Visa-ն միջազգային վճարային համակարգ է, որը MasterCard-ի և Union Pay-ի հետ միասին ձևավորում է էլեկտրոնային վճարային գործառնությունների առաջատարի եռյակը։ 2013 թվականից սկսած Visa-ն մտնում է ԱՄՆ-ի 30 խոշորագույն ընկերությունների ցուցակի մեջ, որոնք կազմավորում են Դոու Ջոնսի ինդեքսը։ Ընկերության հաջողության գաղտնիքը ճկուն կառավարման համակարգն է, որի շնորհիվ վճարային համակարգը շատ արագ զարգացավ և իրենից ներկայացնում է բիզնեսի վարման գրեթե իդեալական մոդել։
Ինչպես է ամեն ինչ սկսվել
1958 թվականին Bank of America-ն թողարկեց վարկային քարտեր ֆիզիկական անձանց և ձեներեցների համար։ Հաշվարկների նոր համակարգի տարածումը երկրի ներսում աստիճանաբար աճում էր և ձեռք էր բերում հեղինակություն։ Անհրաժեշտություն առաջացավ մի այնպիսի սպասարկման համակարգի առկայության, որը կարող էր կենտրոնացնել իր մեջ բոլոր քարտային գործառնությունները և տրամադրել լիցենզիա այլ բանկերին քարտերի թողարկման համար։ Այդպես ստեղծվեց «Bank of America Serviсe Соrporation»-ը։
Սակայն այդ անվանումը պարունակում էր ամերիկյան ամենախոշոր բանկի անվանումը։ Իսկ ԱՄՆ հեղինակությունը կտրուկ տատանվեց Վիետնամում պատերազմի հետևանքով։ Այդ իսկ պատճառով նոր վճարային համակարգը աջակցություն չէր գտնում զարգացած երկրների գործարար շրջանակներում․ այնտեղ առաջնահերթությունը տրվում էր տեղական արտադրանքներին։
Այդ ժամանակ էլ «բեմում հայտնվեց» Դի Հոքը, որն այն ժամանակ աշխատում էր Սիեթլում՝ ոչ մեծ բանկի փոխնախագահի օգնականի պաշտոնում։ Նրա անսպասելի գաղափարները շատերի կողմից էին ընդունվում որպես ոչ իրական, սակայն հենց դրանք էլ բերեցին հաջողություններ վճարային համակարգին, որի ծառայություններից այժմ օգտվում է ամբողջ աշխարհը։
Դի Հոկ․ փիլիսոփա և գրքամոլ
Ուսանողական տարիներին Դի Հոքն ուսումնասիրում էր փիլիսոփայությունն ու բիզնեսը։ Նա համարում էր, որ հիերարխիկ բուրգի տեսքով կառուցված բոլոր համակարգերն անխուսափելիորեն բերում են հետընթացի։ Նա առաջարկեց ստեղծել նոր ցանց բոլորովին այլ կառուցվածքով՝ բաց բոլոր մասնակիցների համար, որտեղ որոշումները կայացվում են կոլեկտիվ հիմունքներով։
Որպես օրինակ նա բերեց ամենակատարյալը գոյություն ունեցող կառուցվածքներից՝ մարդկային մարմինը։ Այդտեղ չկա դոմինանտ օրգան, բոլորը հավասարապես կարևոր են։ Առանց արտաքին միջամտությունների օրգանիզմը կարող է գոյատևել շատ երկար ժամանակ։
Հոքը ենթադրեց, որ եթե բոլոր մրցակցող բանկերին միավորել մեկ ցանցում, ապա և՛ բանկերը, և՛ հաճախորդները կշահեն դրանից։ Հաջողակ ազգային բրենդը արտասահմանում տարածելու համար որոշում կայացվեց անվանափոխել այն։ Անվանումը պետք է լիներ կարճ, ունենար պարզ գրաֆիկական պատկեր, բոլոր լեզուներով ունենար նույն արտասանությունը և ոչ մի երկրում չունենար այլ նշանակություն։ Այդպես հայտնվեց Visa-ն։
1976 թվականի հուլիսին Visa համակարգով իրականացվեց առաջին գործառնությունը։ Այսօր Visa-ն աշխատում է աշխարհի ավելի քան 200 երկրներում։ Մեկ շաբաթվա ընթացքում Visa-ի միջոցով գործառնությունների թիվը այնքան մեծ է, որ գերազանցում է ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի (ԱՄՆ-ի կենտրոնական բանկը) գործառնությունների քանակը մեկ տարվա ընթացքում։ Որոշումների կայացման գործում տրված ազատությունը արդարեցրեց իրեն։ Այժմ այդ կանոններով աշխատում են ֆինանսական շուկայի բոլոր հաջողակ խաղացողները։
Visa-ն համաշխարհային ունիվերսալ առևտրի հիմնադիրն է
Visa կորպորացիան դարձավ համաշխարհային u-commerce համակարգի ստեղծման նախաձեռնողը, որը թույլ տվեց գործառնություններ իրականացնել անկախ տեղակայման վայրից և գործարքի ժամից։ Այժմ դրանք ամենօրյա սովորական հաշվարկներ են առևտային ընկերություններում, վճարումներն են տերմինալներում, գնումներն են համացանցում և ծառայությունների վճարումներն են «բանկ24» համակարգով։
Ինչպե՞ս է համակարգն աշխատում։ Երբ անձը իրականացնում է վճարում, համակարգը հարցում է ուղարկում բանկ, որը մատուցում է վճարման ծառայություններ տվյալ ցանցում, իսկ այնուհետև պրոցեսինգային ընկերություն (պրոցեսինգը վճարային գործառնությունների իրականացման ժամանակ տեղեկատվության մշակման գործունեություն է)։ Վերջինս հաշիվը ստուգելու համար հարցում է կատարում տվյալ քարտը թողարկած բանկ։ Պատասխանը գալիս է հակառակ հերթականությամբ։ Այդ գործառնությունների ամբողջ շղթան տևում է ընդամենը մի քանի վայրկյան։ Իսկ Visa-ն հենց այն համակարգն է, որը միավորում է բոլոր այդ գործառնությունները։
Մրցակից և գործընկեր
1980-ականները ընկերությունում նշանավորված են որպես տեխնիկական առաջընթացի տարիներ։ Ստեղծվեց բանկոմատների գլոբալ համակարգ, նախագծվեցին ներդրված միկրոսխեմաներով քարտեր (կրիպտոգրաֆիկ հաշվարկների հնարավորություններով), ստեղծվեցին առաջին կանխավճարային քարտերը։ Բանկերի Vip-հաճախորդները ստացան էլիտար քարտեր։
Գլխավոր մրցակիցը և միաժամանակ համակարգի գործընկերը MasterCard-ն է։ Այդ երկու վճարային համակարգերի միջև տարբերությունները ավելի շատ տեսական բնույթ են կրում։ Visa-ին պատկանում է բոլոր թողարկված վճարային քարտերի 29 տոկոսը, MasterCard-ին՝ 25 տոկոսը։ Եթե Visa-ն ստեղծվել է որպես յուրօրինակ, իր նմանը չունեցող համակարգ, ապա MasterCard-ը ստեղծվել է մրցակիցների օրինակի հիման վրա։
Վիքիլիքսի սկանդալը
Visa ընկերության միակ խոշոր սկանդալը կապված է 2010 թվականի վերջին տեղի ունեցած Վիքիլիքսի դեպքի հետ։ Visa Europe-ն առանց ավելորդ մեկնաբանությունների պահանջեց Վիքիլիքսի գործունեության հետաքննություն իրականացնել և ներկայացնել փաստեր իր համակարգի միջոցով կատարված վճարումների օրինականության վերաբերյալ։ DataСell-ը, որը պատասխանատու էր վճարումների ապահովման համար, սպառնաց դատի տալ Visa Europe-ին։ Իսկ «Anonymous» ակտիվիստները (հակերների խումբ) գրոհեցին Visa-ի վրա, ինչի արդյունքում visa.com վեբկայքը դադարեց աշխատել։
Կարճ ժամանակահատվածում ընկերությունը, որին վարձակալել էր Visa-ն, չգտավ ոչ մի անօրինական գործողություններ Վիքիլիքսի համար կատարված փոխանցումներում։ Սակայն Visa Europe-ը հրաժարվեց վերսկսել վճարումները մինչ սեփական հետաքննության ավարտը։ Վճարումների բլոկավորումը տևեց 2,5 տարի։
Այդպիսի որոշման դեմ հանդես եկավ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը։ Իսկ Իսլանդիայի դատարանը որոշեց տուգանել Visa Europe-ին 6 հազար դոլարով, եթե երկու շաբաթվա ընթացքում Վիքիլիքսին կատարված վճարումները չփոխանցվեին։ Բացի դրանից ընկերությունը պարտավորվում էր յուրաքանչյուր տարի Վիքիլիքսին վճարել 2,5 միլիոն դոլար։ 2013 թվականի հուլիսին դատարանի որոշումը իրագործվեց և վճարումները վերականգնվեցին Իսլանդիայի վճարային պրոցեսինգային ընկերության՝ Valitor-ի միջոցով։
Chaordic: Քաոս և կարգուկանոն
Յուրօրինակ համակարգի հիմնադիր Դի Հոքն իր էությամբ երբեք գործարար չի եղել։ Նա իրեն անվանում է փիլիսոփա և գրականությունը արժևորող անձ։ Վստահաբար ոտքի կանգնեցնելով Visa-ին՝ նա հեռացավ ընկերությունից և տեղափոխվեց Հյուսիսային Կարոլինայի մի առանձնատուն և սկսեց զբաղվել իր 80 հեկտար հողամասի մշակմամբ։ Այդ պահին նա ընդամենը 55 տարեկան էր։ Հոքը ամբողջովին «ցանկապատեց» իրեն արտաքին աշխարհից և ուղակիորեն վայելում էր իր ազատությունը։
Մի քանի տարի անց Դի Հոքը գիրք հրատարակեց Visa ցանցի մասին։ Իր ստեղծածը բնութագրելու համար նա հորինեց «chaordic» եզրույթը, իրար միացնելով քաոս (chaos) և կարգուկանոն (order) բառերը։ Իր գաղափարի վրա հիմնված Visa համակարգը միշտ գտնվում է այդպիսի վիճակում։ Այն ինքնակառավարվող է, հեշտ հարմարեցվում է փոփոխվող պայմաններին, ներքնապես կառավարվող է առանց որևէ բանի կամ որևէ մեկի գերակայության։ Visa-ի պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ժամանակակից աշխարհում հաջողության է հասնում նա, ով չի վախենում մերժել ստանդարտներին։