Ինա Աջազի, Համաշխարհային բանկ
Ինձ հաճախ են հարցնում, թե ինչպիսին էր որպես օտարերկրացի Հայաստանում ապրելու զգացողությունը և այստեղ ապրելիս ինչն ինձ ամենից շատ դուր եկավ: Պատասխաններս սովորաբար բովանդակում են հետաքրքիր դեպքեր այն մասին, թե ինչպես որպես անգլերեն լեզվի կամավոր ուսուցիչ այստեղ անցկացրածս երկու տարիների ընթացքում երկիրն ու նրա մարդիկ ստիպեցին ինձ զգալ սպասված և «ինչպես տանը»:
2014 թ.՝ Հայաստանում գտնվելուս առաջին տարում, ապրում էի հյուսիսային Լոռու մարզի՝ հիասքանչ հովտին նայող ժայռի եզրին գտնվող մի փոքրիկ գյուղի հյուրընկալ ընտանիքում: Հիշում եմ՝ դեպի Լոռի տանող հիմնական ճանապարհին կար գրաֆիտիով ծածկված մի ճանապարհային նշան, որին գրված էր՝ «դեպի լավը», որն անգլերեն թարգմանվում է toward better: Իրոք, այս բառերն արտահայտում էին այն լավատեսությունը, որ հաճախ զգացել եմ այնտեղ եղած ժամանակ:
Ավելի ուշ տեղափոխվեցի հարավային Սյունիքի մարզ՝ ավելի մեծ և մշակութային առումով պատմական Գորիս քաղաք: Շատ հեռու էի և ինձ մեկուսացած էի զգում աղմկոտ մայրաքաղաք Երևանից՝ փողոցների սրճարաններով, խանութներով և նորակառույց բարձրահարկ շենքերով լի տնտեսական կենտրոնից: Ինձ համար քաղաքը, գյուղական Հայաստանի բարեկամական և հարմարավետ վիճակի համեմատ, գրեթե օտար էր թվում. այստեղ ասես բուն երկրի հոգում ապրելու զգացողություն ունեի:
Ամեն օր շփվում էի հայ աշակերտների և ուսուցիչների հետ՝ ժամանակիս մեծ մասն անցկացնելով տեղի միջնակարգ դպրոցներում: Շատ տպավորված էի այդ աշակերտներից. նրանք անվերջ հաջողության հասնելու հավակնություն և եռանդ էին դրսևորում, ինչպես և ուսուցիչներից շատերը, որոնք դարձան մտերիմ ընկերներս:
Սակայն թվում էր, թե աշակերտների մոտ նկատածս հավակնոտությունը լրիվ սեփական նախաձեռնությամբ էր թելադրված և կրթական հաստատությունների կողմից բացեիբաց չէր խրախուսվում: Շուտով ինձ համար ակնհայտ դարձան համակարգային մարտահրավերները: Օրինակ՝ տեսա, որ աշակերտները տեղում գնահատվում էին անգիր արած տեքստը կրկնելու ունակության համար՝ չպահանջելով անհատական ըմբռնման գնահատում: Իրականում դասասենյակում գերիշխում էր դասագիրքը՝ ուղղորդելով ուսուցումը և սահմանափակելով ուսուցչի նորարարությունը: Եվ աշակերտներիս մեծ մասը դասերից հետո հաճախում էր վճարովի դասերի ուսումը լրացնելու համար:
Տպավորություն ստեղծվեց, որ կրթական համակարգն աշակերտներին լիարժեք չի պատրաստում թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգայնորեն մրցունակ շրջանավարտ լինելու համար: Այն նաև ուսուցիչների զարգացմանը լիարժեք չէր նպաստում:
Այսօր բախտ է վիճակվել կրկին վերադառնալ Հայաստան՝ այժմ աշխատելու Համաշխարհային բանկի կողմից կառավարվող ուսման բարելավմանը և ուսուցիչների վերապատրաստմանն ուղղված ծրագրում: 2019 թ. սկզբին մեկնարկած «ԵՄ-ն նորարարության համար. բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» (EU4INNOVATION – Science, Technology, Engineering, and Mathematics (STEM)) փորձնական ծրագրով հատուկ Հայաստանի կարիքներին համապատասխանող կրթության վերափոխված գործիքակազմ մշակելու փորձ է արվում: STEM-ի շեշտադրումը հատուկ է մտածված, քանի որ տնտեսության զարգացման և արտադրողականության խթանումը հենվում է ոլորտները հատուկ հմտություններով ապահովելու ունակության վրա, ինչը պահանջում են աճող բարձր տեխնոլոգիական ոլորտները:
Այս տարվա մայիսին ծրագրի շրջանակներում Հայաստանում հրավիրվեց ուսումնական ծրագրին նվիրված եռօրյա աշխատաժողով, որը կրթությամբ զբաղվող տեղացի մասնագետներին միջազգային փորձագետների հետ համագործակցելու հիանալի հնարավորություն տվեց: Ինտերակտիվ բաժինները բազմազան էին և խթանեցին քննարկումները պետական չափորոշիչների, աշակերտների ուսուցման վերջնարդյունքների, առարկայական ոլորտների, ժամերի բաշխման, կրթական նյութերի վերանայման ու մշակման, նոր ուսումնական ծրագրի գնահատումների և այն հարցի շուրջ, թե ինչպես կարելի է բոլոր հայ աշակերտների համար ապահովել ներառական ուսումնական ծրագիր:
Միջազգային փորձագետների զեկուցումներին հաջորդեցին մեկնաբանություններ և հարցեր, հատկապես՝ կապված Հայաստանի համատեքստում բարեփոխման իրականացման և հնարավորությունների հետ: Փորձագետները շեշտեցին, որ ուսումնական ծրագրի բարեփոխումը հրահանգչական չէ. չկա միասնական ուղի, որով երկիրը պետք է շարժվի բարեփոխումը դիտարկելիս:
Որպեսզի բարեփոխումը դառնա կայուն իրականություն, դրա տերը պետք է լինեն պետության շահագրգիռ կողմերը և փոփոխությունը պետք է բխի նրանցից, թեև ընթացքում դեր կունենա նաև միջազգային ուղղորդումը: Ավելին, բարեփոխման առանցքում պետք է լինի շրջանավարտների՝ Հայաստանի հասարակության կողմից արժևորվող առավել կարևոր կարողությունների և հմտությունների ապահովումը:
Քննարկումերի ընթացքում մասնակիցների մեջ նկատեցի նպատակի ուժեղ ընկալում: Մասնակցելով աշխատաժողովին՝ Հայաստանի կրթության և գիտության փոխնախարարը մի կարծիք հայտնեց, որի արձագանքը դեռևս շարունակվում է իմ մտքում. «Մենք տալիս ենք շատ բարդ գործընթացի մեկնարկը, որը հիմնարար փոփոխություն կառաջացնի: Մենք միասին կաշխատենք մեր մտքերը հաղորդելու և մեր տեսլականը մշակելու համար»:
Կարծում եմ՝ կրթությունը մարդկանց, ինչպես նաև ամբողջ համայնքների կյանքը վերափոխելու զորություն ունի, և կրթական բարեփոխման օգուտները պետք է պատկանեն բոլորին, լինեն խոշոր քաղաքներում, թե գյուղերում: Բարեփոխման ազդակը, որի ականատեսն եմ այստեղ թավշյա հեղափոխությունից հետո, արտացոլում է հայ ժողովրդի հավակնությունները «դեպի լավը»: Սա ճանապարհ է, որին մասնակցելու հույս ունեմ:
Նյութի աղբյուրը՝ Համաշխարհային բանկի պաշտոնական կայք