Forbes ամսագիրը հաճախ ասոցացվում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակների հետ, ովքեր պարբերաբար հայտնվում են ամսագրի առաջին էջերին։ Forbes-ը հիմնադրվել էր 1917 թվականին, իսկ մեկ տարի անց հրապարկվեց նմանատիպ առաջին ցուցակը։ Այն պարունակում էր ԱՄՆ ամենահարուստ մարդկանց անունները և նրանց կարողությունը։ Առաջին հորիզոնականում էր հայտնվել Ջոն Ռոքֆելլերը 1,2 մլրդ դոլար հսկայական կարողությամբ։ Այդ ցուցակները դարձան ամսագրի ամենատպավորիչ նորույթը, որն ավելի քան 100 տարի ցույց է տալիս, թե ինչպիսին պետք է լինի որակյալ ֆինանսական լրագրությունը։
Շոտլանդացի Բերթի Ֆորբսը
Forbes-ի հիմնադիրը շոտլանդացի Բերթի Չարլզ Ֆորբսն է։ Նա ծնվել է 1880 թվականին դերձակի ընտանիքում՝ Շոտլանդիայում, և եղել է ընտանիքի 6-րդ երեխան 10-ից։ Քանի որ ընտանիքը աղքատ էր, Բերթին սկսեց աշխատել արդեն 14 տարեկանում։ Նա ընդունվեց մեքենագրավարի պաշտոնում 75 ցենտ շաբաթական դրույքի դիմաց։ Սակայն այդ պաշտոնի ստացումը պատահական բնույթ էր կրում։ Բերթին ենթադրում էր, որ նրա աշխատանքը կայանալու էր տեքստերի հորինման մեջ, և այդ պատճառով էլ արագ համաձայնվեց աշխատանքն ընդունելու առաջարկին։ 7 տարի անց նա հասավ իր ուզածին՝ ստանալով սղագրի դիպլոմ և աշխատանք լրագրողի պաշտոնում տեղական հեղինակավոր ամսագրում։
ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց ցուցակը, 1918թ․
Սակայն նա չկարողացավ ստեղծել հաջողակ կարիերա Շոտլանդիայում։ Ընկերուհուց բաժանվելուց հետո Ֆորբսն ընկավ դեպրեսիայի մեջ։ Իրավիճակից դուրս գալու և «սրտի վերքերից» բուժվելու համար նա տեղափոխվեց ՀԱՀ (Հարավաֆրիկյան Հանրապետություն), իսկ որոշ ժամանակ անց այդտեղից տեղափոխվեց ԱՄՆ։ «Նոր աշխարհ» ժամանելուց հետո Ֆորբսը սկսեց հոդվածներ գրել ԱՄՆ-ի ֆինանսական ամսագրերի համար։ Կարիերայի մեջ իրական պոռթկում էր այն, երբ միլիոնատեր Ուիլյամ Հերսթն առաջարկեց Բերթիին աշխատել New York American-ում։ Շուտով սեփական տաղանդի և աշխատասիրության շնորհիվ Բերթի Ֆորբսը դարձավ ԱՄՆ-ի ամենահայտնի ֆինանսական լրագրողը։
Նա վստահորեն քննադատում էր ամենաազդեցիկ մարդկանց և դժգոհում էր, երբ իր խիստ դիտարկումները ջնջվում էին խմբագիրների կողմից։ Հնարավոր է՝ հենց այդ է եղել պատճառներից մեկը, որ Ֆորբսը որոշեց թողարկել իր սեփական ամսագիրը։ 27 տարեկանում նա հիմնադրեց արդեն բոլորին հայտնի ամսագիրը, որը տրամաբանական շարունակությունն էր իր փայլուն կարիերայի համար։ Սկզբնապես նա որոշել էր ամսագիրն անվանել Doers and Doings, սակայն ընկերների հետ խորհրդակցելուց հետո որպես ամսագրի անվանում ընտրեց իր ազգանունը։
Forbes-ը 1917-1954 թթ․
Իր գոյության առաջին իսկ տարիներին Forbes-ը դարձավ ԱՄՆ ամենահայտնի գործարար ամսագրերից մեկը։ Սակայն որոշ մրցակիցներին Forbes-ը դեռևս զիջում էր լսարանի մեծությամբ։ Դրանց թվում էին Fortune-ը և Business Week-ը։ 1928 թվականին նույն Ուիլյամ Հերսթը ցանկանում էր ձեռք բերել ամսագիրը 10 մլն դոլարով, սակայն նրա առաջարկը մերժվեց։ Բերթին իր որոշումը բացատրեց նրանով, որ նա փորձում էր պահպանել ԱՄՆ վերջին անկախ ամսագիրը։ Բիզնեսի տեսանկյունից այդ որոշումը կարելի էր գնահատել որպես վրիպում, քանի որ 1928 թվականին սկսվել էր Մեծ դեպրեսիան, տեղի ունեցան բորսայական փլուզումներ, իսկ ամսագիրը հայտնվեց շատ բարդ ֆինանսական վիճակում։
Մյուս կողմից, եթե Բերթին համաձայնվեր, Forbes-ը կարող էր չգոյատևել մինչ մեր օրերը, քանի որ մեդիա-կայսրությունները բավական անխղճորեն էին կառավարում իրենց ակտիվները։ Նրանք հաճախակի միավորում էին դրանք, փոխում անվանումները, սնանկացնում, հիմնադրում նորերը և այլն։
Մեծ դեպրեսիայի տարիներին ամսագիրը կրում էր վնասներ,և Բերթին ծածկում էր դրանք սեփական միջոցներով, որոնք նա ստանում էր այլ ԶԼՄ-ներից։ Եվ միայն 30-ականների կեսերին, երբ ճգնաժամն ավարտվեց, Forbes-ի գործերը սկսեցին լավանալ։ Ամսագրի զարգացմանը հատկապես նպաստեց Երկրորդ աշխարհամարտից հետո ԱՄՆ-ում տեղի ունեցած «տնտեսական թռիչքը»։ Սակայն այդ ամենով հանդերձ Բերթի Ֆորբսի ամբողջ կյանքի ընթացքում (մինչև 1954 թվականը) ամսագրի տպաքանակը երբեք չի գերազանցել 100 հազարը, և այդ տարիների համար դրանք բավական համեստ արդյունքներ էին։
Forbes՝ հաջողակ ընտանեկան բիզնես
1954 թվականին Բերթի Ֆորբսին փոխարինեց իր որդի Մալքոլմը։ Մինչ այդ նա փորձում էր քաղաքական կարիերա անել և երկու անգամ անարդյունավետ իր թեկնածությունն էր առաջադրել նահանգապետ ընտրվելու համար։ Հիասթափվելով քաղաքական գործունեությունից՝ Մալքոլմը լրջորեն սկսեց զբաղվել ամսագրով։ Նա գնեց իր բարեկամների բոլոր բաժնետոմսերը, դառնալով ընկերության միակ սեփականատերը, և շուտով կարողացավ դուրս բերել ամսագիրը միջազգային շուկա։ 1960-ական թվականներին Forbes-ը դառնում է իր ոլորտի ամենաազդեցիկ ամսագիրը։ Դա որոշակիորեն պայմանավորված էր Forbes-ում նոր գործադիր տնօրենի՝ Ջիմ Մայքլի ի հայտ գալով, ով այդ պաշտոնում մնաց ավելի քան 30 տարի։ Մասնագետների կարծիքով, գործարար լրագրությունը այն տեսքով, որին բոլորն այժմ ծանոթ են, ձևավորվել է Forbes-ի՝ 60-70-ական թվականներին իրականացրած նորարարական խմբագրական քաղաքականության շնորհիվ։
1981 թվականին, երբ ԱՄՆ նախագահ ընտրվեց Ռեյգանը, Երկրում սկսվեց նոր տնտեսական վերելք։ ԱՄՆ-ի հասարակական կյանքում կարևոր դեր խաղաց նաև Forbes-ը։ Նա իր էջերում տարածում էր կապիտալիզմի քաղաքականությունը, որը պետք է ապահովեր ԱՄՆ-ի ծաղկումը։
Մալքոլմ Ֆորբսը բավականին յուրահատուկ կերպար էր, ով սիրում էր շքեղ կյանքը և զվարճանքները։ Բայց այդ ամենով հանդերձ պետք է խոստովանել նրա կողմից ճիշտ աշխատակիցներ ընտրելու հմտությունները, որի շնորհիվ Forbes-ը զբաղեցրեց առաջատար դիրքեր լրագրության ոլորտում։
1990 թվականին Մալքոլմի մահից հետո գլխավոր տնօրենի պաշտոնը փոխանցվեց իր որդի Սթիվին։ Ստանալով 1,4 մլրդ դոլարի ժառանգություն՝ 51 տոկոսի բաժնետոմսեր և Forbes Inc.-ի, կապիտալի 35 տոկոսը, նա շարունակեց զարգացնել ընտանեկան բիզնեսը։
Forbes-ի ևս մեկ հաջողությունը կայանում էր 90-ական թվականներին ինտերնետ-լրագրության ձևավորմանը մեծ ուշադրություն դարձնելը։ Forbes-ը մեծ թվով վերլուծական որակյալ հոդվածներ էր տեղադրել համացանցում դեռևս ճյուղի ձևավորման ամենաառաջին տարիներին։
Հետաքրքիր է, որ Սթիվը, ինչպես և իր հայրը, ուներ որոշակի ամբիցիաներ քաղաքականությունում։ Մասնավորապես, 2000 թվականի նախագահական ընտրություններում իր մասնակցությունը ֆինանսավորելու համար նա վաճառեց իրեն պատկանող բաժնետոմսերի մի մասը։ Սակայն նրան չհաջողվեց հասնել որևէ հաջողության այդ գործում։
Forbes-ն այսօր
Forbes Inc․-ի շտաբ-բնակարանն այսօր գտնվում է Նյու Յորքի կենտրոնում, որը ևս մեկ անգամ անուղղակիորեն ընդգծում է ամսագրի հաջողությունը։ Forbes-ի անգլալեզու միջազգային ամսագիրն այժմ ունի ավելի քան 5 միլիոնի լսարան ամբողջ աշխարհում։ Անգլալեզու տարբերակի տպաքանակը կազմում է 900 հազար նմուշ։ Բացի ԱՄՆ-ից ամսագիրը թողարկվում է նաև Ճապոնիայում, Կորեայում, Ռուսաստանում, Ղազախստանում, Չինաստանում, Բրազիլիայում, Վրաստանում և ԵՄ մի շարք երկրներում։ Forbes-ին են պատկանում նաև մի շարք այլ ամսագրեր, որոնցից են Wall Paper-ը և Newsweek-ը։
Բնականաբար, ինչպես և այլ ԶԼՄ-ների, այնպես էլ Forbes-ի վրա մեծ ազդեցություն է թողնում ներկայիս տեղեկատվական դարաշրջանը, երբ համացանցի տարածումը ստացել է գլոբալ բնույթ։ Բազում տասնամյակների պատմություններ ունեցող ամսագրեր ստիպված են աստիճանաբար հրաժարվել իրենց թղթային տարբերակներից։ Հնարավոր է՝ որոշ ժամանակ անց նույնը պետք է անի նաև Forbes-ը։ Սակայն կրիչը երկրորդային գործ է։ Կարևորն այն է, որ Forbes-ը մատակարարում է բացառիկ տեղեկատվություն, հրապարակում է որակյալ վարկանիշներ, օբյեկտիվ և ճշգրիտ վերլուծություններ, համարձակ հետազոտություններ բիզնես ոլորտում։
Դրանք հրատարակության քաղաքականության առանցքային հիմնաքարերն են, որոնք ձևավորվել են դեռևս հիմնադիր Բերթի Ֆորբսի օրոք։ Նա հորինել էր նաև ամսագրի կարգախոսը՝ «Գործիք կապիտալիստի համար» (The Capitalist Tool)։ Այդ կարգախոսը, որը տեղադրվում է ամսագրերի առաջին էջերին, ընդհանրապես չի կորցրել իր արդիականությունը։ Ամսագիրը, իրոք, համարվում է գերազանց գործիք, տեղեկատվության ապահով աղբյուր և որոշակի իմաստով նաև ուղեցույց շատ բիզնեսմենների համար։