Համավարակը փոխել է մեր առօրյա կյանքի գրեթե բոլոր ոլորտները, և սպառողական ծախսերը նույնպես բացառություն չեն: Սպառողական ծախսերը համաշխարհային տնտեսական աճի ամենակարևոր շարժիչ ուժերից են: Բացի սպառողական ծախսերը որոշող մի քանի գործոնների վրա ազդելուց, ինչպիսիք են սպառողի վստահությունը, գործազրկության մակարդակը կամ «կյանքի գինը», համավարակը կտրուկ փոխել է նաև այն, թե ինչպես և որտեղ են սպառողները նախընտրում ծախսել իրենց աշխատած գումարները: Քանի որ սահմանափակումները շարունակվում են, սպառողները դեռ ակնկալում են եկամուտների կրճատում, հետևաբար սահմանափակում իրենց ծախսերը՝ ցնցումներ առաջացնելով տնտեսության տարբեր ճյուղերում: Եթե որոշ ճյուղեր ավելի լավ վիճակում են այս համավարակի ազդեցությանը դիմակայելու համար, ապա մյուսները կարող են պայքարել միայն գոյատևելու համար:
Քանի որ մարդիկ բախվում են համավարակով պայմանավորված անորոշության հետ, նրանց սպառողական վարքագիծն ավելի անկայուն է դառնում: Այնուամենայնիվ, պարզ է, որ նրանք կրճատել են ոչ հիմնական ապրանքների և ծառայությունների վրա կատարվող ծախսերը: McKinsey-ի անցկացրած գլոբալ հարցման համաձայն՝ երկրները, շարժվելով համավարակի հետագծով, ցույց են տվել լավատեսության առկայծում, որն էլ իր հերթին կարող է ենթադրել ծախսերի աճ: COVID-19-ից հետո տնտեսական վերականգնման նկատմամբ լավատեսության վերաբերյալ հարցումների արդյունքները ներկայացված են գծապատկերում։
Գծապատկեր 1․ Կորոնավիրուսից հետո տնտեսական վերականգնման նկատմամբ լավատեսությունը
Աղբյուրը՝ McKinsey
Մարտի կեսից սկսած Եվրոպայում և Ամերիկայում սպառողների լավատեսությունը նվազել է, մինչդեռ ասիական երկրների մեծ մասը պահպանել է իր լավատեսության մակարդակը: Օրինակ՝ Հնդկաստանի սպառողները լավատեսության ավելի բարձր մակարդակ ունեն, ավելի շատ տնային տնտեսություններ են պլանավորում ավելացնել ծախսերը, մի միտում, որն ակնհայտ է նաև Չինաստանում, Ինդոնեզիայում և Նիգերիայում: Ամերիկացի սպառողները դեռևս ավելի լավատեսորեն են նայում ապագային, քան եվրոպացիները: Ամերիկացիների 37%-ը կարծում է, որ երկիրը կվերականգնվի 2 կամ 3 ամսից՝ չնայած լավատեսության մակարդակն ամենաբարձրն է այն մարդկանց մոտ, ովքեր վաստակում են տարեկան 100 հազ․ դոլարից ավել:
Սպառողները շարունակում են ծախսել, իսկ որոշ առաջին անհրաժեշտության ապրանքների վրա, ինչպիսիք են սննդամթերքը և կենցաղային պարագաները, նախահամավարակային մակարդակից ավելի շատ են ծախսում։ Մեդիա արտադրանքի սպառման սովորությունների փոփոխության պատճառով հարցված գրեթե բոլոր երկրներում սպառողներն ասում են, որ կավելացնեն իրենց ծախսերը տնային զվարճությունների վրա: Սա հատկապես տեղի ունի Կորեայի դեպքում, մի երկրի, որն արդեն ունի է հսկայական զանգվածային խաղային մշակույթ:
Քանի որ Չինաստանում սկսել են սահմանափակումները վերացնել, տնտեսության որոշ ոլորտներ, ինչպիսիք են բենզալցակայանների, մարզասրահների և ընտանի կենդանիների խնամքի ծառայությունները, կարծես թե աշխուժանում են, ինչը կարող է դրական ազդանշան լինել սահմանափակումները վերացնելու ուղղությամբ գնացող այլ երկրների համար: Բայց մինչ սպառողները մեծացնում են իրենց անհրաժեշտ իրերի վրա կատարվող ծախսերը, նրանք նաև նախատեսում են պակաս ծախսեր ապրանքների և ծառայությունների այլ կատեգորիաների համար:
Համավարակի և դրա կանխարգելման համար երկրների կողմից իրականացվող միջոցառումների հետևանքով զգալի անկում գրանցած ոլորտները ներառում են ռեստորանային բիզնեսը և զվարճությունները: Առանձնապես շատ տուժած ճյուղերը, որոնք անկում են ապրում յուրաքանչյուր երկրում, զբոսաշրջությունը և տրանսպորտն են։
Զբոսաշրջության և տրանսպորտի ճյուղերի անխուսափելի անկումը զանգվածային սոցիալական մեկուսացման և ճանապարհորդելու սահմանափակումների կիրառման հետևանք է: Մասնավորապես, ԱՄՆ զբոսաշրջային ոլորտը կարող է ապրիլին և մայիսին ակնկալել եկամտի միջինը 81% անկում, իսկ 2020թ․ ընթացքում կորուստները կկազմեն մոտ 519 միլիարդ դոլար, ինչը կհանգեցնի 1,2 տրիլիոն դոլար ընդհանուր տնտեսական ազդեցության կամ կորստի: Ընդհանուր առմամբ, զբոսաշրջության ոլորտի եկամուտների վրա COVID-19-ի ազդեցության գնահատումը 2020թ․ համար ըստ ամիսների ներկայացված է գծապատկերում։
Գծապատկեր 2․ Զբոսաշրջության ոլորտի եկամուտների վրա կորոնավիրուսի ազդեցությունը
Ըստ Ճանապարհորդության և զբոսաշրջության համաշխարհային խորհրդի տվյալների՝ զբոսաշրջության ոլորտում վտանգված են 50 միլիոն աշխատատեղեր, որոնցից 30 միլիոնը՝ Ասիայում: Հաշվի առնելով, որ ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտը կազմում է համաշխարհային արդյունքի (ՀՆԱ-ի) 10.4%-ը, դանդաղ վերականգնումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ:
Մտահոգիչ անկում է գրանցում նաև հագուստի ոլորտը։ Աշխարհում հագուստի ինչպես առցանց, այնպես էլ սովորական վաճառքները մեծ հարված են ստանում: Օրինակ՝ Չինաստանում հագուստի սպառումը նախահամավարկային մակարդակի համեմատ 40-50%-ով ավելի ցածր է: Քանի որ սպառողները զսպում են իրենց ծախսերը, հագուստ արտադրողները (հատկապես բրենդային) ստիպված են կրճատել արտադրությունը և վերանայել շուկայում իրենց դիրքավորումը:
Ամբողջ աշխարհում սպառողների ավելի քան 75 տոկոսը ակնկալում է, որ COVID-19-ի ազդեցությունն իրենց կենսակերպի և ֆինանսների վրա կզգացվի ավելի քան երկու ամիս, իսկ մոտ 50 տոկոսը կարծում է, որ դրա ազդեցության տևողությունը կլինի ավելի քան չորս ամիս:
Ակնհայտ է, որ համավարակը հավասարապես չի ազդել բոլոր ոլորտների վրա: Որոշ ոլորտների դեպքում տեղի ունեցող փոփոխությունները հաշվի առնելու ճանապարհով սպառողների ընդհանուր տպավորությունների վերականգնումը կարող է հանգեցնել շատ անհրաժեշտ աշխուժացմանը: Մյուս ընկերություններն այլ ընտրություն չունեն, քան սպասելը: Անկախ դրանից, յուրաքանչյուր ոլորտ բախվում է մեկ ընդհանուր ճշմարտության. համավարակից հետո կյանքը զգալիորեն կտարբերվի: