Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտների ցանկը կլրացվի նոր՝ անտառների վերականգնման, անտառապատման, օգտագործման, խնամքի իրականացման աշխատանքներով: Հայաստանի Հանրապետությունում լայնածավալ անտառապատման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունից ելնելով՝ նախատեսվում է 2020 թ.-ին 10 մլն ծառ տնկել:
Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման առավելագույն տևողությունը 3 ամիս է: Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, աշխատանքներում ընդգրկված քաղաքացիներին՝ օժանդակ աշխատանքներ կատարելու համար մեկ աշխատանքային օրվա համար կվճարվի 5 հազ. դրամ՝ ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը:
Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով մի կողմից աջակցություն կցուցաբերվի Հայաստանում իրականացվող լայնածավալ անտառապատման և անտառավերականգնման աշխատանքներին, մյուս կողմից` ժամանակավոր աշխատանքով կաապահովվեն մարզերում բնակվող գործազուրկ քաղաքացիները:
Վարձատրվող հասարակական աշխատանքներն իրականացվում են ՀՀ մարզերում, ընդ որում, առաջնահերթության կարգով` բարձր լեռնային և կամ սահմանամերձ բնակավայրերում:
Վարձատրվող հասարակական աշխատանքներում կարող են ընդգրկվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնում հաշվառված և գործազուրկի կարգավիճակ ստացած անձինք: