COVID-19-ը համավարակը և դրա կանխարգելման համար ձեռնարկված միջոցառումները էական ազդեցություն են ունեցել ապրանքային շուկաների և մատակարարման ցանցերի վրա և, հավանաբար, կշարունակեն ազդել դրանց վրա ավելի երկարաժամկետ հեռանկարում: Համավարակի առաջացրած համաշխարհային տնտեսական ցնցումը հանգեցրել է շատ հումքային ապրանքների գների նվազման։ Ըստ Համաշխարհային բանկի «Ապրանքահումքային շուկաների հեռանկարներ» ապրիլյան զեկույցի՝ ակնկալվում է, որ համավարակը կհանգեցնի էապես ցածր գների 2020թ․ ընթացքում, ընդ որում՝ ամենաշատը կտուժեն էներգակիրները, իսկ ամենաքիչը՝ գյուղատնտեսական ապրանքները:
Գծապատկեր 1․ Հումքային ապրանքների գների անկումը
Աղբյուրը՝ Համաշխարհային բանկ
Պետք է նշել, որ գների կանխատեսումների համար ռիսկերը մեծ են երկու (բարձրացման և նվազման) ուղղություններով էլ, և մեծապես կախված են համավարակը զսպելու արագությունից և կանխարգելման միջոցառումների չեղարկումից:
Համավարակն ամենից շատ ազդել է անմշակ (հում) նավթի շուկայի վրա
COVID-19-ի տարածումը կանխարգելելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները հանգեցրել են տնտեսական ակտիվության և տրանսպորտի ոլորտի աննախադեպ անկման, որն էլ իր հերթին ազդեցություն է ունեցել անմշակ նավթի շուկայի վրա, քանի որ նավթի երկու երրորդն օգտագործվում է տրանսպորտի համար: Նավթի պահանջարկի ներկայիս կրճատումը գերազանցում է նախորդ համաշխարհային անկումները։
Գծապատկեր 2․ Նավթի պահանջարկի նվազումը տոկոսային հարաբերությամբ ներկա և նախորդ ճգնաժամերի դեպքում
Աղբյուրը՝ Համաշխարհային բանկ
Ըստ կանխատեսումների՝ 2020 թվականին անմշակ նավթի 1 բարելի դիմաց միջին գինը կկազմի 35 դոլար՝ արտացոլելով նավթի պահանջարկի աննախադեպ անկումը: Brent տեսակի նավթի գները հունվար ամսվա առավելագույնի նկատմամբ նվազել են 70 տոկոսով, իսկ ապրիլին Նավթ արտահանող երկրների կազմակերպության անդամ և նավթ արդյունաբերող այլ երկրների կողմից արտադրության ծավալների պատմականորեն խոշոր կրճատումը չհանգեցրեց գների բարձրացման: Անմշակ նավթի բոլոր տեսակները կտրուկ անկումներ են գրանցել, ընդ որում՝ որոշ տեսակների դեպքում գների կարճատև բացասական մակարդակ է արձանագրվել: Ակնկալվում է, որ 2020 թվականին անմշակ նավթի պահանջարկը տարեկան կտրվածքով կնվազի գրեթե 10 տոկոսով՝ երկու անգամ ավելի, քան նախորդ անկումների դեպքում: Ընդհանուր առմամբ էներգակիրների միջին գները 2020 թվականին կնվազեն 40 տոկոսով, սակայն 2021 թվականին տեղի կունենա էական վերականգնում:
Արդյունաբերական պահանջարկի կրճատման հետևանքով նվազել են մետաղների գները
2020 թվականի առաջին եռամսյակում նվազեցին նաև մետաղների գները: Հատկապես զգալի նավեցին պղնձի և ցինկի գները, որոնք սերտորեն կապված են աշխարհում տնտեսական ակտիվության հետ:
Գծապատկեր 3․ Պղնձի գների կտրուկ նվազումը, ԱՄՆ դոլար
Աղբյուրը՝ Համաշխարհային բանկ
Ըստ կանխատեսումների՝ 2020 թվականի ընթացքում մետաղների գները կնվազեն 13 տոկոսով, քանի որ պահանջարկի նվազումը և արդյունաբերության հիմնական ճյուղերի դադարեցումն ուժեղ ազդեցություն է ունենում շուկայի վրա: Արդյունաբերական մետաղները հատկապես կտուժեն համաշխարհային տնտեսության դանդաղելուց, մասնավորապես Չինաստանի տնտեսության, որին բաժին է ընկնում մետաղների համաշխարհային պահանջարկի կեսից ավելին: Մետաղների մեծ մասի գների անկումն արտացոլում է համաշխարհային արդյունաբերական պահանջարկի կրճատումը COVID-19 համավարակի պատճառով:
Գծապատկեր 4․ Վերամշակող արդյունաբերության արտադրանքի համաշխարհային թողարկումը
Աղբյուրը՝ Համաշխարհային բանկ
Խթանող միջոցառումները և մատակարարման աճող խնդիրները մինչ այժմ սահմանափակ ազդեցություն են ունեցել մետաղների գների վրա: COVID-19 համավարակի հետևանքով մետաղների գների անկումը ներկայումս ավելի քիչ է, քան 2008թ․ Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի դեպքում էր:
Պարենային ապրանքների գները նույնպես նվազել են
COVID-19 համավարակի տարածումը կանխարգելող միջոցառումների, որոշ հացահատիկների ռեկորդային ծավալների արտադրանքի և հիմնական արտադրական շրջաններում եղանակային բարենպաստ պայմանների հետևանքով պարենային ապրանքների մեծ մասի գները նվազել են: Աճել են միայն բրնձի գները՝ կապված Արևելյան Ասիայի որոշ արտադրողների կողմից սահմանափակումների վերաբերյալ հայտարարությունների հետ և եղանակով պայմանավորված արտադրության կրճատմամբ:
Գծապատկեր 5․ Պարենային ապրանքների գների տոկոսային փոփոխությունը
Աղբյուրը՝ Համաշխարհային բանկ
Ընդհանուր առմամբ, սպասվում է, որ պարենային ապրանքների գները կայուն կմնան 2020 թվականի ընթացքում, քանի որ սննդամթերքի հիմնական տեսակների արտադրության ծավալները և պաշարները ռեկորդային բարձր մակարդակի են: Այնուամենայնիվ, գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը կարող է բախվել խափանումների առևտրի և ռեսուրսների իրացման (ինչպիսիք են պարարտանյութերը և թունաքիմիկատները) ոլորտներում, ինչպես նաև աշխատուժի պակասի: Մատակարարման ցանցի խափանումներն արդեն ազդել են զարգացող երկրներից փչացող ապրանքների (ինչպիսիք են ծաղիկները, մրգերն ու բանջարեղենը) արտահանման վրա:
Առկա է անհանգստություն սննդի անվտանգության հարցում
Թեև պարենի համաշխարհային շուկաները շարունակում են բավարար քանակությամբ ապահովված լինել վերջին առատ, հատկապես եգիպտացորենի և ցորենի բերքից հետո, այնուամենայնիվ, որոշ հիմնական արտահանողների կողմից վերջերս արված հայտարարությունները, մատակարարումների ցանցի խափանումները, ինչպես նաև որոշ ներմուծողների կողմից «ավելցուկային» գնումները մտահոգությունների տեղիք են տվել սննդի անվտանգության մասով: Սննդի անվտանգության առումով հատկապես խոցելի են ցածր եկամուտ ունեցող երկրները, քանի որ այդ երկրներում պարենային ապրանքներին բաժին է ընկնում տնային տնտեսությունների ծախսերի ավելի մեծ մասը, քան մյուս երկրներում։
Գծապատկեր 6․ Տնային տնտեսությունների սպառողական ծախսերի մեջ պարենային ապրանքների տեսակարար կշիռը, %
Աղբյուրը՝ Համաշխարհային բանկ
Ապրանքային շուկաների այս ցնցումները և նավթի ցածր գները կարող են լրջորեն վնասել զարգացող երկրների տնտեսություններին և վտանգել անհրաժեշտ ներդրումների հոսքը դեպի կենսական նշանակության ենթակառուցվածքներ, որոնք ապահովում են երկարաժամկետ տնտեսական աճը և որակյալ աշխատատեղերի ստեղծումը: