Հիմնական ուղիներից մեկը, որի միջոցով շարունակվող համավարակն ազդում է տնտեսական ակտիվության վրա, տնային տնտեսությունների սպասումներն են: Այլ կերպ ասած՝ COVID-19 համավարակի տնտեսական ազդեցությունը և դրա կանխարգելմանն ուղղված միջոցառումները գնահատելու հիմնական որոշիչը տնային տնտեսությունների վստահության ու սպասումների վրա այդ կանխարգելիչ միջոցառումների ազդեցության չափի գնահատումն է: Այդ գնահատումն ունի կրկնակի կարևորություն, քանի որ վստահության և սպասումների վրա համավարակի ազդեցությունը կարող է նաև բացասական հետևանքներ ունենալ: Բացի այդ, սպասումները ձևավորում են համապատասխան սպառողական վարքագիծ, որը հատկապես կարևորվում է ճգնաժամային իրավիճակներում։
Օգտագործելով տարբեր երկրների տնային տնտեսությունների սպառման վերաբերյալ հարցման տվյալները՝ գնահատվել են, թե ինչպես է համավարակը ազդել տնային տնտեսությունների սպասումների վրա։ Դրա համար հաշվի են առնվում երեք որոշիչներ` տրամադրվածություն, տարակարծություն և անորոշություն: Տրամադրվածությունն արտացոլում է տնային տնտեսությունների միջինացված տեսակետները տնտեսության սպասվող վիճակի և իրենց ֆինանսական դրության վերաբերյալ։ Տարակարծությունն արտացոլում է, թե ինչպես են տնային տնտեսությունների տեսակետները տարբերվում միմյանցից, իսկ անորոշությունը՝ բնակչության այն հատվածը, որը վստահ չէ տնտեսության և իրենց ֆինանսական վիճակի հետագա փոփոխությունների հարցում:
Պատմականորեն ապագայի վերաբերյալ տնային տնտեսությունների տրամադրվածությունը հակված է փոխվելու բացասական ուղղությամբ տնտեսական անկման ժամանակ, մինչդեռ տնային տնտեսությունների ունեցած անորոշությունը գագաթնակետին էր հասել նախորդ ճգնաժամի դեպքում:
COVID-19 համավարակը վերջին երկու ամիսների ընթացքում հանգեցրել է տնային տնտեսությունների տրամադրվածության համընդհանուր և էական անկմանը: Համեմատության համար՝ տրամադրվածության անկումը նման է 2009թ․ համաշխարհային ճգնաժամի ստեղծած իրավիճակին, չնայած այս անկումը տեղի է ունեցել շատ ավելի արագ տեմպերով: Շատ երկրների համար տրամադրվածության այս անկումն ուղեկցվում է տնային տնտեսությունների շրջանում տարակարծությունների աճով: Դա կարող է ցույց տալ, որ համավարակը տարբեր կերպ է հարվածել տնային տնտեսություններին (աշխատեղերի կորուստ, եկամուտների կրճատում և այլն), որի հետևանքով ապագայի վերաբերյալ տնային տնտեսությունների տեսակետներն ավելի են հեռացել միմյանցից: Ի տարբերություն նախորդ ճգնաժամի՝ տնային տնտեսությունների ունեցած ներկայիս անորոշությունը համեմատաբար անփոփոխ է: Դա կարող է պայմանավորված լինել իրավիճակի արագ զարգացումով, որը հնարավորություն է տվել տնային տնտեսություններին հետազոտության ընթացքում ձևավորել վատատեսական կարծիքներ:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս տնային տնտեսությունների սպասումների և համավարակին հակազդելու համար իրականացվող միջոցառումների փոխկապվածությունը: Այս տարվա հունվար-ապրիլ ամիսների հարցումների արդյունքները վկայում են տնային տնտեսությունների տրամադրվածության, տարակարծության ու անորոշության փոփոխությունների և COVID-19-ի հաստատված դեպքերի ու մահվան դեպքերի միջև կապերը, ինչպես նաև զսպման միջոցառումների խստության և տնտեսական խթանման (միավորում է ընդունված հարկաբյուջետային, դրամավարկային և փոխարժեքի կարգավորման բոլոր միջոցառումները) հետ փոխկապվածությունները:
Զսպման միջոցառումների խստությունը ազդում է տնային տնտեսությունների սպասումների փոփոխության վրա: Մասնավորապես, զսպման ավելի խիստ միջոցառումներ ունեցող երկրները սպառողների տրամադրվածության ավելի մեծ անկում և տնային տնտեսությունների ավելի խորը տարակարծություններ ունեն: Պարադոքսալ է, բայց համավարակի հետևանքով մահվան ավելի շատ դեպքերը կապված են տրամադրվածության ավելի փոքր անկման հետ: Բացի այդ, վարակվածության ավելի շատ հաստատված դեպքերը և մահերի թիվը նույնպես կապված են տարակարծությունների ավելի քիչ աճի հետ: Մյուս կողմից, տարակարծությունները խորանում են համավարակի զսպման միջոցառումների խստության ավելացման և տնտեսական խթանների ավելացման դեպքում, ինչն, իր հերթին, ենթադրում է, որ կանխարգելման քաղաքականության այդ արձագանքները կարող են տարբեր կերպ ազդել տնային տնտեսությունների վրա: Տնային տնտեսությունների ունեցած անորոշությունը փոքր չափով է մեծանում համավարակի հետևանքով մահվան դեպքերի թվի աճի դեպքում:
Զսպման միջոցառումների խստության նշանակությունը տնային տնտեսությունների սպասումների փոփոխության բացատրության հարցում համընկնում է այն արդյունքների հետ, որոնք ցույց են տվել, որ տանը մնալու ավելի խիստ քաղաքականություն կիրառող ամերիկյան նահանգներում առկա է տնային տնտեսության ծախսերի ավելի կտրուկ նվազում:
Ընդհանուր առմամբ, COVID-19 համավարակը տնային տնտեսությունների սպասումների վրա մեծապես ազդել է տրամադրվածության անկման միջոցով: Բացի այդ, համավարակի զսպման ավելի խիստ միջոցառումները փոխկապակցված են տրամադրվածության ավելի մեծ անկումների հետ: Մյուս կողմից, համավարակը համեմատաբար ավելի քիչ է ազդել տնային տնտեսությունների ունեցած անորոշության վրա: Այս արդյունքները ենթադրում են, որ համավարակի փոխանցման սպասումների ալիքը տնտեսական ակտիվության վրա կարող է մեծապես ազդել տնային տնտեսությունների վատատեսական տրամադրվածության ավելացման և անորոշության փոքր աճի միջոցով: Այնուամենայնիվ, COVID-19-ի պատճառով անորոշությունը կարող է աճել նաև այլ ոլորտներում: Օրինակ, հետազոտությունները փաստում են անորոշության աճ ընկերությունների, ֆինանսական շուկաների համար:
Ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ տնային տնտեսությունների տրամադրվածության ցնցումները նման են պահանջարկի ցնցումներին, որոնց դեպքում տրամադրվածության անկումը հանգեցնում է գործազրկության աճի և ցածր գնաճի: Մյուս կողմից, տարակարծությունները և անորոշության ցնցումները հակված են հանգեցնելու գործազրկության և ինֆլյացիայի հետաձգված աճի: Տրամադրվածության դիտարկված անկման և տնային տնտեսությունների տարակարծությունների աճը ենթադրում է, որ գործազրկությունը կամ տնտեսական ակտիվությունը կարող են կրճատվել տնային տնտեսությունների սպասումների միջոցով, մինչդեռ գնաճի վրա ընդհանուր ազդեցությունը կախված կլինի երկրի առանձնահատկություններից: