհանուր հարկային եկամուտներ հարաբերակցությունը Վրաստանում 4.2 տոկոս է, Ռուսաստանում 5.96 տոկոս։
Հայաստանում այս ցուցանիշի պատճառը, ըստ նախարարի, այն է, որ հարկման բազայի համար հիմք է ընդունվում անշարժ գույքի կադաստրային արժեքը, ինչը էականորեն տարբերվում է շուկայական արժեքից։
Անշարժ գույքի հարկը գանձվելու է համայնքների կողմից և ուղվելու է համայնքային բյուջե։
«Առաջարկվող փոփոխության արդյունքում ակնկալվում է, որ գույքային հարկերի հարկման պոտենցիալը մոտ 4.3 անգամ կաճի, ինչը նշանակում է, որ համայնքներին հնարավորություն կընձեռվի մեծացնել համայնքային բյուջեների եկամուտը», -նշել է նախարարը։
Այս փոփոխությամբ, ըստ նախարարի, 2020 թվականի հունվարի 1-ից եկամտային հարկի համահարթ հարկման համատեքստում, հնարավոր կլինի ապահովել պետության՝ վերաբաշխման գործառույթի արդյունավետ իրականացումը՝ այդպիսով ապահովելով տարբեր եկամտային խմբերում գտնվող անձանց հարկման արդար ու տրամաբանական համակարգ:
Գործող օրենսդրությամբ մինչև 3 մլն արժեք ունեցող անշարժ գույքի դիմաց հարկ չի գանձվում, սակայն նոր մոտեցումներով, առաջարկվում է ցանկացած արժեք ունեցող գույքի դիմաց հարկել գույքահարկ։ Նախարարը բացատրել է՝ ինչու. «Պետք է փորձել հասնել նրան, որ հարկ վճարողը լինի ոչ միայն շահառու այլ նաև պահանջատեր։ Այսինքն՝ թեկուզ փոքր չափով, բայց վճարում կատարելով համայնքային բյուջե, նաև լինի պահանջատեր համայնքային ծառայությունների տեսանկյունից»։
Կառավարությունում համաձայնության են եկել, որ այս փոփոխությունները ներդրվեն ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար՝ 3 տարիների ընթացքում։ Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ 2021 թվականին վճարման ենթակա կլինի անշարժ գույքի նոր արժեքի և նոր դրույքաչափերի հիման վրա հաշվարկված հարկի 25 տոկոսը, 2022 թվականին՝ 50 տոկոսը, 2023 թվականին՝ 75 տոկոսը, և նոր համակարգը ամբողջությամբ կներդրվի 2024 թվականից: