Եթե 2020 թվականի տնտեսական աճը լինի բացասական 2-2․6 տոկոս՝ ինչպես ֆինանսների նախարարությունն է կանխատեսում, ապա գլոբալ զարգացումների համատեքստում դա լավ ցուցանիշ կարելի է համարել, իսկ ավելի իրատեսական է, որ ՀՆԱ-ի անկումը տարեվերջին կլինի 4-ից բարձր: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։
Ըստ նրա՝ եթե մեզ հաջողվի տարին ամփոփել 2․6 տոկոս անկումով, ապա դա լավ ձեռքբերում կլինի: Նա նշեց, որ Հայաստանը փոխկապակցված է աշխարհի հետ և եթե առևտրային գործընկեր երկրների տնտեսությունները բացասական փոփոխությունների են ենթարկվում, չի կարող ՀՀ-ի տնտեսության վրա դա փոքր ազդեցություն ունենալ:
«Արժույթի միջազգային հիմնադրամը, որը հարաբերականորեն պահպանողական է իր կանխատեսումներում փոփոխություններ կատարելու առումով, հունվար ամսին կանխատեսում էր 3․3 տոկոս համաշխարհային տնտեսության աճ, ապրիլին արդեն՝ էապես վերանայեց ցուցանիշը և կանխատեսում է 3․0 տոկոսանոց անկում: Նշեմ, որ 2009 թվականին համաշխարհային տնտեսական անկումը եղել է 0․6 տոկոս»,- ասաց նա և հավելեց, որ եթե երկու ամիս առաջ Ռուսաստանի համար կանխատեսվել էր 1․9 տոկոս աճ, հիմա 5․5 տոկոս անկում է կանխատեսվում, իսկ ԱՄՆ-ում, եթե 2 տոկոս աճ էր գնահատվել, հիմա՝ 5․9 տոկոսանոց անկում է գնահատվում:
Հիշեցնենք, որ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում սահմանափակումները կարող են հանգեցնել 2-2․4 տոկոս բացասական ազդեցության՝ ՀՆԱ-ի իրական աճի տեսանկյունից: «Արտաքին և ներքին սահմանափակումները հաշվի առնելով՝ կանխատեսվում է, որ մեր ՀՆԱ-ն կունենա բացասական մեծություն 2 տոկոս չափով, ինչը տարբերվում է տնտեսական աճի ցուցանիշից, որը 4․9 տոկոս էր նախատեսված»,- ասել էր նա:
Վարդան Արամյանն ասաց, որ ճգնաժամերի ժամանակ մակրոմոդելներով գնահատականներ տալը ձախողված է իրատեսական լինել, քանի որ նախկին պատմության և տնտեսական ագենտների (տնային տնտեսություններ, ֆիրմաներ) ռացիոնալ վարքագծերի վրա կառուցված մոդելները ճիշտ չեն աշխատում: «Ես ենթադրում եմ, որ իմ բարեկամ ֆինանսների նախարարը և իր ղեկավարած գերատեսչությունը հիմնականում մոդելային գնահատականով և որոշակի գործակիցների ճշգրտումներով են ստացել այդ կանխատեսված ցուցանիշները, որը կարելի է համարել այս պահին լավատեսական: Ես, մեկ այլ մոտեցումով՝ հարաբերական ցուցանիշների հաշվարկային գնահատման մեթոդով ավելի բարձր անկում եմ ստանում. օրինակ՝ վերցրել եմ ճյուղային զբաղվածությունները և ՀՆԱ-ները, հաշվարկել եմ օրական արտադրողականությունները՝ ըստ առանձին ճյուղերի, դիտարկել եմ պարետատան կողմից կիրառվող ճյուղային սահմանափակումները և դրանց տևողությունները, նայել, թե յուրաքանչյուր ոլորտում, երբ ՀՆԱ չեն ստեղծում, քանի որ ուղղակի առկա է գործունեության սահմանափակումներ, տարեկան արդյունքով ինչ կունենանք: Վերցրել եմ ամիս ու կես տանը մնալու էֆեկտը, այնքան ժամանակ, որքան ՀՆԱ չի ստեղծվելու, արդյունքները ճշգրտել նաև կորցված սպառումով, ստացված արդյունքը հանել եմ կանխատեսվող 4․9 տոկոս ՀՆԱ-ի մակարդակից և ստացել 4 տոկոս և դրանից բարձր անկման ցուցանիշներ՝ տարբեր սցենարներ աշխատացնելով»,- ասաց նա:
Ըստ նրա՝ եթե ֆինանսների նախարարությունը մակրոմոդելների գնահատումով է եկել 2․6 տոկոս բացասական ցուցանիշին, ապա այստեղ զգուշավորություն պետք է ցուցաբերել: Նա օրինակ բերեց, թե ինչպես կարող է մակրոմոդելը ոչ ճիշտ պատկեր տալ. «Օրինակ՝ ընդհանուր հավասարակշռության մակրոմոդելներում դրված է տնային տնտեսությունների ռացիոնալ վարքագծի տրամաբանությունը, որ վերջիններս իրենց սպառումը մաքսիմալացնելու համար արձագանքում են ցածր գներին, սակայն եթե ռեստորանային գներն այսօր 50 տոկոսով նվազեն էլ, չի նշանակում է, որ վաղը քաղաքացիները գնալու են ռեստորան, քանի որ սահմանափակված է քաղաքացիների տեղաշարժը»,- ասաց նա:
Անդրադառնալով պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշի՝ 60 տոկոսին մոտենալու կանխատեսմանը՝ նա ասաց, որ հարկաբյուջետային կանոնների մեջ կա դրույթ, որ այդ բոլոր կանոնները գործում են, երբ նորմալ տնտեսական կյանք է և նախատեսում են բացառման դեպքեր՝ ճգնաժամերի համար: «Պարտքի կառավարման և հարկաբյուջետային կանոնների մեխն այն է, որ պարտք-ՀՆԱ ցուցանիշը պետք է կառավարենք և բարելավենք՝ ավելի շատ շեշտադրում անելով ՀՆԱ-ի աճի վրա: Եթե ճգնաժամային ժամանակահատվածում այդ պարտքը չվեցնենք և չկասեցնենք տնտեսական անկումը, նույն պարտք-ՀՆԱ ցուցանիշն ավելի խորանալու է, քանի որ տնտեսության պոտենցյալն է կոտրվելու: Ֆորսմաժորային իրավիճակ է, չպետք է վախենալ, որ պարտք-ՀՆԱ ցուցանիշը դառնա 60 տոկոս, կարող է 65 տոկոս էլ դառնա: Մեր հիմնական մեխը պետք է լինի տնտեսական ներուժը պահելը, որ երբ այդ ճգմաժամը անցնի, այդ ժամանակ պոտենցյալն ամբողջովին չպետք է զրոյացված լինի»,- ասաց նա:
Ըստ նրա, եթե պետությունն այսօր չկանգնի տնտեսվարողների կողքին և վերջիններս «մահանան», վաղը պետության համար տնտեսություն ստեղծող չի լինի: Նա նշեց, որ հիմա պարտքի աճի վրա բևեռանալ չի կարելի, թեև գումարները պետք է արդյունավետ ծախսվեն, այնուամենայնիվ, նոր պարտք վերցնելը և տնտեսությանն օգնելն անխուսափելի է:
Վարդան Արամյանը գտնում է, որ առաջնահերթ գործողություն կատարելու մեջ կառավարությունը հապաղել է: «Տնտեսական գործիքակազմը թերի է, 14 միջոցառումներից միայն հինգն են նվիրված տնտեսական բաժնին և դրանց մեջ էլ հիմնական երեք միջոցառումները ենթադրում են վարկային փոխանցման մեխանիզմների միջոցով ֆինանսական միջոցների ներարկում դեպի տնտեսություն: Իսկ այդ ուղղով գումարների ներարկումը ժամանակ է պահանջելու, որը կառավարությունն առաջին փուլում ուղղակի չունի: Պատկերավոր ասած, երբ դու ունես ավազան, որի մեջ կան ձկներ, իսկ ավազանի ջուրը կտրուկ նվազում է, քո առաջին քայլն այն չպետք է լինի, որ ընտրես, թե որ ձկանը փրկես, քանի որ շնչահեղձ են լինում բոլորը, առաջին քայլով պետք է ավազանի ջուրն ավելացնել, իսկ հետո տեսնել, թե որ ձկներն են շարունակում լողալ, նրանց սնել ու մեծացնել: Այս վերջինը կարելի է անել վարկային նպատակային գործիքի միջոցով, որը երկրորդ փուլի գործողություն է»,- ասաց նա:
Տնտեսագետը նշեց, որ պետք է հաշվի առնել նաև, որ զարգացող երկրների ներուժը հակաճգնաժամային տնտեսական փաթեթների մասով ավելի փոքր է, քան զարգացած երկրներինը, բայց այդուհանդերձ տնտեսվարողներին առաջին փրկողակը նետելուց հետո վերականգման ծրագրեր առաջարկելու քաղաքականությունն այլընտրանք չունի: «Կառավարությունը, կարծես, ընտրել է ծորակը կամաց բացելու քաղաքականությունը, կամաց ջուրը բացում է, տեսնում է՝ ինչ է կատարվում, հետո շատացնում է: Վախենամ, որ այս պահի դրությամբ դա ճիշտ մոտեցում չէ, քանի որ զարգացումները շատ արագ են տեղի ունենում, տնտեսվարողներն իրենց կամքից անկախ հայտնվում են անվճարողականության դաշտում և երբ կառավարությունը հապաղում է այդ տնտեսվարողների համար փրկօղակ նետել, այդ տնտեսվարողները պարզապես սնանկանալու են»,- ասաց նա և նշեց, որ արդյունքում բանկային համակարգում չաշխատող վարկերի կշիռներն էապես բարձրանալու են, տնտեսական պոտենցյալն էլ թուլանալու է:
«Բոլոր երկրներն առաջին քայլով փրկօղակ են նետում տնտեսվարողներին, լիկվիդայնությունը փորձում են արագ լրացնել, իսկ մեր կառավարությունն իր գործիքակազմով, վախենամ, չի անում դա, քանի որ վարկային գործիքի միջոցով հնարավոր չէ լիկվիդայնության պակասի խնդիրն արագ լուծել: Սովորաբար տնտեսական ճգնաժամերի ժամանակ բանկերը դառնում են խիստ կոնսերվատիվ, ռիսկ չվերցնող, և դրա համար երկու պատճառ կա. առաջինը՝ բոլոր տնտեսվարողները բանկերի աչքերում օբյեկտիվորեն ավելի ռիսկային են դառնում, երկրորդ՝ իրենք էլ լիկվիդայնության խնդիրներ չունենալու մտավախությունից ելնելով՝ հարաբերականորեն ավելի շատ լիկվիդայնություն՝ կանխիկ միջոցներ են պաշարում և չեն ներարկում դրանք տնտեսություն»,- ասաց նա:
Նրա գնահատմամբ՝ դեռ անորոշ է, թե որքան կտևի այս ամենը, պետք էր հարկային գործիքը կիրառել: «Ես կարծում եմ նման իրավիճակում ճիշտ է հարկային արձակուրդ տալ, որը միանգամից լիկվիդայնություն կառաջացներ տնտեսվարողների մոտ, բայց եթե դու լիկվիդայնությունը ներարկում ես վարկային գործիքի միջոցով, դա ժամանակ է պահանջում, չհաշված այն, որ արդեն նշված պատճառներով քչերն են օգտվելու դրանից: Չի բացառվում, որ ստեղծված իրավիճակում կառավարությունը հետագայում ստիպված լինի գնալ արդեն տույժերի և տուգանքների ներումների տարբերակով, քանի որ դա համատարած կարող է լինել, իսկ ներումները հարկային կարգապահությունը նվազեցնող գործիք է՝ ի համեմատ հարկային արձակուրդների»,- ասաց նա։