Պետությունը, երկրում կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված, կանխատեսում է հարկեր-ՀՆԱ հարաբերակցության նախապես ծրագրված ցուցանիշի նվազում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:
«2019 թվականի արդյունքներով հարկերը ՀՆԱ-ի մեջ եղել են 22.6 տոկոս: Երբ հարկման բազան կրճատվում է, դա նույնիսկ նույն վարչարարության որակի պայմաններում հարկ-ՀՆԱ հարաբերակցության վրա բացասական ազդող գործոն է: Այսինքն՝ ի տարբերություն 2019 թվականի և 2020 թվականի կանխատեսվող 22.6 հարկ-ՀՆԱ հարաբերակցության, կանխատեսում ենք, որ այն կլինի 22.1 տոկոս»,-ասաց նախարարը:
Այսպիսով կանխատեսվում է 6 տրլն 485 մլրդ դրամ համախառն ներքին արդյունքի անվանական մեծություն և դրա 22.1 տոկոսը կամ 1 տրլն 433 մլրդ դրամ հարկային եկամուտներ:
2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագծով ըստ էության նախատեսվում է համավարակի տնտեսական ազդեցությունը մեղմելու համար ներգրավել մոտ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ: Ըստ էության դրանով առաջարկվում է մոտ 150 մլրդ դրամանոց փաթեթ հավանության արժանացնել, որտեղ 25-ական մլրդ դրամ ենթադրվում է, որ պայմանական բաժանմամբ կօգտագործվեն ընթացիկ իրացվելիության խնդրի լուծման նպատակով և սոցիալական խնդիրները մեղմելու համար: Ըստ նախագծի սցենարի՝ կանխատեսվում է տնտեսական աճի կանխատեսված ցուցանիշի կրճատում, հարկային պակաս մուտքեր, սակայն ծախսերը պահպանվում են գրեթե նույն մակարդակի: