Ի պատասխան COVID-19 համավարակի՝ ամբողջ աշխարհում երկրների կառավարությունների կողմից տեղի են ունեցել աննախադեպ միջամտություններ: Չնայած, որ այդ միջամտությունները տարբերվում են ըստ երկրների և տարածաշրջանների, դրանք բոլորն էլ ուղղված են բնակչության շփման մակարդակը նվազեցնելուն և դրանով վարակի տարածումը կանխելուն: Մյուս կողմից համավարակի կանխարգելման արդյունքների և տնտեսական հետևանքների միջև կա անխուսափելի հակասություն, քանի որ կառավարության երկարատև միջամտությունները զգալի բացասական ազդեցություն են ունենում ընդհանուր տնտեսական և սոցիալական բարեկեցության վրա, ներառյալ գործազրկության մակարդակի աճը և ընկերությունների սնանկացումները:
Հաշվի առնելով վարակով պայմանավորված իրավիճակի արագ փոփոխությունները և շատ երկրներում լայնորեն տարածվող բացասական տնտեսական հետևանքները՝ չափազանց կարևոր է ուսումնասիրել, թե կառավարությունների կողմից իրականացված կամ իրականացվող որ միջամտություններն են առավել արդյունավետ համաճարակաբանական դինամիկան և տնտեսական կորուստները վերահսկելու գործում, և ինչ չափով: Նման ուսումնասիրություններն օգտակար են հատկապես որոշում կայացնողների, քաղաքականություն մշակողների համար կառավարության համապատասխան միջոցներն ընտրելու հարցում՝ վարակի փոխանցման և տնտեսական արդյունքների միջև հակասող նպատակները հավասարակշռելու համար:
Համաճարակաբանական զարգացումների կանխատեսումը բարելավելու համար, ամենօրյա ռեժիմով տարբեր գիտնականներ, հայտնի հետազոտական և վերլուծական հաստատություններ, պետական ինստիտուտներ ուսումնասիրում են COVID-19-ի կանխարգելման համար կառավարությունների կողմից իրականացվող քաղաքականությունները, միջամտության տարբեր ռազմավարությունները, դրանց ունեցած ազդեցությունը:
Հետազոտելով միջամտության տարբեր ռազմավարությունները և դրանց համաճարակաբանական հետևանքները ամբողջ աշխարհում՝ տարբեր մոդելների միջոցով նաև քանակապես գնահատվում են վարակի տարածումը զսպելու գործում յուրաքանչյուր կառավարության քաղաքականության արդյունավետությունը: Դիտարկելով կառավարության քաղաքականության տարբեր համակցությունների առավելությունները վարակի փոխանցման տեմպերի նվազեցման հարցում, ուսումնասիրությունների, վերլուծությունների միջոցով փորձ է արվում գտնել տնտեսապես մատչելի կառավարության միջամտության քաղաքականություն ինչպես համաճարակաբանական, այնպես էլ տնտեսական խնդիրները լուծելու համար:
Մասնավորապես, ինը երկրների (Չինաստան, Հարավային Կորեա, Սինգապուր, Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, և ԱՄՆ) կառավարությունների կողմից իրականացվող 6 հիմնական միջամտությունների (ճանապարհորդելու սահմանափակումը, կենտրոնացված կարանտինը, դիմակների կրելը, մեկուսացումը, դպրոցների փակումը և սոցիալական հեռավորությունը) վերլուծությունը և վարակի վերահսկման արդյունքների համեմատությունը, ինչպես նաև է յուրաքանչյուր քաղաքականության ազդեցության էմպիրիկ գնահատականը ցույց են տվել, որ COVID-19 տարածումը զսպելու գործում հատկապես արդյունավետ են կենտրոնացված կարանտինը, մեկուսացումը, դպրոցների փակումը և դիմակների կրումը։ Ընդ որում, դրանք դասակարգված են ըստ արդյունավետության մեծության` ամենաբարձր արդյունավետություն ունեցողից մինչև ամենացածր ունեցողը:
Թեև կառավարության միջամտության միջոցառումները տարբեր ազդեցություն են ունենում վարակի տարածումը զսպելու վրա, դրանք նաև կապված են ծախսերի տարբեր մակարդակների հետ: Այնպիսի քաղաքականությունը, ինչպիսին ամբողջական մեկուսացումն է, կասեցնում է տնտեսական գործունեության ձևերի մեծ մասը։ Հետևաբար, դրանք կարող են առաջացնել լուրջ բացասական սոցիալ-տնտեսական հետևանքներ և տնտեսություններին ենթարկել անկման կամ նույնիսկ ճգնաժամի մեծ ռիսկի: Այլ քաղաքականությունները, ինչպիսին դիմակների կրումն է, ծախսարդյունավետ են` արտադրության ցածր ծախսերի և հեշտ իրականացման շնորհիվ: Ուստի կառավարությունների համար շատ կարևոր է ընտրել տնտեսապես արդյունավետ միջամտության քաղաքականությունների համապատասխան փաթեթ՝ վարակի տարածման արդյունքները և տնտեսական կորուստները հավասարակշռելու համար:
Ուսումնասիրությունները նպատակ ունեն գտնել կառավարության միջամտությունների համապատասխան համադրություն՝ COVID-19 տարածումը և տնտեսական բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու, ինչպես նաև հակասող այդ նպատակների միջև հավասարակշռության հասնելու համար: Մասնավորապես, վերլուծությունները ցույց են տալիս, որ սահմանափակման քաղաքականությունից հնարավոր է խուսափել առանց էականորեն փոփոխելու վարակի վերահսկման արդյունքները, քանի դեռ միաժամանակ կիրառվում են երեք այլ քաղաքականությունները՝ դպրոցները մնում են փակ, բոլորը կրում են դիմակներ և կենտրոնացված կարանտինային համակարգ վարակվածներին ժամանակավորապես իրենց ընտանիքներից առանձնացնելու համար: Քանի որ ԱՄՆ-ը և եվրոպական շատ երկրներ ներկայումս քննարկում են իրենց տնտեսությունները վերաբացելու հարցը, էմպիրիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ սահմանափակումները հնարավոր է զգուշորեն հանել այդ երեք քաղաքականությունների պահպանման դեպքում:
Քննարկելով կառավարության միջամտության քաղաքականության տարբեր սցենարներ՝ հետազոտությունները օգտակար տեղեկություն են տալիս երկրներին՝ տնտեսապես մատչելի քաղաքականություններն ընտրելու համար, որպեսզի հավասարակշռեն վարակի վերահսկման օգուտները և տնտեսության ընդհանուր ծախսերը: Ընդհանուր առմամբ, նման հետազոտություններն ու վերլուծությունները կառավարություններին հնարավորություն են տալիս վերագնահատել և ճշգրտել միջամտության մոտեցումները՝ տնտեսապես ծախսատար քաղաքականությունները փոխարինելով տնտեսապես մատչելի տարբերակներով, առանց էապես վնասելու համավարակի կանխարգելման գործընթացը: Մասնավորապես, վերլուծությունները ցույց են տալիս, որ վարակի տարածման վերահսկման նմանատիպ արդյունքների հասնելու համար երկրները կարող էին խուսափել սահմանափակման քաղաքականությունից՝ դպրոցների փակումը, դիմակների կրումը և կենտրոնացված կարանտինը կիրառելով միաժամանակ: