Համավարակի կանխարգելման համար շատ երկրներ սկսեցին կիրառել աննախադեպ սահմանափակումներ թե՛ հասարակական ակտիվության, թե՛ տնտեսական գործունեության նկատմամբ։ Դրանք երբեմն բնութագրվում են որպես միջոցառումներ, որոնք կանգնեցրել են տնտեսությունը։ Այդ պատճառով ներկայումս տնտեսական հիմնական «խաղացողները», կառավարություններն են, այդ թվում՝ նույնիսկ զարգացած շուկայական տնտեսություն ունեցող երկրներում, որտեղ տնտեսական գործունեությանը կառավարության միջամտությունը համեմատաբար նվազագույնի է հասցված։ Այստեղ տեղին է հիշել ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի նշած այն ինը բառերը, որոնք մենք չենք ուզում լսել․ «ես կառավարությունից եմ, և ես այստեղ եմ օգնելու համար»:
Ամբողջ աշխարհում երկրների կառավարությունները, ինչպես նաև կենտրոնական բանկերը տարբեր միջոցառումներով պայքարում եմ համավարակի առաջացրած տնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելու և տնտեսական ակտիվությունն արագ վերականգնելու համար։ Ընդհանուր առմամբ, իրականացվում են երեք հիմնական միջոցառումներ.
- աննախադեպ բյուջետային ծրագրեր՝ ուղղված տնտեսության իրական հատվածի համար վարկեր և դրամաշնորհներ տրամադրելուն,
- պետական ծախսերի խոշոր ծրագրեր՝ հիմնականում ընթացիկ ծախսերի և օգնության միջոցառումների տեսքով,
- իրացվելիության զանգվածային ներարկումներ և տոկոսադրույքների նվազեցումներ՝ շուկաներին և վարկավորմանը աջակցելու համար:
Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ համաշխարհային ֆինանսական աջակցությունն արդեն կազմում է մոտ 9 տրիլիոն ԱՄՆ դոլար: Բյուջետային ուղղակի աջակցությունը ներկայումս գնահատվում է 4,4 տրիլիոն ԱՄՆ դոլար, իսկ պետական հատվածի լրացուցիչ վարկերն ու սեփական կապիտալում ներարկումները, երաշխիքները և այլ հարկաբյուջետային գործառնությունները՝ 4,6 տրիլիոն դոլար:
Այնուամենայնիվ, համավարակի պատճառած տնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելու միջոցառումները կարող են ապագայում առաջացնել ավելի խորը խնդիրներ, քան այն խնդիրներն են, որոնց լուծմանն ուղղված են այդ միջոցառումները:
Երբ կառավարությունները փորձում են մեծացել պետական պարտքը և խթանել պահանջարկը առաջարկի ցնցումների (անսպասելի իրադարձություն, որը փոխում է ապրանքների առաջարկը՝ հանգեցնելով գնի հանկարծակի փոփոխության) պայմաններում, ապա պարտքի հագեցվածության պատճառով առաջացած զանգվածային գնանկումային (դեֆլյացիոն) պարույր ստեղծելու ռիսկ է առաջանում, որին հաջորդում է ստագֆլյացիան (այն իրավիճակը, երբ գործազրկության բարձր մակարդակի պայմաններում տնտեսական անկումն ուղեկցվում է գնաճով), երբ մատակարարման շղթաները սկսում են ոչ բավարար ճկուն դառնալ:
Գծապատկեր 1․ Գնանկումային (դեֆլյացիոն) պարույր
Այս ճգնաժամը նախ առողջապահական է, որն ուղեկցվում է առաջարկի ցնցումներով՝ գումարած տնտեսության պարտադրված դադարեցումը: Որպես այդպիսին, պահանջարկի մեծացմանն ուղղված քաղաքականությունները շատ քիչ ազդեցություն են ունենում, քանի որ ինչպիսի պահանջարկ էլ արհեստականորեն ստեղծվի, դրան չի հաջորդելու առաջարկը, քանի դեռ տնտեսությունը մնում է փակ: Հաշվի առնելով, որ տնտեսության «բացումը» կլինի աստիճանական և փոփոխությունների ենթակա, ուստի այս խթանող փաթեթներով շատ քիչ դրական ազդեցության հասնելու ռիսկը մեծանում է:
Այսպիսի լուրջ սահմանափակումների պայմաններում կառավարությունները թույլ են տալիս երկու կարևոր սխալ՝ կարծելով, որ ճգնաժամի ազդեցությունը միանման է տնտեսության բոլոր ոլորտներում և ենթադրելով, որ համազգային դադարն արագորեն կվերականգնվի: Կան ոլորտներ, որոնց վերականգնման համար տարիներ կպահանջվեն՝ ճանապարհորդություն և ժամանց, ավտոարդյունաբերություն, մանրածախ առևտուր, նորաձևություն, երաժշտություն, կինոարտադրություն, զբոսաշրջություն և էներգետիկա։ Այս բոլոր ոլորտները բախվում են տարիների թույլ պահանջարկի, հաշվեկշռի վերականգնման և գոյատևման ռազմավարությունների: Եկամուտների և դրամական հոսքերի անկումը, ուղեկցվելով հարկերի հնարավոր բարձրացումներով, հսկայական բեռ կստեղծեն նաև հետազոտությունների և մշակումների, նորարարությունների և տեխնոլոգիաների վրա:
Ֆինանսական ոլորտը 2019 թ.-ին արդեն թույլ էր՝ բնութագրվելով բացասական տոկոսադրույքներով, չաշխատող վարկերի մեծ կշռով և նյութական ակտիվների թույլ եկամտաբերությամբ: Ճգնաժամի ազդեցությունը խիստ ծանր կլինի գոյություն ունեցող ակտիվների վրա՝ չաշխատող վարկերի աճով և եկամուտների նվազումով: Եթե դրան գումարենք, որ կառավարությունների մեծ մասի խթանող փաթեթները հիմնված են տարիներ տևող դժվարությունների բախված ընկերություններին զանգվածային վարկեր տրամադրելու վրա, ապա բանկերի վրա ծանրաբեռնվածությունը կարող է լինել նշանակալի և հանգեցնել ֆինանսական ճգնաժամի առաջարկի ցնցումից հետո:
Հիմնական միջոցառումները, որոնք պետք է ձեռնարկվեն հարկադրված սահմանափակումներով առաջարկի ցնցման դեպքում, առաջարկին ուղղված միջոցառումներն են՝ ձեռնարկատիրական գործունեության պահպանման համար հարկերի վերացում ամբողջ սահմանափակման ընթացքում և ոչ անհրաժեշտ ծախսերի կրճատում առողջապահության ավելի բարձր ծախսերը ծածկելու համար: Որոշ կառավարություններ, ինչպիսիք են Միացյալ Նահանգների վարչակազմը, միավորում են առաջարկին և պահանջարկին ուղղված միջոցառումները: Եվրագոտու խոշոր տնտեսությունների մեծ մասը, բացառությամբ Գերմանիայի, կենտրոնացած են միայն վարկային օգնության տրամադրման ու ծախսերի ավելացման քաղաքականության վրա:
Այս միջոցառումների պարագայում հաշվի առնելով տնտեսական ակտիվության, կորպորատիվ շահույթների, աշխատավարձերի և ստացվող հարկային եկամուտների նվազումը, կանխատեսվում է, որ համաշխարհային պարտքը կաճի ՀՆԱ-ի նկատմամբ 350 տոկոսից ավելի: Սա նշանակում է, որ խթանող փաթեթների ճնշող մեծամասնությունը ուղղված կլինի կառավարության՝ տնտեսապես հետգնման ոչ ենթակա ընթացիկ ծախսերի և չգործող խոշոր ընկերությունների հետևանքով առաջացած ավելի մեծ պարտքի ֆինանսավորմանը, մինչդեռ փոքր և միջին ձեռնարկությունները, որոնց մասնաբաժինը պարտքի մեջ քիչ է և որոնք, հնարավոր է, ակտիվներ չունեն ներգրավելու համար, պարզապես կձախողվեն: Ստարտափերը և փոքր ձեռնարկությունները կարող են բախվել կապիտալի զրոյական հասանելիության և վաճառքների անկման բացասական հետևանքների հետ:
Երբ կառավարությունները և կենտրոնական բանկերը հայտարարում են խթանող զանգվածային փաթեթների մասին ճգնաժամի հենց սկզբում, նրանք ակնկալում են տնտեսության արագ վերականգնում և վերադարձ նորմալ վիճակի: Սակայն պարտքի միջոցով ֆինանսավորվող խթանող միջոցառումը կարող է հանգեցնել տնտեսության երկար և «ցավոտ» վերականգնման՝ ստեղծելով կարճաժամկետ գնանկումային պարույր, որը, հավանաբար, կհաղթահարվի դրամավարկային և հարկաբյուջետային ավելի շատ խթանների միջոցով՝ արդյունքում հանգեցնելով ստագֆլյացիայի:
Փաստերը ցույց են տալիս, որ համաշխարհային տնտեսությունը նախորդ յուրաքանչյուր ճգնաժամից վերականգնվել է շատ ավելի դանդաղ տեմպերով և պարտքի միջոցով: Այնուամենայնիվ, անցած հիսուն տարիների ճգնաժամերից ոչ մեկը նման չէ ներկայումս ստեղծված իրավիճակին: Մենք երբեք ականատես չենք եղել ողջ տնտեսության համաշխարհային դադարի, իսկ քաղաքականություն մշակողները պատկերացում չունեն համավարակի և դրա առաջացրած տնտեսական ճգնաժամի միջնաժամկետ և երկարաժամկետ հետևանքների վերաբերյալ, ուստի պետական պարտքի և իրացվելիության ավելացումը վտանգավոր է:
Համավարակը հանգեցնում է ճգնաժամի, որին հաջորդում է ամբողջ տնտեսությունների փակում դոմինոյի սկզբունքով՝ մատակարարման շղթաներում լարվածություն առաջացնելով, ինչպես նաև հանգեցնելով վարկային իրադարձությունների (վարկառուի ֆինանսական վիճակի և վարկանիշի վրա ազդող ցանկացած իրադարձություն) հաջորդական շղթայի մեծ պարտք ունեցող ոլորտներում:
Կառավարությունները օգնում են խոշոր և ռազմավարական ոլորտներին, ինչպես նաև քաղաքացիներին, զանգվածային վարկերով, դրամաշնորհներով և հարկաբյուջետային միջոցառումներով, բայց մոռանում են մատակարարման շղթաների պահպանումը գլոբալ մակարդակով: Քանի որ ճգնաժամը խորանում և տևում է ավելի երկար, կառավարությունները որոշում են ձեռնարկել հովանավորչական և միջամտության միջոցառումներ, որոնք էլ ավելի են քայքայում մատակարարման շղթաները: Այս ժամանակահատվածը գնանկումային է, քանի որ նվազում է փողի շրջանառության արագությունը, դադարում են ներդրումները, թուլանում է սպառումը, իսկ քաղաքացիները փորձում են պահպանել իրենց ունեցած փոքր խնայողությունները:
Գծապատկեր 2․ Մատակարարման շղթայի պարզեցված օրինակ
Գնանկումային և պարտքային պարույրը հաղթահարվում է ավելի շատ իրացվելիության և ավելի մեծ պարտքերի հաշվին, բայց մատակարարման շղթաները շարունակում են դեռ լուրջ վնասված մնալ, և կառավարության միջամտության միջոցառումները նպաստում են հիմնական ապրանքների և ծառայությունների գների աճին: Տնտեսությունը մնում է լճացման մեջ, բայց գներն աճում են:
Համավարակի հետևանքով սահմանափակումները և մեկուսացումը ցույց են տալիս բաց մատակարարման շղթաներ, դիվերսիֆիկացված ու արդյունավետ ընկերություններ և մրցակցային ծառայություններ ունենալու կարևորությունը: Սահմանափակումներն ու մեկուսացումը նաև ցույց են տալիս համագործակցության կարևորությունը:
Այս ճգնաժամի հաղթահարումը պետք է լինի միևնույն ժամանակ և՛ միջազգային, և՛ տեղային։ Միջազգային արձագանքը պետք է ապահովի համագործակցության և առևտրի պահպանումը, իսկ տեղային պատասխանը պետք է ուղղված լինի կորցրած աշխատատեղերի արագ վերականգնմանը` ձեռնարկատիրական գործունեության պահպանմամբ և ապահովելով, որ ընկերություններն ունենան սարքավորումներ ստեղծված իրավիճակից ավելի «ուժեղ» դուրս գալու համար:
Հետևաբար երկրները շատ բարդ վիճակում են հայտնվել, պետք է փորձեն հնարավորինս խիստ կշռադատված միջոցառումներ իրականացնել, որպեսզի դրանք հետագայում չվերածվեն նոր մարտահրավերների և հնարավոր լինի խուսափել նկարագրված իրավիճակից, իսկ կառավարության՝ լավ նպատակներով իրականացվող միջամտության քաղաքականությունը չհանգեցնի ստագֆլյացիայի: