Ճապոնիայում կրթությունը դարձավ ազգի հիմնաքարը դեռևս 1868 թվականին, երբ կայսր Մուցուհիտոյի կողմից իրականացվեց Մեյձիի հեղափոխությունը: Ճապոնական կրթական համակարգի հիմքերը չավերվեցին անգամ այն ժամանակ, երբ Ճապոնիան ջախջախիչ պարտություն կրեց Երկրորդ աշխարհամարտում: Ավելին՝ պարտությունից հետո Ճապոնիան աշխարհին ու հատկապես ԱՄՆ-ին զարմացրեց իր նոր «ատոմային զենքով», որը վերակառուցված կրթական համակարգն էր: Հետպատերազմյան շրջանում Ճապոնիան զգալիորեն թեթևացրեց սովորողների քննական բեռը, խթանեց միջազգայնացումն ու տեղեկատվական տեխնոլոգիաները, դիվերսիֆիկացրեց կրթությունը և աջակցեց ցկյանս ուսումնառության հայեցակարգի զարգացմանը: Ճապոնիայում սկսվեց, այսպես կոչված, «սումինուրուի» շրջանը, երբ բոլոր ուսումնական նյութերից արմատախիլ էր արվում ցանկացած ավտորիտար, ռազմատենչ, ազգայնական կամ հակաամերիկյան բովանդակություն:
Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%, ապա Ճապոնիայում պետական բյուջեի ծախսերում կրթության մասնաբաժինը ընդամենը 8.38% է։ Սա ապացուցում է, որ ճապոնական կրթական համակարգի հիմքում ոչ թե մեծ փողերն են, այլ յուրահատուկ արժեքներն ու գաղափարախոսությունը:
Ճապոնական կրթության մասին ընդունված է ասել, որ «մինչև 5 տարեկան երեխաներին ճապոնացիները վերաբերվում են որպես արքաների, 5-15 տարեկաններին՝ որպես «ստրուկների», իսկ 15 տարեկանից հետո՝ որպես հավասարների»: Ի տարբերություն Չինաստանի, որտեղ նախադպրոցական տարիքի երեխաներին ծանրաբեռնում են դպրոցին նախապատրաստելու համար, այստեղ մինչև 5 տարեկանը համարվում է «ամենաթողության տարիք». ծնողները ոչինչ չեն արգելում, երեխան անում է սրտի ուզածը:
Նախադպրոցական հաստատությունները մանկապարտեզներն են (3-6 տարեկանների համար), որոնք առավելապես կրթական գործառույթ են իրականացնում, և ցերեկային խնամքի հաստատությունները (0-6 տարեկանների համար), որոնք գտնվում են Առողջապահության նախարարության վերահսկողության ներքո: Մանկապարտեզներում ձևավորվում են խմբակներ, որոնցից յուրաքանչյուրում երեխան մնում է 6 ամիս, ապա նրան փոխադրում են այլ խմբակ՝ նպատակ ունենալով երեխայի մեջ դաստիարակել նոր միջավայրին արագ հարմարվելու կարողություն:
Ընդհանուր առմամբ՝ ճապոնական կրթությունը սկսվում է 5 տարեկանից հետո, երբ ճապոնացի երեխաները ընդունվում են տարրական դպրոց ու սովորում 6 տարի, ապա՝ միջին դպրոց, որը եռամյա է: Սրանով ավարտվում է ճապոնական պարտադիր կրթությունը, սակայն գրեթե բոլոր ճապոնացիները (98.8%-ը) շարունակում են կրթությունը ավագ դպրոցում: Ճապոնիայի կրթական համակարգը կարելի է ներկայացնել հետևյալ գծապատկերի միջոցով.
Գծապատկեր 1․ Ճապոնիայի կրթական համակարգը
Ճապոնացի դպրոցականները բավականին բարձր հորիզանականներ են զբաղեցնում PISA թեստավորման արդյունքներում, հատկապես գիտությունից: Նրանք նաև շատ կարգապահ են. ոչ միայն երբեք չեն բացակայում, այլև անգամ չեն ուշանում դասերից: Սա բացատրվում է նրանով, որ ճապոնացի երեխաների 85%-ը իրեն երջանիկ է զգում դպրոցում:
Գծապատկեր 2․ Ճապոնիայի դիրքերը PISA թեստավորման արդյունքներում (2006-2018 թթ.)
Աշակերտը, դիտվելով որպես «ստրուկ», իր հետևողական աշխատանքով վաստակում է հետագայում ուսանողական տարիներն ավելի թեթև ծանրաբեռնվածությամբ վայելելու հնարավորությունը:
Ճապոնիայում դպրոցական տարին սկսվում է այն ժամանակ, երբ ծաղկում է սակուրան՝ ապրիլին: Ուսումնական տարին տևում է 240 օր, ավարտվում է մարտին, կան ամառային ու ձմեռային արձակուրդներ: Տարրական դպրոցում երեխաները ուսումնասիրում են ճապոներեն, մաթեմատիկա, գիտություն, հասարակագիտություն, երաժշտություն, ստեղծարարություն, տեխնոլոգիա և ֆիզիկական դաստիարակություն, աստիճանաբար ներդրվում է նաև անգլերենը: Ճապոնական կրթության առանձնահատկություններից մեկը մաթեմատիկայի գերարժևորումն է. եթե այլ երկրներում մաթեմատիկային հատկացվում է շաբաթական միջինում 218 րոպե, ապա Ճապոնիայում՝ 235, փոխարենը ավելի քիչ ժամանակ է տրամադրվում լեզվին ու գիտությանը՝ համապատասխանաբար 205 և 165 րոպե, մինչդեռ այլ երկրներում՝ 215 և 200 րոպե:
Ճապոնական դպրոցական կրթության առաջին երեք տարում ակադեմիական գիտելիքները ամենակարևորը չեն: Առավել կենսական է երեխայի մեջ բնավորություն ու սիրելի երկրին արժանի քաղաքացի դաստիարակելը. նրան սովորեցնում են հարգել, մեծահոգություն ու կարեկցանք դրսևորել, որոնել ճշմարտությունը և ըմբռնել ինքնատիրապետման արվեստը:
Ճապոնիայում ամեն ինչ հավասար է ու նույնական՝ սկսած համազգեստից, վերջացրած մտածելակերպով. համահավասարության զգացողությունը ճապոնացիներին դարձնում է աշխարհի ամենամիասնական ազգերից մեկը: Ճապոնիայում երեխաներին սովորեցնում են խուսափել ուղիղ մրցակցությունից, քանի որ որևէ մեկի հաղթանակը կհանգեցնի մյուս աշակերտների պարտությանը:
Ուսուցչի համար չկան ավելի խելացի ու ավելի անխելք աշակերտներ, երեխաներն այստեղ «տեսակավորման» ենթակա չեն, ի տարբերություն, օրինակ, Սինգապուրի: Իհարկե, սա հանգեցնում է ճապոնական կրթական համակարգի կարևորագույն թերություններից մեկին, որը հատուկ է արևելյան շատ այլ երկրների. այստեղ ոչ միայն չի խրախուսվում, այլև սահամանափակվում ու արգելվում է քննադատական ու ստեղծագործական մտածելակերպը: Ճապոնացիները կարծում են, որ այդպիսի մտածելակերպը հանգեցնում է տարբերակվածության, հետևաբար՝ հասարակության կազմաքանդման ու բաժանման: Ճնշելով երեխայի անհատականությունը՝ պետությունը ձեռք է բերում շատ մաքրասեր, հետևողական, ճշտապահ, կարգապահ ու աշխատասեր քաղաքացիներ:
Ճապոնական դպրոցների մեծ մասում դասերը սկսվում են 8:30-ին, ավարտվում 15:00-ին, ի տարբերություն, օրինակ, Չինաստանի, որտեղ դպրոցական օրը ունի 9.5 ժամ տևողություն. Ճապոնիայում կրթությունը դասերի որակի, և ոչ թե քանակի մասին է: Այնտեղ դպրոցականները հիշում են սովորածի 90%-ը, քանի որ ոչ միայն պարզապես լսում են ուսուցչին (ըստ հետազոտության՝ միայն լսելով կարելի է մտապահել լսած-սովորածի շուրջ 40%-ը), այլ նաև միմյանց բացատրում են իրենց հասկացածը: Սա, իհարկե, հիշեցնում է Ֆեյնմանի ուսուցման մեթոդը, ըստ որի՝ սովորելու լավագույն տարբերակը սովորեցնելն է:
Միջին դպրոցում 15:00-ին հաջորդում են սպորտային կամ մշակութային ակումբների դասերը, որոնք տևում են միջինում 2 ժամ: Յուրաքանչյուր աշակերտ կարող է անդամակցել միայն մի ակումբի, օրինակ՝ երաժշտական ակումբին կամ մաթեմատիկայի, սակայն ամեն տարի կարող է փոխել այն: Այս ոչ ֆորմալ խմբերը կարևոր դերակատարում ունեն ոչ միայն հետաքրքրությունները բավարարելու ու խորացված գիտելիքներ ստանալու, այլ նաև ավագ ու կրտսեր դպրոցականների միջև փոխհարաբերությունների ամրապնդման համար. ավագները դառնում են մենթոր, սովորեցնում ու ուղղորդում են, իսկ կրտսեր աշակերտները սովորում են սովորել ու ծառայել ավագներին:
Ավագ դպրոցում կան պարտադիր և ընտրովի առարկաներ: Պարտադիր առարկաներն են գիտությունը, մաթեմատիկան, ֆիզկուլտուրան (որը դպրոցների մի մասում կարող է փոխարինվել քենդոյի կամ ձյուդոյի դասերով), առողջությունը, օտար լեզուն (որը սովորաբար անգլերենն է) և հասարակագիտությունը, որում համակցված են աշխարհագրությունը, պատմությունը (ինչպես աշխարհի, այնպես էլ ճապոնական), սոցիոլոգիան, քաղաքականությունը, տնտեսագիտությունը և քաղաքացիական հասարակությունը:
Քանի որ ճապոնական հասարակությունում ընտանիքը ունի կարևոր դերակատարում, պարտադիր առարկաներից է նաև տնային տնտեսագիտության միամյա դասընթացը, որը, պարզ ասած, աշակերտին պատրաստում է ընտանեկան կյանքին՝ սովորեցնելով խոհարարության հիմունքներ, ընտանեկան բյուջեի գրագետ տնօրինում և այլ անհրաժեշտ, բայց շատ երկրներում անտեսված գիտելիքներ:
Ընտրովի առարկաներից են համակարգչային գիտությունը (որը դպրոցների մի մասում պարտադիր է), արվեստը կամ երաժշտությունը: Դպրոցից կախված՝ կարող են լինել նաև այլ ընտրովի առարկաներ, օրինակ՝ տեխնոլոգիա, գյուղատնտեսություն, առևտուր, ձկնորսություն և օտար լեզուներ: Աշակերտները տնային հանձնարարությունները կատարելու համար օրական ծախսում են մոտ 2-3 ժամ, քնում՝ միջինում 6 ժամ:
Ավագ դպրոցում ևս դասերից հետո կան ակումբային դասեր, որից հետո աշակերտների մոտ 60%-ը հաճախում է մասնավոր, առևտրային դպրոցներ, որոնք Ճապոնիայում կոչվում են «ձյուկուներ» և «յոբիկուներ» (սրանք, ի տարբերություն «ձյուկուների», ավելի ֆորմալ կառույցներ են, համարվում են Ճապոնիայի Կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարարության ենթակայությամբ գործող դպրոցներ): Դասերն ավարտվում են 21:00-ին ու երեխաներով լցված ավտոբուսները տեղափոխում են նրանց դպրոցից տուն:
Մասնավոր դպրոցները աշակերտներին անհատապես (ի տարբերություն սովորական դպրոցների) նախապատրաստում են ընդունելության քննություններին, որոնք շատ բարդ են, ներառում են ճապոներենը, մաթեմատիկան, գիտությունը, հասարակագիտությունը և անգլերենը: Ճապոնացի աշակերտների մի մասը դպրոցն ավարտելուց հետո կորցնում է մի տարի մինչև համալսարան ընդունվելը. այդ մի տարին նրանք պատրաստվում են ընդունելության քննություններին իրենց ցանկալի բուհը ընդունվելու համար: Դպրոցն ավարտողների մոտ 76%-ը շարունակում է կրթությունը համալսարանում:
Աշակերտները շատ լուրջ են վերաբերվում ընդունելության քննություններին, քանի որ այն հանգամանքը, թե դպրոցականը ինչ համալսարան կկարողանա ընդունվել, կորոշի նրա հետագա կյանքի որակը և բարեկեցության մակարդակը:
Այս թեմայով՝
2020-06-06 Իսրայելի դպրոցական կրթությունը
2020-06-06 Ֆինլանդիայի դպրոցական կրթությունը
2020-04-13 Չինաստանի դպրոցական կրթությունը