ՀՀ տնտեսության վրա կորոնավիրուսի համավարակի բացասական ազդեցության հետևանքով 2020-ի մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում դիտվել է տնտեսական ակտիվության կրճատում, հայտնում են Կենտրոնական բանկից։
Կորոնավիրուսի տարածմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումները մեծացրել են հումքային ու պարենային գների տատանողականությունը: Այս ամենը ՀՀ տնտեսության վրա կշարունակի ունենալ գնանկումային ազդեցություն։
«ԿԲ գնահատականների համաձայն երկրորդ եռամսյակում տնտեսական ակտիվության նվազումը կխորանա՝ պայմանավորված ինչպես առաջարկի, այնպես էլ պահանջարկի կրճատմամբ: Համախառն պահանջարկը հետագայում նույնպես կմնա թույլ, ինչը որոշ չափով կմեղմվի Կառավարության կողմից իրականացվող համավարակի սոցիալական և տնտեսական հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների խթանող ազդեցությամբ: Միևնույն ժամանակ, որոշակի աճել են նաև համավարակի հաղթահարման ժամկետների և տնտեսության վերականգնման հետ կապված անորոշությունները, որոնց նվազումից հետո միայն հնարավոր կլինի գնահատել ՀՀ տնտեսության կառուցվածքի և հեռանկարների ավելի երկարաժամկետ փոփոխությունները»,-ասվում է ԿԲ հաղորդագրության մեջ։
2020-ի մարտին արձանագրվել է 0.5% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.1% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը կրճատվել է և կազմել 0.1%: 2020-ի ապրիլի 28-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5%:
Ըստ ԿԲ խորհրդի՝ գնաճը կարճաժամկետ հատվածում կպահպանվի ցածր մակարդակում՝ նպատակին մոտենալով միայն կանխատեսվող հորիզոնի վերջում։
Չնայած ամենին՝ ԿԲ-ից հայտնում են, որ կանխատեսված հետագծից գնաճի շեղման ռիսկերը գերակշռում են ներքևի ուղղությամբ՝ պայմանավորված թե՛ արտաքին, և թե՛ ներքին գործոններով: Ռիսկերի ցանկացած դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը պատրաստ է ըստ անհրաժեշտության համապատասխանորեն ճշգրտել քաղաքականությունը՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։