Financial Times-ի հաղորդմամբ՝ Անգլիայի Բանկը կանխատեսում է, որ կորոնավիրուսային ճգնաժամը Մեծ Բրիտանիայի տնտեսությանը մղելու է 300 տարվա ընթացքում իր խորն անկման, իսկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում արտադրության ծավալը կկրճատվի գրեթե 30 տոկոսով:
Կենտրոնական բանկն իր դրամավարկային քաղաքականության հաշվետվության մեջ ներկայացրել է տնտեսության վերաբերյալ կանխատեսումներ՝ ենթադրելով, որ առաջին եռամսյակում արտադրության ծավալը կկրճատվի 3 տոկոսով, որին կհաջորդի երկրորդ կիսամյակի 25 տոկոս անկումը: Դա, ընդհանուր առմամբ, կնշանակի գրեթե 30 տոկոս անկում 2020 թվականի առաջին կիսամյակում, ամենաարագ և խորը անկումը 1709 թվականին «մեծ սառնամանիքից» հետո:
Տնտեսական կանխատեսումները Բրիտանիայի բանկերին նախազգուշացնում են, որ եթե փորձեն կրճատել կորուստները վարկավորումը սահմանափակելու միջոցով, նրանք ավելի կվատացնեն իրավիճակը:
Անգլիայի բանկը գտնում է, որ նույնիսկ բավարար վարկավորման դեպքում տնտեսությունը մեծ հարված կստանար. տնային տնտեսությունների ծախսերը մարտի սկզբից կրճատվել են մոտ 30 տոկոսով:
Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ Մեծ Բրիտանիայի գործազրկության մակարդակը, 2021թ.-ին հավանաբար, կաճի մինչև 9 տոկոս, անգամ կառավարության աշխատատեղերի պահպանման ծրագրի դեպքում: Դա նշանակում է ավելի բարձր գործազրկության մակարդակ, քան 2008-09 թվականների ֆինանսական ճգնաժամից հետո էր:
Կենտրոնական բանկը կանխատեսում է նաև, որ 2021 թվականին գնաճը կնվազի մինչև 0,5 տոկոս, մինչ հաջորդ տարի 2 տոկոս նպատակային ցուցանիշին վերադառնալը: