Կառավարությունը թույլատրեց «Նակի» ընկերությանն օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքները օգտագործելու է ջերմոցների կառուցման համար (Արագածոտնի մարզ)։
Ըստ հիմնավորման, ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 120 մլն դրամի կապիտալ ներդրում, որից 44 մլն դրամը նախատեսվում է իրականացնել ցանկում ներկայացված սարքավորումների ձեռքբերման համար, իսկ մնացած մասը շինարարական աշխատանքների իրականացման համար:
Ներկայումս առկա է 2 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 10 նոր աշխատատեղ` 180,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 72 մլն դրամ, որից 42 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 30 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 44 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 2.2 մլն դրամ:
ՀՀ կառավարությունը թույլատրեց նաև «Չերամիզիա ինթերնեշնլ» ընկերությանն օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Տվյալ ընկերությունը զբաղվելու է կերամիկական սպասքի արտադրությամբ (Կոտայքի մարզ)։
Ըստ հիմնավորման, ՍՊԸ-ն արդեն իրականացրել է 2.7 մլրդ դրամի կապիտալ ներդրում, նախատեսում է ևս 759 մլն դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 38 աշխատատեղ, կստեղծվի ևս 162 նոր աշխատատեղ` 150 հազար դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1 մլրդ 934 մլն դրամ, որից 96.7 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 918.6 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 918.6 մլն դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 759 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 38 մլն դրամ: «Չերամիզիա ինթերնեշնլ» ընկերությունը կառավարության որոշմամբ կօգտվի նաև ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնությունից: