Կորոնավիրուսի համավարակը հանգեցրել է աննախադեպ ճգնաժամի։ Աննախադեպ, քանի որ այն ավելի բարդ է՝ մեր առողջության ու տնտեսությունների համար միմյանց հետ կապված ցնցումներով, որոնք գրեթե ամբողջությամբ կանգնեցրել են մեր առօրյան և փոխել կեսակերպը։ Բացի այդ, նաև ավելի անորոշ, քանի որ մենք միայն աստիճանաբար և ընթացքում ենք սովորում, թե ինչպես նոր վիրուսը բուժել, դրա կանխարգելումն առավել արդյունավետ դարձնել և «վերագործարկել» մեր տնտեսությունները։ Համավարակը սահմաններ չի ճանաչում, իսկ հեռանկարը շարունակում է բնորոշվել բարձր անորոշությամբ ու տարբեր ռիսկերով։
Ամբողջ աշխարհում կառավարությունները աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկել համավարակի դեմ պայքարի գործում՝ կյանքեր փրկելու, իրենց հասարակություններն ու տնտեսությունները պաշտպանելու համար: Երկրների կողմից մինչ այժմ խոստացված հարկաբյուջետային միջոցառումները կազմում են մոտ 8 տրիլիոն ԱՄՆ դոլար։ Կենտրոնական բանկերը ձեռնարկել են իրացվելիության լայնածավալ ներարկումներ:
Օրինակ՝ Գերմանիան և Իտալիան ուղղակի ծախսերի, բանկային երաշխիքների և վարկային ու արժեթղթերում ներարկումների համար հատկացրել են համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ավելի քան 30%-ը՝ ընդհանուր 1,84 տրիլիոն դոլար համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների: Ըստ երկրների բյուջետային աջակցության ծավալները բաշխվում են հետևյալ կերպ (տե՛ս գծապատկեր 1-ը)։
Գծապատկեր 1․ Բյուջետային աջակցությունն ըստ երկրների
Աղբյուրը՝ Bloomberg
Երկրների կառավարությունների կողմից իրականացվող բյուջետային աջակցության փաթեթները տարբեր են։ Եթե զարգացած տնտեսությունների համար բյուջետային մեծածավալ աջակցությունները նորմալ երևույթ են, ապա զարգացող երկրների կառավարությունները այդպիսի հնարավորություններ չունեն: Նրանց բյուջետային փաթեթները շատ սահմանափակ են, իսկ վարակի բռնկումները կառավարելու համար ենթակառուցվածքները բավարար զարգացած չեն: ԱՄՀ տվյալների և ավելի քան 60 երկրներից Bloomberg News-ի կողմից հավաքագրված հաղորդագրությունների համաձայն՝ աֆրիկյան և լատինաամերիկյան շատ երկրներ չեն կարողացել տրամադրել նույնիսկ մի քանի միլիարդ դոլարի բյուջետային աջակցություն: Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար ուղղվող միջոցների պատճառով հարուստ և աղքատ երկրների միջև ճեղքվածքը կարող է խորանալ, ինչը սպառնում է մեծացնել համաշխարհային տնտեսության հիմնախնդիրները:
Մոտ 8 տրիլիոն դոլար ընդհանուր արժողությամբ համաշխարհային բյուջետային աջակցության մեծ մասը բաղկացած է զարգացած երկրներում բանկային երաշխիքներից[1]։ Օրինակ՝ Ֆրանսիան և Իսպանիան բանկային երաշխիքների համար հատկացրել են, համապատասխանաբար, 300 միլիարդ և 100 միլիարդ դոլար: Իրականացվող միջոցառումները ներառում են ծախսերի մեծացում և կորցրած եկամուտներ (3,3 տրիլիոն դոլար), պետական հատվածի վարկավորում և կապիտալի ներարկումներ (1,8 տրիլիոն դոլար) և երաշխիքներ (2,7 տրիլիոն դոլար):
Գծապատկեր 2․ Երկրների բյուջետային աջակցության ծավալները ՀՆԱ-ի նկատմամբ
Աղբյուրը՝ Bloomberg։
Ծանոթագրութուն։ Սև գույնով ծախսերի մեծացումը և կորցրած եկամուտներն են, կարմիրով՝ պետական հատվածի վարկավորումը և կապիտալի ներարկումները, իսկ գազարագույնով՝ երաշխիքները։
Ներկայացված տվյալները կենտրոնական բանկի կողմից ֆինանսավորումը չեն ներառում: Ֆինանսական աջակցությունը, ընդհանուր առմամբ, բաժանվում է երեք կատեգորիայի.
- ուղիղ օգնություն վիրուսին բժշկական հակազդման համար,
- սպառողներին աջակցություն, ներառյալ կանխիկի բաժանումը,
- միջոցներ բիզնեսին՝ ներառյալ հարկային արձակուրդները, վարկային օժանդակությունը, բանկային երաշխիքները և աշխատավարձի սուբսիդավորումը:
Ըստ Bloomberg Economics-ի՝ մինչ այժմ կորոնավիրուսային ճգնաժամի հաղթահարման համար Չինաստանի իրականացրած բյուջետային միջոցառումները կազմել են մոտ 3 տրիլիոն յուան (424 միլիարդ դոլար) կամ ՀՆԱ-ի 3%-ը: Այդ միջոցառումները ներառում են գործազրկության ապահովագրության ավելի արագ վճարումներ, փոքր ձեռնարկությունների համար ավելացված արժեքի հարկի ավելի ցածր դրույքաչափեր և ենթակառուցվածքներում ներդրումներ: Ճապոնիայի բյուջետային աջակցությունը կազմում է ՀՆԱ-ի ավելի քան 20%-ը, իսկ Սինգապուրի, Հոնկոնգի և Ավստրալիայի դեպքում աջակցության ծախսերը կազմում են ՀՆԱ-ի 10%-ը կամ ավելին: Թաիլանդում, որտեղ զբոսաշրջության ոլորտը կազմում է տնտեսության մոտ մեկ հինգերորդը, իշխանությունները պատրաստել են աջակցության մի քանի փաթեթներ, որոնք միավորում են կենտրոնական բանկի և կառավարության միջոցառումները:
ԱՄՆ-ն ընդունեց օրենսդրական երեք տարբեր ակտեր, որոնք միասին խոստանում են ավելի քան 2 տրիլիոն դոլար աջակցություն վիրուսի դեմ պայքարի համար, ընդ որում՝ օրենսդիրները մոտ են ավարտին հասցնելու գրեթե կես տրիլիոն դոլար արժողությամբ համաձայնությունը լրացուցիչ օգնության համար: Ամերիկացի հարկ վճարողները ստացել են կանխիկ դրամական միջոցներ իրենց բանկային հաշիվներին, մինչդեռ փոքր ձեռնարկությունները դիմել են 349 միլիարդ դոլար ծավալով աշխատավարձերի աջակցության ծրագրի ավելացմանը, որը վերջացավ երկու շաբաթից էլ պակաս ժամանակում։ Անցած շաբաթ Նախագահ Թրամփը հայտարարեց, որ կառավարությունը հաստատված ֆինանսավորումից ուղղակի վճարումների տեսքով 16 միլիարդ դոլար կհատկացնի ծանր վիճակում հայտնված ֆերմերներին, ևս 3 միլիարդ դոլար՝ մսի, կաթնամթերքի և այլ մթերքների կառավարության գնումներին:
Գերմանիան ավելի քան 1 տրիլիոն դոլար օգնություն է խոստացել, որի շուրջ կեսը բանկային երաշխիքների տեսքով: Մեծ Բրիտանիայի իշխանությունները գովասանքի են արժանացել իրենց միջոցառումների համար, որոնք ընդհանուր առմամբ կազմում են ավելի քան կես տրիլիոն դոլար և ներառում են օգնություն հարկադիր չվճարվող արձակուրդում գտնվող աշխատողներին և խոցելի խմբերին, ինչպիսիք են ինքնազբաղվածները: Արգենտինայի իշխանություններն ավելի շատ կենտրոնացած են երկարաժամկետ պարտքային բեռի թեթևացման շուրջ բանակցելու վրա:
Ռուսաստանի կառավարությունը դեռ չի հայտարարել բյուջետային աջակցության ընդհանուր չափը, սակայն վերլուծաբանների հաշվարկներով հարկային արտոնությունները, պետական երաշխիքները և այլ ծախսերը ընդհանուր առմամբ կազմում են մոտ 3 տրիլիոն ռուբլի (38,6 մլրդ դոլար): Հարավաֆրիկան Հանրապետությունը ներկայացրել է 26 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով աջակցության փաթեթ, մինչդեռ հարևան երկրներից շատերը շատ ավելի համեստ փաթեթներ ունեն:
Կորոնավիրուսից բացի Մերձավոր Արևելքի երկրները պայքարում են նաև նավթի շուկայում քաոսի դեմ։ Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը և Բահրեյնը աջակցության փաթեթներ խոստացած առաջին երկրների շարքում են։ Սաուդյան Արաբիան խոստացել է մոտ 79 մլրդ ռիալ (21 մլրդ դոլար) բյուջետային աջակցություն։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Կառավարությունը նախատեսել է 150 մլրդ դրամ (314,5 մլն դոլար կամ ՀՆԱ-ի 2,3 %) սոցիալ-տնտեսական աջակցության փաթեթ հետևյալ հիմնական ուղղություններով`
Ապրիլի 30-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետը հայտնեց, որ պետական օժանդակության ծրագրերի շրջանակում այդ պահի դրությամբ բաշխվել էր շուրջ 54,9 մլրդ դրամ (115 մլն դոլար): Շահառու տնտեսվարողների թիվը, ովքեր օգտվել են պետական օժանդակության ծրագրերից, 22 հազար է եղել, իսկ շահառու ֆիզիկական անձանց թիվը՝ 775 հազար:
Բացառիկ ժամանակները պահանջում են բացառիկ գործողություններ:
[1] Բանկային երաշխիքով վարկատու հաստատությունը երաշխավորում է, որ պարտապանի պարտավորությունները կատարվելու են: Այլ կերպ ասած՝ եթե պարտապանը չկարողանա պարտքը մարել, բանկը կմարի այն: Բանկային երաշխիքը հաճախորդին կամ պարտապանին հնարավորություն է տալիս ձեռք բերել ապրանքներ, սարքավորումներ կամ վարկ վերցնել: Բանկային երաշխիքը բանկի կամ վարկատու այլ հաստատության կողմից տրված խոստում է, որ եթե փոխառուն չկատարի իր վարկային պարտավորությունները, ապա բանկը կփոխհատուցի վնասը: