ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Հայփոստ»-ի ղեկավարության հետ աշխատում է ազգային փոստային օպերատորի նոր տեսլականի ձևավորման ուղղությամբ. նախատեսվում է, որ «Հայփոստ»-ը կատարի նաև էլեկտրոնային տարբերակով գնված ապրանքների առաքման ծառայություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանը՝ տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած առցանց հանդիպմանը:
««Հայփոստ»-ը մեր նախարարության ենթակայության տակ է: Այն մեր ազգային փոստային օպերատորն է և հասանելիություն ունի ամբողջ հանրապետության տարածքում՝ մինչև հեռավոր գյուղեր: Մենք «Հայփոստ»-ի ղեկավարության հետ աշխատում ենք նրանց ռազմավարության և նոր տեսլականի ձևավորման ուղղությամբ: Եվ այստեղ տեսնում ենք հստակ ենթակառուցվածքի ձևավորման հնարավորություն, որպեսզի «Հայփոստ»-ը հանդիսանա էլեկտրոնային առևտրի, էլեկտրոնային հարթակների համար առաքման ծառայություն ապահովող, մինչև քաղաքացուն հասցնող»,-ասաց փոխնախարարը:
Այսպիսով հնարավոր է, որ մարդն օգտվի էլեկտրոնային խանութից, առևտուր անի, և ապրանքը նրան հասնի հենց «Հայփոստ»-ի ծառայության միջոցով: Ծատուրյանը նկատեց, որ միջազգային շուկայում օրինակ Amazon-ը, eBay-ը, Aliexpress-ը աշխատում են այլ ընկերությունների հետ, որոնք համապատասխան ենթակառուցվածքային ծառայություններ են ապահովում: Այսինքն՝ հնարավոր է ընտրել ապրանքը, միևնույն ժամանակ ընտրել, թե երբ ես ցանկանում ստանալ այն: Այսպիսով մարդը կարող է ավելի վճարել մեկ օրում ստանալու համար, եթե ոչ՝ 2 կամ ավելի օրերում: Ծատուրյանը նշեց՝ սա ենթակառուցվածքային խնդիր է, որն ունեն «Հայփոստ»-ի տեսլականում:
Նա նկատեց, որ կորոնավիրուսի իրավիճակում առևտրով զբաղված շատ փոքր ձեռնարկություններ ստիպված են եղել իրենց գործունեությունը դադարեցնել: Իսկ այն տնտեսավարողները, որոնք ունեին էլեկտրոնային առևտրի գոնե որոշակի հատված, հաջողել են իրենց բիզնեսը չկանգնեցնելու հարցում: ««Հայփոստ»-ի կողմից միգուցե կառաջարկվի պլատֆորմային մոտեցում, որպեսզի խանութները նմանատիպ ծառայություններ վիրտուալ տարբերակով կարողանան վերցնել: Մենք քննարկում ենք մոտեցումները»,-նշեց փոխնախարարը: