Պետությունը երկրում ստեղծված իրավիճակի պայմաններում վերանայել է 2020 թվականի պետբյուջեի մասին օրենքում ի սկզբանե դրված ցուցանիշները, մասնավորապես՝ գնահատվել է 169 մլրդ դրամով պակաս հարկային եկամուտի ստացում, սակայն ծախսերի կրճատման սցենար, ըստ էության, չի քննարկվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:
«Կառավարության նիստում ներկայացված սցենարը ենթադրում է, որ մենք 2020 թվականի բյուջեի հիմքում ընկած տնտեսական 4,9 տոկոս իրական աճի փոխարեն կունենանք 2 տոկոս անկում: Կանխատեսումները մեզ թույլ են տալիս այդպիսի եզրահանգման գալ: Դա բնականաբար հանգեցնում է նաև անվանական համախառն ներքին արդյունքի մեծության փոփոխության, ինչը իր հերթին բերում է նաև բյուջետային ցուցանիշների որոշակի վերանայման անհրաժեշտության: Տնտեսության վրա բացասական ազդեցությունների հանգամանքով պայմանավորված՝ կանխատեսվում է տնտեսության չափի նվազում՝ անվանական մեծությամբ: Եթե 7 տրլն 95 մլրդ դրամ է կանխատեսված 2020 թվականի բյուջեի մասին օրենքի բացատրագրում, ապա այս կանխատեսումների ներքո ենթադրում է, որ այն կլինի 6 տրլն 485 մլրդ դրամ: Եվ վերանայվում են նաև այն ցուցանիշները, որոնք ուղղակիորեն կապված են դրա հետ, մասնավորապես հարկային եկամուտները, որոնք ամենամեծ տեսակարար կշիռն ունեն ընդհանուր եկամուտների կազմում՝ շուրջ 94 տոկոս»,-ասաց Ջանջուղազյանը:
Նա նկատեց՝ եկամուտների վերանայումը՝ նվազեցման ուղղությամբ անխուսափելի է՝ հաշվի առնելով, որ այդ եկամուտները առաջանում են տնտեսությունից: Ջանջուղազյանի խոսքով՝ քննարկված սցենարի ներքո գնահատված է շուրջ 169 մլրդ դրամ պակաս եկամուտների ստացում, քան ծրագրով նախատեսված էր:
Նախարարը նաև նկատեց, որ երբ տնտեսության աճի տեմպերը համեմատաբար ցածր են, ապա հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է ընդլայնողական լինի: Եվ այդ տեսակետից կառավարությունը չի քննարկում ծախսերի կրճատման սցենար: «Ծախսերի կրճատումը, համոզված ենք, որ ավելի կխորացնի խնդիրը: Դիտարկում ենք առնվազն պահպանել նույն մակարդակի: Շրջանառված նախագծի տարբերակը 1 տրլն 855 մլրդ դրամ է՝ ի սկզբանե ծրագրային ցուցանիշի համեմատ պակաս ընդամենը 5 մլրդ դրամով»,-ասաց նա:
Կառավարությունն Ազգային ժողովի նախագահին առաջարկել է ապրիլի 28-ին՝ ժամը 11:00-ին, գումարել ԱԺ արտահերթ նիստ: Օրակարգում ի թիվս այլ հարցերի ընդգրկված է նաև «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: