2008-09թթ․ ֆինանսական ճգնաժամից հետո համաշխարհային տնտեսությունը պարուրած անհավասարակշռությունն ու ռիսկերը սրվեցին տնտեսական քաղաքականության սխալների հետևանքով: Կառուցվածքային խնդիրները լուծելու փոխարեն, որոնք բացահայտեցին ֆինանսական ճգնաժամը և դրան հաջորդող անկումը, կառավարությունները հիմնականում խուսափեցին կամ հետաձգեցին այդ խնդիրների լուծումը՝ ստեղծելով լուրջ ռիսկեր, որոնք անխուսափելի դարձրեցին ևս մեկ ճգնաժամ:
Եվ ահա, երբ այդ ճգնաժամը սկսվել է, ռիսկերն ավելի են մեծանում: Դժբախտաբար, եթե նույնիսկ Մեծ անկումն այս տարի հանգեցնի U տեսքի (բնութագրում է տնտեսության աստիճանաբար անկումը և աստիճանաբար վերականգնումը) թույլ վերականգնման, այդ ռիսկային միտումների պատճառով այս տասնամյակում ավելի ուշ կհաջորդի L տեսքի (բնութագրում է տնտեսության կտրուկ անկումը, բայց առանց համապատասխան կտրուկ վերականգնման) «ավելի մեծ ճգնաժամ»:
Առաջին միտումը վերաբերում է բյուջեի պակասուրդին և դրանից բխող ռիսկերին՝ պետական պարտքին և դեֆոլտներին: COVID-19 ճգնաժամին տնտեսական քաղաքականության արձագանքը հանգեցնում է բյուջեի պակասուրդի զանգվածային աճի` ՀՆԱ-ի մոտ 10% և ավելի չափով, և դա այն ժամանակ, երբ շատ երկրներում պետական պարտքի մակարդակն արդեն բարձր էր, եթե ոչ անկայուն: Հայաստանի դեպքում ևս պետական բյուջեի պակասուրդը կաճի՝ հասնելով ՀՆԱ-ի 5.0 %-ին ըստ 2020թ․ պետբյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի։
Բացի այդ, շատ տնային տնտեսությունների և ձեռնարկությունների եկամուտների կորուստը նշանակում է, որ մասնավոր հատվածի պարտքի մակարդակը նույնպես կդառնա անկայուն, ինչը կարող է հանգեցնել պարտավորությունների զանգվածային չկատարման և սնանկությունների: Պետական պարտքի աճող մակարդակի պայմաններում նման իրավիճակը գրեթե երաշխավորում է ավելի դանդաղ վերականգնում, քան մեկ տասնամյակ առաջ Մեծ ճգնաժամին հաջորդած վերականգնումն էր:
Երկրորդ խնդիրը զարգացած երկրներում ժողովրդագրական դանդաղ գործող ռումբն է: COVID-19 ճգնաժամը ցույց է տալիս, որ ավելի շատ պետական ծախսեր պետք է հատկացվեն առողջապահական համակարգերին, և որ համընդհանուր առողջապահությունը և համանման այլ հանրային բարիքներն անհրաժեշտություն են, այլ ոչ թե շքեղություն: Այնուամենայնիվ, քանի որ զարգացած երկրների մեծամասնությունն ունի ծերացող բնակչություն, ապագայում նման ծախսերի ֆինանսավորումն ավելի կմեծացնի առողջապահության և սոցիալական ապահովության այսօր չֆինանսավորվող համակարգերի ենթադրյալ պարտքերը:
Հաջորդ խնդիրը գնանկման աճող ռիսկն է: Բացի խորը տնտեսական անկումից, COVID-19 ճգնաժամը նաև հանգեցնում է ապրանքների (չօգտագործված մեքենաներ և կարողություններ) և աշխատաշուկայի (գործազրկություն) զանգվածային լճացման, ինչպես նաև այնպիսի ապրանքների գների անկման, ինչպիսիք են նավթը և արդյունաբերական մետաղները: Դա հավանական է դարձնում պարտքի արժեզրկումը՝ մեծացնելով անվճարունակության ռիսկը:
Գնանկմամբ պայմանավորված ի հայտ է գալիս արժույթի արժեզրկման ռիսկը: Քանի որ կենտրոնական բանկերը փորձում են պայքարել գնանկման դեմ և կանխել տոկոսադրույքների բարձրացման ռիսկը (որպես պետական պարտքի զանգվածային աճի հետևանք), դրամավարկային քաղաքականությունները կդառնան ավելի ոչ ավանդական և հեռուն գնացող: Կարճաժամկետ հատվածում կառավարությունները ստիպված կլինեն դիմել կենտրոնական բանկի կողմից բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը՝ լճացումից և գնանկումից խուսափելու համար: Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում արագացած ապագլոբալացման և նորացված հովանավորչության պատճառած առաջարկի բացասական ցնցումների հետևանքով ստագֆլյացիան (այն իրավիճակը, երբ տնտեսական անկումն ու տնտեսության խաթարված վիճակն ուղեկցվում են գնաճով) կդառնա գրեթե անխուսափելի:
Լուրջ մարտահրավեր է տնտեսության ավելի մեծ թվային խզումը: Միլիոնավոր մարդկանց՝ աշխատանքը կորցնելու կամ աշխատելու ու ավելի քիչ վաստակելու պայմաններում 21-րդ դարի տնտեսության եկամուտների և հարստության ճեղքվածքներն էլ ավելի կխորանան: Մատակարարումների շղթայի ապագա ցնցումներից պաշտպանվելու համար զարգացած երկրների ընկերությունները ցածր ծախսերով տարածաշրջաններից արտադրությունը կտեղափոխեն ավելի թանկ տեղական շուկաներ: Բայց տվյալ երկրի աշխատողներին օգնելու փոխարեն այս միտումը կարագացնի ավտոմատացման տեմպը՝ ճնշում գործադրելով աշխատավարձերի բարձրացման վրա և հետագայում առաջացնելով ազգայնականության ու այլատյացության խնդիրներ:
Դա մատնանշում է հաջորդ միտումը՝ ապագլոբալացումը: Համաճարակը արագացնում է բաժանման գործընթացները, որոնք արդեն ընթանում էին: ԱՄՆ-ն ու Չինաստանն ավելի արագ կապերը կխզեն, իսկ շատ երկրներ կարձագանքեն՝ կիրառելով ավելի հովանավորչական քաղաքականություն գլոբալ ցնցումներից տեղական ընկերություններին և աշխատողներին պաշտպանելու համար: Հետհամավարակային աշխարհը կբնութագրվի ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի, տեխնոլոգիաների, տվյալների և տեղեկատվության տեղաշարժի ավելի խիստ սահմանափակումներով: Այս գործընթացն արդեն տեղի է ունենում դեղագործության, բժշկական սարքավորումների և սննդի ոլորտներում, որտեղ ի պատասխան ճգնաժամի՝ կառավարությունները մտցրել են արտահանման սահմանափակումներ և հովանավորչական այլ միջոցներ:
Դեմոկրատիայի դեմ անբարենպաստ արձագանքը կուժեղացնի այս միտումը: Պոպուլիստ առաջնորդները հաճախ օգուտ են քաղում տնտեսական թուլությունից, զանգվածային գործազրկությունից և աճող անհավասարությունից: Ընդլայնված տնտեսական անապահովության պայմաններում ճգնաժամի համար օտարերկրացիներին մեղադրելու ուժեղ խթան կլինի: Արտադրական բանվորները և միջին խավի լայն խմբեր կդառնան ավելի զգայուն պոպուլիստական հռետորաբանության, մասնավորապես՝ միգրացիան և առևտուրը սահմանափակելու առաջարկների նկատմամբ:
Սա ընդգծում է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առկա աշխարհառազմավարական հակամարտությունը: ԱՄՆ իշխանությունների՝ Չինաստանին համավարակի համար մեղադրելու բոլոր ջանքերը գործադրելու դեպքում Չինաստանի իշխանություններն իրենց հերթին կուժեղացնեն այն պնդումը, որ ԱՄՆ-ը դավադրաբար պատրաստվում է կանխել Չինաստանի խաղաղ վերելքը: Առևտրի, տեխնոլոգիաների, ներդրումների, տվյալների և արժութային պայմանավորվածությունների մասով չին-ամերիկյան տարանջատումները կարագանան: Դիվանագիտական այս խզումը պայմաններ կստեղծի նոր սառը պատերազմի ԱՄՆ-ի և նրա մրցակիցների՝ Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի միջև: Եվ քանի որ տեխնոլոգիաները կարևորագույն զենքն են ապագայի ոլորտները վերահսկելու գործում և համավարակների դեմ պայքարում, ԱՄՆ-ի տեխնոլոգիաների մասնավոր ոլորտն ավելի կինտեգրվի ազգային անվտանգություն-արդյունաբերություն համալիրին:
Վերջին մարտահրավերը, որը չի կարելի անտեսել, շրջակա միջավայրի խաթարումն է։ Ինչպես ցույց է տվել COVID-19 ճգնաժամը, դա կարող է ավելի մեծ տնտեսական քաոս առաջացնել, քան ֆինանսական ճգնաժամը: Կրկնվող համաճարակները, ինչպես կլիմայի փոփոխությունը, ըստ էության, տեխնածին աղետներ են, որոնք թույլ առողջության և սանիտարական վատ նորմերի, բնական համակարգերի չարաշահման և գլոբալացված աշխարհի աճող փոխկապվածության հետևանք են: Համավարակները և կլիմայի փոփոխության բազմաթիվ հիվանդածին ախտանիշները հետագա տարիներին կդառնան ավելի հաճախակի, ծանր և թանկ արժեցող:
Այս ռիսկերը, որոնք արդեն նշմարվել էին դեռ COVID-19-ի ճգնաժամից առաջ, այժմ սպառնում են ահռելի փոթորիկ բարձրացնել, որը համաշխարհային տնտեսությանը կներքաշի հուսահատության տասնամյակի մեջ: Հայտնի տնտեսագետ Ռուբինիի խոսքերով՝ տեխնոլոգիաները և առավել գիտակ քաղաքական ղեկավարությունը ի վիճակի կլինեն նվազեցնել, լուծել կամ նվազագույնի հասցնել այս խնդիրներից շատերը միայն 2030-ական թվականներին՝ սկիզբ տալով ավելի ներառական, համագործակցային և կայուն միջազգային իրավիճակի: Բայց մինչ այդ պետք է պատվով հաղթահարել այս ճգնաժամը։