ՊԵԿ-ի կողմից հրապարակված առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից 2020թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում վճարված հարկերի մեծությունների ցանկի համաձայն՝ ընդամենը հարկերը բոլոր 1000 կազմակերպությունների գծով 2020թ-ի հունվար-մարտ ամիսների ընթացքում կազմել է 245.6 մլրդ ՀՀ դրամ, որը 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 24.6 մլրդ ՀՀ դրամով կամ 11.1%-ով: Միայն բանկերի գծով ընդամենը հարկերը կազմել է 12.5 մլրդ դրամ, կամ ընդհանուրի 5.1%ը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1.4 մլրդ ՀՀ դրամով կամ 12.6%-ով: Ընդ որում 2019թ-ի առաջին եռամսյակին բանկերի գծով հարկերը կազմել էր ընդհանուրի 5%-ը:
Առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 2020թ-ի հունվար-մարտ ամիսների ընթացքում՝ 736 մլն դրամ, գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 237 մլն դրամ: 2019թ-ի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը՝ 652 մլն դրամ, ևս գերազանցում էր մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել էր 214 մլն դրամ:
Ուղղակի հարկերի ընդամենը՝ շահութահարկի և եկամտահարկի գծով բոլոր 1000 կազմակերպությունների գծով 2020թ-ի առաջին եռամսյակին կազմել է 87.6 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 12.7%-ով: Միայն բանկերի գծով ուղղակի հարկերը 2020թ-ի առաջին եռամսյակին 2019թ-ի առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 8.7%-ով՝ կազմելով 11.2 մլրդ դրամ: 2019թ-ի առաջին եռամսյակին բանկերի գծով ուղղակի հարկերը կազմել էր 10.3 մլրդ դրամ՝ ընդամենը ուղղակի հարկերի 13.3%-ը: Այստեղ բանկերը էապես առաջնային դիրքերում են:
Համեմատության համար նշենք, որ ուղղակի հարկերով, 1000 առաջին խոշոր հարկատուների ցանկում 2020թ-ի առաջին եռամսյակին 12, իսկ 2019թ-ի առաջին եռամսյակին 13 առևտրային բանկ գտնվում են առաջին 100-ակի ցուցակում:
Առևտրային բանկերի վճարած շահութահարկի և եկամտահարկի միջինը 2020թ-ի հունվար-մարտ ամիսների ընթացքում` 661 մլն դրամ, մի քանի անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 78 մլն դրամ: 2019թ-ի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը՝ 607 մլն դրամ, ևս գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 68 մլն դրամ: