Անցած շաբաթ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) հրապարակեց բանկի անդամ երկրների վերաբերյալ իր կանխատեսումները։ Համաձայն այդ կանխատեսումների՝ անդամ երկրների ՀՆԱ-ն 2020թ․ կկրճատվի 2,2%-ով։ Հայաստանում սպասվում է թողարկման 1,7% անկում։
Համաշխարհային տնտեսության ակտիվության նվազումը հիմնականում պայմանավորված է ծառայությունների ոլորտի անկմամբ: Արտադրության ծավալները և նոր պատվերները մարտ ամսին նվազել են դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաարագ տեմպերով: Առավել տուժած ոլորտներն են զբոսաշրջությունը և հյուրանոցային բիզնեսը, տրանսպորտը: Նվազել է վերամշակող արդյունաբերության ճյուղերի թողարկումը, ամենաարագ տեմպերով՝ ներդրումային ապրանքներ արտադրող ոլորտներում: 2009թ․ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր արտահանման պատվերների ամենամեծ կրճատումը ցույց է տալիս միջազգային առևտրի զգալի նվազումը: Սպառողական և ներդրումային պահանջարկի կրճատումը հանգեցնում է կազմակերպությունների գործունեության դադարեցմանը, որոնցից շատերը ստիպված են կրճատել աշխատողներին։
Ամբողջական պահանջարկի նվազման պայմաններում խոշորագույն տնտեսությունների իշխանությունները միջոցներ են ձեռնարկում բնակչությանը, բիզնեսին և ֆինանսական հատվածին աջակցելու համար: Կենտրոնական բանկերը գրեթե միաժամանակ թուլացրեցին դրամավարկային քաղաքականությունը և կարգավորման պահանջները` իջեցնելով հիմնական տոկոսադրույքները և զգալիորեն ընդլայնելով ակտիվների գնման ծրագրերը: Բացի դրամավարկային միջոցառումներից երկրներն ակտիվ քայլեր են ձեռնարկում հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում: Համաձայն COVID-19 տնտեսական խթանման ինդեքսի` ապրիլի 19-ի դրությամբ Ճապոնիայում ֆիսկալ աջակցության ծավալը կազմել է ՀՆԱ-ի 20%-ը, ԱՄՆ-ում՝ 11,7%-ը, Գերմանիայում` 10,7%-ը, Ֆրանսիայում՝ 8,3%-ը, Իտալիայում՝ 5,7%-ը, Մեծ Բրիտանիայում՝ 5.0%-ը, Չինաստանում՝ 3,7%-ը, իսկ Հայաստանում՝ 0,18%-ը: Ընդհանուր առմամբ, Հայաստանում տնտեսությանը պետական օգնության չափը գնահատվում է ՀՆԱ-ի մոտ 2,3%-ը, իսկ տնտեսական աճի մեջ դրա նպաստումը կարող է կազմել 0,7-1,6%:
ԵԱԶԲ-ի ելակետային սցենարը ենթադրում է ցնցումների ժամանակավոր բնույթ և կարանտինային միջոցառումների սահմանափակ տևողություն: Խոշոր տնտեսությունները կկրեն մեծ կորուստներ այս տարվա առաջին եռամսյակի վերջում և երկրորդ եռամսյակի ընթացքում՝ ներքին և արտաքին պահանջարկի կրճատման պատճառով: Ակնկալվում է, որ սահմանափակող միջոցառումները կվերացվեն երկրորդ եռամսյակի ընթացքում, ինչը կնպաստի փուլային վերականգնման սկսվելուն 2020թ․ երկրորդ կեսից: Բանկի կանխատեսումների համաձայն՝ համաշխարհային տնտեսական ակտիվությունը կմոտենա ներուժային մակարդակին 2022թ․ վերջին, որին կնպաստեն երկրների խթանող տնտեսական քաղաքականությունները:
ԵԱԶԲ-ի վերլուծաբաններն առանձնացնում են բանկի անդամ երկրների տնտեսությունների վրա COVID-19 համավարակի ազդեցության ուղիների երկու հիմնական խմբեր: Առաջին խումբը կապված է արտաքին տնտեսական իրավիճակի հետ, ինչը դրսևորվում է տարածաշրջանի երկրների արտահանման պահանջարկի թուլացմամբ, գների անկման հետևանքով արտահանվող հումքային ապրանքներից ստացվող եկամուտների նվազմամբ, դրամական փոխանցումների նվազմամբ, բիզնեսի տրամադրվածության վատթարացմամբ, ինչպես նաև ֆինանսական պայմանների խստացմամբ: ԵԱԶԲ-ի փորձագետների գնահատականների համաձայն՝ 2020 թվականին բանկի անդամ երկրների ՀՆԱ-ի կորուստը արտաքին գործոններից կկազմի միջինը 2 տոկոսային կետ։
Գծապատկեր 1․ Արտաքին պայմանների վատթարացմամբ պայմանավորված համավարակի ազդեցության ուղղակի հետևանքները ԵԱԶԲ-ի անդամ երկրների ՀՆԱ աճի վրա
Աղբյուրը՝ ԵԱԶԲ
Համավարակի ազդեցության ուղիների երկրորդ խումբը կապված է հիվանդության տարածումը զսպելու նպատակով երկրներում կիրառվող ներքին սահմանափակիչ միջոցների հետ: Դրանց ազդեցությունը դրսևորվում է մեծ թվով տնտեսական ոլորտների (առաջին հերթին սպասարկման ոլորտի) ցուցանիշների անկմամբ: Բացի այդ, հնարավոր են երկրորդական ազդեցության հետևանքներ, որոնք պայմանավորված են թույլ ներքին պահանջարկի պահպանմամբ՝ կապված տնտեսական տրամադրվածությունների վատթարացման և կազմակերպությունների (առաջին հերթին՝ փոքր և միջին բիզնեսի) ֆինանսական վիճակի վատթարացման հետ:
Սահմանափակման միջոցառումների իրականացումից ակնկալվող ակնթարթային կորուստը (մեկնաբանվում է որպես կարանտինային միջոցառումների իրականացման ժամանակահատվածում ՀՆԱ-ի նվազում՝ այդ ժամանակահատվածի համար դրա «նորմալ» ծավալի նկատմամբ) կարող է լինել մոտավորապես 16–28%, իսկ դրանց ազդեցությունը տարեկան ցուցանիշի վրա կախված կլինի սահմանափակումների տևողությունից: ԵԱԶԲ-ի գնահատականներով ինքնամեկուսացման մեկ ամիսը հանգեցնում է բանկի անդամ երկրների տարեկան ՀՆԱ-ի մոտ 1,5-3%-ի կորստի (աղյուսակ 1):
Աղյուսակ 1. Կարանտինային միջոցառումներից ԵԱԶԲ-ի անդամ երկրների ՀՆԱ-ի կորուստները
Աղբյուրը՝ ԵԱԶԲ
Հայաստանի համար ՀՆԱ-ի ակնթարթային կորուստները գնահատվում են 18-27%, իսկ տարվա կտրվածքով ՀՆԱ-ի կորուստը կարող է կազմել 2,7-4,2%։ Համավարկի հետևանքները և արտահանվող հումքային ապրանքների գների անկումը կթուլացնեն ներքին սպառողական և ներդրումային պահանջարկը: Հայաստանը կունենա նաև լրացուցիչ ցնցում՝ կապված աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումների ծավալի կրճատման հետ, որոնք ավանդաբար հանդիսանում են տնային տնտեսությունների եկամտի զգալի աղբյուրը: Ընդհանուր առմամբ, համավարակի ազդեցության հետևանքով Հայաստանի ՀՆԱ-ի ուղղակի կորուստը կարող է կազմել 6,5 – 8,9 տոկոսային կետ (աղյուսակ 2)։
Աղյուսակ 2. Համավարակի ուղղակի ազդեցության հետևանքները Հայաստանի ՀՆԱ-ի վրա՝ ըստ տարբեր ուղիների
Աղբյուրը՝ ԵԱԶԲ
2021-2022թթ․ ԵԱԶԲ-ի կանխատեսումը ենթադրում է տարածաշրջանում տնտեսական ակտիվության վերականգնում համաշխարհային տնտեսությունում, ապրանքային և ֆինանսական շուկաներում իրավիճակի կայունացմանը զուգընթաց։ Ըստ այդ կանխատեսումների՝ բանկի անդամ պետությունների ՀՆԱ-ն 2021թ․ կաճի 2.6%-ով, իսկ 2022թ․` 2.3%-ով: Հայաստանի համար այդ ցուցանիշները կկազմեն, համապատասխանաբար, 7,4 և 7,2% (աղյուսակ 3)։
Աղյուսակ 3․ ԵԱԶԲ-ի անդամ երկրների ՀՆԱ-ի աճի տեմպերի կանխատեսում, %
Աղբյուրը՝ ԵԱԶԲ
ԵԱԶԲ-ի կանխատեսման ելակետային սցենարը ենթադրում է բանկի մասնակից երկրներում կիրառված սահմանափակումների աստիճանական չեղարկում համաճարակաբանական իրավիճակի լավացմանը զուգընթաց։ Դրանց երկարաձգման դեպքում ՀՆԱ-ի աճի գնահատականները կարող են վերանայվել նվազման ուղղությամբ։ Համաշխարհային տնտեսության, ինչպես նաև բանկի մասնակից երկրների տնտեսությունների զարգացման հեռանկարների անորոշությունը մնում է բարձր։