Յուրաքանչյուր տնտեսական ցնցում թողնում է «ժառանգություն»: Կորոնավիրուսային այս ճգնաժամը նույնպես բացառություն չի լինի․ այն աշխարհը կտրուկ փոխող յուրահատուկ իրադարձություն է։
1930-ական թթ․ Մեծ ճգնաժամն առաջ բերեց «մի վատնիր, որ կարիք չունենաս» (այսինքն՝ ոչ մի բան չվատնել, քանի որ ապագայում կարող է դրա կարիքը լինել) մոտեցումը, որը տասնամյակներ շարունակ սահմանում էր սպառողների վարքագիծը: Վայմարյան հանրապետությունում (Գերմանիայի անվանումը 1918-1933թթ․) արձանագրված հիպերինֆլյացիան դեռ հետապնդում է գերմանական ներկայիս տնտեսական քաղաքականությանը: 1970-ականներին նավթի առաջարկի ցնցումը հանգեցրեց էներգախնայողության և արդյունավետության առաջին քայլերին։ 1997-98թթ․ Ասիական ֆինանսական ճգնաժամի հետևանքով տարածաշրջանը կուտակեց արտարժույթի ամենամեծ պաշարները: Վերջին՝ 2008թ.-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամով պայմանավորված պահանջարկի ցնցումը հանգեցրեց բանկային և ֆինանսական ոլորտների նոր, բավականին արմատական կարգավորման:
Այս ճգնաժամն առողջապահական համակարգի արտակարգ իրավիճակ է, որը ցնցում է համաշխարհային տնտեսությունը: Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում մարդիկ սովորեցին դիմակներ կրել, առաջին անհրաժեշտության իրեր պաշարել, չեղարկել սոցիալական հավաքները և գործարար հանդիպումները, ճամփորդելու ծրագրերը, ինչպես նաև տնից աշխատել: Նույնիսկ վարակման համեմատաբար քիչ դեպքեր ունեցող երկրներում են ձեռնարկվում այդ նախազգուշական միջոցներից շատերը:
Նման սովորությունները դեռ երկար կպահպանվեն սահմանափակումների թուլացումից կամ չեղարկումից հետո` զսպելով պահանջարկը: Ինչ վերաբերում է առաջարկին, ապա միջազգային արտադրողները ստիպված են վերանայել, թե որտեղից գնել արտադրական բաղադրիչները և որտեղ արտադրել իրենց ապրանքները՝ արագացնելով փոփոխությունը ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային պատերազմից հետո, որը բացահայտեց արտադրական բաղադրիչների մեկ աղբյուրից օգտվելու ռիսկերը:
Գրասենյակային աշխատատեղերի դեպքում ընդլայնվել են հեռավար աշխատանքի համար հնարավորությունները` սկիզբ դնելով նոր ժամանակաշրջանի, որում տնից աշխատանքը մարդկանց առօրյայի աճող մաս է կազմում: Ըստ Bloomberg-ի՝ եվրոպացիների մեծ մասը տնից չի աշխատել նախորդ տարվա ընթացքում։
Նախորդ տարվա ընթացքում տնից երբեք չաշխատած անհատների մասնաբաժինը
Ուղևորությունների արգելքներից տուժած համալսարանները կդիվերսիֆիկացնեն օտարերկրյա ուսանողների իրենց բազան, իսկ դպրոցները պետք է ավելի լավ պատրաստված լինեն առցանց ուսուցումը շարունակելուն, երբ վարակի նման բռնկումները պարտադրեն դրանց փակումը:
Ամենածանր հարվածը կրում է զբոսաշրջության ոլորտը` թռիչքներով, նավարկություններով, հյուրանոցներով և այն բիզնեսներով հանդերձ, որոնք սնվում են գոյության պայքար մղող այդ ոլորտից: Թեև իրավիճակի կարգավորումից հետո զբոսաշրջիկները, անկասկած, ցանկություն կունենան ուսումնասիրել աշխարհը կամ կրկին հանգստանալ լողափերում, կարող է որոշակի ժամանակ պահանջվել, մինչև զբոսաշրջության ոլորտը (որը վարձում է յուրաքանչյուր տասներորդ մարդուն) կվերականգնվի։
Չօգտագործվող տուրիստական ավտոբուսները՝ կայանված Բանգկոկի Սուվարնաբհումի օդանավակայանի մոտակայքում մարտի 8-ին
Վիրուսը նաև ակնթարթորեն փոխեց տնտեսական քաղաքականության շրջանակը և ստեղծեց նոր առաջնահերթություններ: Կենտրոնական բանկերը կրկին գործում են արտակարգ ռեժիմով, իսկ կառավարությունները տուժած ոլորտներին աջակցելու համար գումարներ գտնելու նպատակով ավելի խորն են «փորում»: Հիգիենայի հարցը ներառվում է կառավարության և կորպորատիվ ծրագրերում։ Օրինակ՝ Սինգապուրն արդեն ծրագրում է մտցնել մաքրության պարտադիր չափորոշիչներ:
Այս վարակն աննախադեպ է իր անորոշության առումով և դրանով պայմանավորված սոցիալական ու տնտեսական ազդեցությամբ: Սահմանային խիստ վերահսկողությունը, ապահովագրության ավելի լայն ծածկույթը և աշխատանքի ձևերի շարունակվող փոփոխությունները կլինեն այս վարակից հետո դեռ երկար ժամանակ գոյություն ունեցող միկրոտնտեսական փոփոխություններից միայն մի քանիսը։
Չինաստանում բարձրագույն օրենսդիր մարմինն արդեն իսկ արգելք է դրել վայրի կենդանիների առևտրի և սպառման վրա: Bain & Company-ի ուսումնասիրությունը պարզել է, որ Չինաստանի բուժհաստատություններում ավելի շատ ստուգումներ են իրականացվում առցանց եղանակով՝ մարդաշատ սպասասրահներում և հիվանդասենյակներում վարակման ռիսկերից խուսափելու համար: Ակնկալվում են հիգիենայի լրացուցիչ կանոններ, որոնք կավելացնեն զգուշավոր սպառողների կողմից առցանց գնումներ կատարելու միտումները, ինչպես 2003թ․ SARS-ի (ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշ) բռնկումը փոխեց գնումներ կատարելու սովորությունները, քանի որ մարդիկ խուսափում էին առևտրային կենտրոններից:
Կառավարությունները կարող են ավելի շատ ծախսել առողջապահության վրա՝ համաճարակների հետ կապված մեծ ծախսերից խուսափելու համար։ Որոշ գնահատականների համաձայն՝ 2003թ․ SARS-ի բռնկումը համաշխարհային տնտեսությունից խլեց 40 միլիարդ դոլար:
Պետական աղբյուրներից առողջապահությանն ուղղվող ծախսերը՝
որպես ընդհանուր պետական ծախսերի մասնաբաժին
Ոչ ոք չգիտի, թե ինչքան կշարունակվի համավարակը կամ ինչպիսին կլինեն դրա պատճառած մարդկային ու տնտեսական կորուստները, այդ պատճառով տնտեսագետները զգուշանում են կոնկրետ կանխատեսումներ անելուց: Քանի որ չկան երկու միանման տնտեսական ցնցումներ, հետևաբար դեռ վերջնականապես պարզ չէ, թե ինչ «ժառանգություն» կթողնի այս մեկը: Ակնկալվում են փոփոխություններ ամեն ուր՝ առցանց կամ հեռավար ուսուցումից մինչև արդյունաբերական ռազմավարություն, քանի որ վերափոխվում են նաև գործող բիզնես մոդելները: