Ինչպես տեղեկացնում է ֆինանսների նախարարությունը, Հայաստանի Ազգային ժողովը ապրիլի 29-ին ընդունել է 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Փաստաթղթի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը շեշտել էր, որ Հայաստանի կառավարությունը արձանագրում է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամը աննախադեպ է, հետևաբար բյուջեի նախագծով տնտեսական անկման հետևանքները մեղմելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսել է 150 մլրդ դրամի սոցիալ-տնտեսական աջակցության փաթեթներ ուղել մի շարք միջոցառումների իրականացման համար:
Այսպես` 25 մլրդ դրամ կուղվի ձեռնարկություններին, 25 մլրդ դրամ` սոցիալական աջակցության ծրագրերին, 80 մլրդ դրամ` տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղված ծրագրերին, և 20 մլրդ դրամ` պահուստային միջոցներ, անհրաժեշտ վերաբաշխումներ իրականացնելու համար:
Տնտեսական անկման պայմաններում գնահատվել է, որ 2020 թվականին հարկային եկամուտները պետական բյուջեի սցենարի համեմատ կնվազեն մոտ 169.1 մլրդ դրամով: Արդյունքում, անփոփոխ պահելով ծախսերի մակարդակը և ներառելով 150 մլրդ դրամ տնտեսության օժանդակության փաթեթները` պետական բյուջեի պակասուրդը կաճի` հասնելով ՀՆԱ-ում 5.0%-ի, իսկ պետական բյուջեի լրացուցիչ ֆինանսավորման կարիքը կկազմի շուրջ 260 մլրդ դրամ: