COVID-19 տնտեսական ճգնաժամն աննախադեպ է։ Այն հարվածեց երկրների տնտեսություններին (հատկապես խոշոր) գրեթե միաժամանակ։ Համավարակի կանխարգելման միջոցառումների հետևանքով լայն տարածում գտան տնտեսական ցնցումները՝ միանգամից հարվածելով տնտեսության շատ ոլորտների: COVID-19-ը ոչ վարկային ճգնաժամ է, ոչ բանկային կամ հանկարծակի դադարի, ոչ էլ արժութային: COVID-19-ը տնտեսական ճգնաժամը ներառում է բոլոր այդ ճգնաժամերի տարրերից էլ: Այն միմյանց հետ փոխազդող, առաջարկի և պահանջարկի ցնցումների բարդ համակցություն է, որոնք փոխազդում են միմյանց հետ: Արժույթի միջազգային հիմնադրամի բնորոշմամբ տնտեսական ճգնաժամերն ավտոբուսների պես են. միշտ էլ գալիս է մեկ ուրիշը:
Սակայն այս ճգնաժամը տարբերվում է մյուսներից: Այն տարբեր է առնվազն երկու հիմնական պատճառներով: Նախ, համավարակի առաջացրած ցնցումը միաժամանակ հարվածել է բոլոր զարգացած խոշոր (G7) երկրներին և Չինաստանին: Ի տարբերություն Ասիական կամ 2008-09թթ․ համաշխարհային ճգնաժամերի՝ COVID-19 տնտեսական ճգնաժամը չսկսվեց մեկ կամ երկու երկրներում, այնուհետև տարածվեց շատերի վրա: Երկրորդ պատճառն այն է, որ առողջապահական այս ցնցումը տնտեսությանը հարվածում է բազմաթիվ տեղերից: Առավել ուսումնասիրված տնտեսական ճգնաժամերը սկսվել մի ոլորտից: Բանկային ճգնաժամերը սկսվում են բանկերից, արժութային ճգնաժամերը՝ արտարժույթի շուկայից և կենտրոնական բանկի պահուստներից, իսկ հանկարծակի դադարի ճգնաժամերը՝ կապիտալի միջազգային հոսքերից և այլն: Այս ճգնաժամն այդպիսին չէ և չի սկսում մի ոլորտից:
Համավարակի առաջացրած տնտեսական ցնցումների բնույթը հասկանալու համար պետք է հաշվի առնել երեք առանցքային հատկանիշներ։ Նախ, վարակը հարվածում է արտադրանքի թողարկմանը՝ վարակված աշխատողներին տեղափոխելով հիվանդանոցային մահճակալների վրա, ինչը նման է ժամանակավոր գործազրկության: Այլ կերպ ասած՝ աշխատուժը «վայր է դնում գործիքները», բայց միայն ժամանակավորապես։ Դա նաև ուղղակիորեն հարվածում է աշխատողների կողմից կատարվող ծախսերին, քանի որ որոշ աշխատողներ չեն վարձատրվում, երբ հիվանդ են, իսկ մյուսները չեն վարձատրվում, քանի որ չեն աշխատում: Երկրորդը հանրային առողջության պահպանման հետ կապված կառավարությունների կողմից իրականացվող կանխարգելման միջոցառումներն են (գործարանների և գրասենյակների փակում, ճանապարհորդության արգելքներ, կարանտիններ և այլն), որոնք ուղղված են համաճարակաբանական իրավիճակի մեղմացմանը: Երրորդ հատկանիշը սպասումներն են: Ինչպես 2008-09 թվականների համաշխարհային ճգնաժամի դեպքում, COVID-19 ճգնաժամը ևս ամբողջ աշխարհում սպառողներին և ընկերություններին տեղափոխել է սպասողական կարգավիճակի: Դա առավել ակնհայտ երևում է ճանապարհորդությունների և հյուրանոցային ոլորտի զանգվածային անկման պարագայում։
COVID-19 ճգնաժամը տնտեսությանը հարվածել է միաժամանակ մի քանի տեղից, ինչը պարզեցված ներկայացված է գծապատկերի միջոցով:
Տնտեսության գործունեության պարզեցված մեխանիզմը
Գծապատկերում ներկայացված է տնտեսության գործունեության մեխանիզմի պարզեցված տարբերակը․ տնային տնտեսությունները տնօրինում են կապիտալը և աշխատուժը, որոնք վաճառում են ընկերություններին, իսկ ընկերությունները դրանք օգտագործում են արտադրանք թողարկելու համար, որն այնուհետև տնային տնտեսությունները գնում են այդ ընկերությունների՝ կապիտալի և աշխատուժի համար արդեն վճարած դրամական միջոցներով՝ դրանով իսկ ավարտելով փողի շրջապտույտը և ապահովելով տնտեսության գործունեությունը: Ներկայացված են նաև կառավարության և մնացյալ աշխարհի հետ փոխհարաբերությունները:
Եթե պարզեցված ներկայացնենք, ապա տնտեսությունը շարունակում է նորմալ գործել այնքան ժամանակ, քանի դեռ փողը շարունակում է կատարել շրջապտույտ: Ուստի ցանկացած հատվածում հոսքի խանգարումը հանգեցնում է դանդաղեցման ամենուր: X–երը ցույց են տալիս, թե որտեղ են համավարակի առաջացրած ցնցումները խաթարում փողի հոսքը։ Տնային տնտեսությունները, որոնք չեն վարձատրվում, ֆինանսական դժվարություններ ունեն կամ նույնիսկ կարող են սնանկանալ։ Դա նվազեցնում է տնային տնտեսությունների կողմից ապրանքների վրա կատարվող ծախսերը, և հետևաբար՝ փողի հոսքը տնային տնտեսություններից դեպի ընկերություններ և կառավարություն:
Ներքին պահանջարկի այս ցնցումներն ազդում են երկրի ներմուծման վրա, և այդպիսով կրճատում փողերի հոսքը դեպի այլ երկրներ: Սա ուղղակիորեն չի ազդում ներքին պահանջարկի վրա, բայց դա նվազեցնում է օտարերկրացիների եկամուտները, որն էլ իր հերթին տվյալ երկրի արտահանման վրա օտարերկրացիների կատարված ծախսերը: Սա կարող է կրճատել արտահանված ապրանքների վաճառքից ստացված փողի հոսքը դեպի տվյալ երկիր: Ըստ Առևտրի համաշխարհային կազմակերպության տվյալների՝ այս տարի ապրանքների համաշխարհային առևտուրը կարող է նվազել մինչև մեկ երրորդի չափով, ավելին, քան ֆինանսական ճգնաժամի ժամանակ էր, ընդ որում՝ փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ այն արդեն նվազել է 2,6 տոկոսով:
Պահանջարկի կրճատումը և առաջարկի ուղղակի ցնցումները հանգեցրել են միջազգային և ներքին մատակարարումների շղթայի խափանումների: Դա իր հերթին բերում է արտադրության հետագա կրճատման` հատկապես վերամշակող արդյունաբերության ճյուղերում: Արդյունաբերությանը հասցված վնասը կարող է մեծանալ մարդկանց և ընկերությունների սպասողական վարքագծի պատճառով: Արդյունաբերությունը հատկապես խոցելի է, քանի որ շատ արդյունաբերական ապրանքների գնումներ կարելի է հետաձգել ֆինանսական դժվարությունների պայմաններում։ Դրա հետևանքով նվազում է փողի հոսքը դեպի այդ ընկերություններ։
Վերջին տարիներին շատ ընկերություններ պարտքեր են կուտակել, ուստի դրանք կարող են խոցելի լինել կանխիկի հոսքի կրճատման նկատմամբ, իսկ վատագույն դեպքում՝ սնանկանալ: Ընկերությունների այս տեսակ փակումը փողի հոսքի հետագա խափանումներ է ստեղծում: Վարկատուները հետ չեն ստանում իրենց միջոցները, հաճախ աշխատողները չեն վարձատրվում ամբողջությամբ և արդյունքում դառնում գործազուրկ: Մյուս կողմից սնանկացած ընկերությունները մատակարարներ կամ գնորդներ են այլ ընկերությունների համար, հետևաբար մեկի սնանկացումը կարող է վտանգել մյուսներին:
Աշխատանքից ազատումները, հիվանդության համար արձակուրդները, կարանտինները, երեխաների կամ հիվանդ հարազատների խնամքի համար տրվող արձակուրդները համավարակի առաջացրած հետևանքներից թերևս առավել ակնհայտն են: Երբ աշխատողները կորցնում են իրենց աշխատանքը, նույնիսկ եթե նրանք ունեն գործազրկության ապահովագրություն կամ այլ ֆինանսական աջակցություն, նրանք հակված են կրճատել պակաս անհրաժեշտ, հետաձգման ենթակա ապրանքների վրա կատարվող ծախսերը:
Գծապատկերն օգնում է նաև հասկանալ հակաճգնաժամային միջոցառումների տրամաբանությունն ու անհրաժեշտությունը։ Հակաճգնաժամային միջոցառումներն առաջին փուլում ուղղված են նման խափանումները վերականգնելուն և այդ հոսքերը պահպանելուն։ Հաջորդ փուլում դրանք նպաստում են տնտեսական ակտիվության վերականգնմանը։ Հետևաբար, որքան հակաճգնաժամային միջոցառումներն արդյունավետ լինեն, այնքան տնտեսական ակտիվության վերականգնումն ավելի արագ տեղի կունենա։
Գծապատկերում ներկայացված իրավիճակն է նաև մեր տնտեսությունում։ Մեր տնտեսության դեպքում մեծ է նաև տրանսֆերտների (դրամական փոխանցումների) դերը, որոնք Կենտրոնական բանկի տվյալներով 2020 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ կրճատվել են 9,7 տոկոսով։ Մայիսի 14-ից շրջանառության մեջ դրվեց Կառավարության կողմից կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման արդեն 18-րդ միջոցառումը։ Սակայն այդ միջոցառումները հիմնականում սոցիալական ուղղվածության ծրագրեր են, բացի այդ ունեն խնդիրներ, ինչի մասին փաստում են տարբեր առցանց և մասնագիտական հարթակներում, ինչպես նաև բիզնես ոլորտի ներկայացուցիչների կողմից իրականացված և իրականացվող քննարկումները։
Այնուամենայնիվ, մեկուսացման ընթացքում աշխատատեղերի ու եկամուտների կորուստները գնալով ավելի մեծ չափով կազդեն տնտեսության վրա: Նույնիսկ այն դեպքում, երբ տնտեսությունները գնում են սահմանափակումների վերացման, ինչը մեծացնում է արտադրության ծավալները, թույլ պահանջարկը դեռ կարող է զսպել այդ վերականգնումը, քանի որ գլխավոր շարժիչ ուժը՝ սպառումը, հավանաբար, կսահմանափակվի աշխատատեղերի ու եկամուտների նախկին և ընթացիկ կորուստներով: Բացի այդ, ընկերություններին հարկավոր է ժամանակ դրամական (կանխիկի) դիրքերն ամրապնդելու համար, նախքան նորից ներդրումներ կատարելը: Որոշ ընկերություններ չեն հաղթահարի ճգնաժամը կամ կկուտակեն պարտքի հսկայական բեռ, իսկ շատ տնային տնտեսություններ կբախվեն եկամուտների ու աշխատատեղերի կորստի հետ: Խնդիրներ կարող են առաջանալ նաև վարկերի հասանելիության մասով, եթե բանկերը տուժեն չաշխատող վարկերի աճից: Կառավարության խթանող միջոցառումները պետք է օժանդակեն թե՛ առաջարկի, և թե՛ պահանջարկի վերականգնմանը: Կորոնավիրուսը վերահսկողության տակ վերցնելու երկարաձգումը կարող է լինել դանդաղ վերականգնման պատճառներից մեկը: Սահմանափակումների և սոցիալական հեռավորության միջոցառումների անուղղակի տնտեսական ազդեցությունը նույնպես չպետք է թերագնահատվի: