1970-ական թվականներից սկսած՝ երիտասարդ մարզիկները սպորտային կոշիկի գնումների ժամանակ կանգնում էին դժվարին ընտրության առաջ։ Ո՞ր ընկերությանը նախապատվություն տալ սպորտային կոշիկների հարցում։ Այդ տարիներին ամերիկյան Nike-ը սրընթաց ներխուժեց համաշխարհային սպորտի շուկան։ Սկսելով վազքի համար նախատեսված կոշիկներից՝ ընկերությունն այսօր մատակարարում է ԱՄՆ բասկետբոլիստների սպորտային իրերի ավելի քան 95%-ը։ Nike-ն ունի ավելի քան 76 հազար աշխատակից ամբողջ աշխարհում։ Ըստ Brand Finance-ի զեկույցի՝ ընկերության բրենդը գնահատվում է 35 մլրդ ԱՄՆ դոլար՝ գերազանցելով սպորտի ոլորտի բոլոր այլ ընկերություններին։
Ինչպես էր Nike-ը սկսում իր ճանապարհը
Nike-ի պատմությունը սկսվում է 1960-ականներից։ Այդ պահին ամերիկյան սպորտի շուկայում գերակայում էր Adidas-ը։ Չնայած որ տեղական արտադրողների սպորտային կոշիկները ավելի էժան էին Adidas-ի մարզակոշիկներից, դրանք իրենց որակով չէին գոհացնում մարզիկներին։ Մարզիկների ոտքերն արագ հոգնում էին, քանի որ տեղական մարզակոշիկները չէին թուլացնում ճանապարհային ծածկույթից հարվածները և չէին պաշտպանում վնասվածքներից։
Օրեգոնի համալսարանի վազորդների մարզիչ Բիլ Բաուերմանը և նրա ուսանող Ֆիլ Նայթը որոշեցին փոխել իրավիճակը։ Ճապոնական Onitsuka Tiger-ի հետ պայմանագիր կնքելով՝ նրանք սկսեցին ճապոնական մարզակոշիկների առևտուր իրականացնել, որոնք չէին զիջում Adidas-ի առաջարկած մոդելներին, սակայն մի քանի անգամ ավելի էժան էին։ Այդպես 1964 թվականին հիմնվեց Blue Ribbon Sports (BRS) ընկերությունը։
Բիլ Բաուերման
Սկզբնապես առևտուրն իրականացվում էր Նայթի մեքենայի միջոցով, և միայն 1960-ականներին ձեռնարկատերերը բացեցին առաջին սպորտային խանութը, իսկ այնուհետև սկսեցին նաև կառուցել գործընկերային առևտրային կետերի ցանցը երկրի տարբեր նահանգներում։ 1970 թվականին նրանք վաճառեցին ավելի քան 1 մլն դոլարի ապրանքներ։
Սեփական արտադրությունը
Ճապոնացի գործընկերը, իմանալով Ամերիկայում իր արտադրության հաջող առաջխաղացման մասին, որոշեց ինքնուրույն գրավել ամերիկյան շուկան և իր պայմաններն առաջարկեց BRS-ը գնելու համար։
Բիզնեսը կորցնելու վտանգի տակ Նայթը կարողացավ արագ կողմնորոշվել և գտնել նոր մատակարար նույն Ճապոնիայում՝ Nisho Awai ընկերությանը։ Դրա հետ մեկտեղ ապագա բրենդի հիմնադիրները որոշեցին սկսել իրենց սեփական արտադրությունը։ Կուտակած փորձը նրանց հուշում էր, որ իրենց կհաջողվի գրավել սպորտի ոլորտը՝ արտադրելով միայն այնպիսի ապրանքներ, որոնք դրական հատկանիշներով առանձնանալու էին մրցակիցների տեսականուց։
Մի անգամ նայելով սեղանի վրա դրված վաֆլի-սարքին՝ Բաուրմենը մտածեց, որ այդպիսի կոշկատակերով մարզակոշիկները կարող են ավելի թեթև լինել և դրանով կուժեղացնեն հրումը տեղից։ Գաղափարը շուտով իրացվեց, և արդյունքում այդպիսի մարզակոշիկները ամենաշատ վաճառվող մոդելն էին ամբողջ երկրում։ Իսկ 1978 թվականին պաշտոնապես գրանցվեց Nike Inc.-ը։
Սպորտը և Nike-ը անբաժանելի են
Նայթը և Բաուրմենը Nike-ի հիմնադրումից սկսած և դրա ամբողջ պատմության մեջ շեշտը դրել են սպորտային կոշիկների արտադրության վրա։ Լավ հասկանալով, թե որքան է հասարակության համար կարևոր չեմպիոնների և հայտնի մարզիկների օրինակը, ձեռնարկատերերը նրանց համար անհատական պատվերներ էին կատարում և ակտիվորեն ներգրավում իրենց գովազդներում։
Առաջին հայտնի մարզիկը, որն օգտագործում էր Nike-ի մոդելները, դարձավ Բաուրմենի ուսանող ԱՄՆ վազորդ Սթիվ Փրեֆոնթեյնը։ Նրանից հետո Nike-ի մարզակոշիկներով հանդես են եկել աշխարհի առաջին ռակետ Իլիե Նաստասեն, US Open 74-ի չեմպիոն Ջիմի Քոնորսը, ինչպես նաև մարաթոնյան վազքի ռեկորդակիր Հենրի Ռոնոն։
1976 թվականի օլիմպիական խաղերում թեթևատլետների մեծ մասն օգտագործում էր Nike։ Սակայն ընկերության զարգացման պատմությունը չի սահմանափակվում միայն մարզակոշիկների արտադրությամբ։
Վաճառքների ընդլայնումը
1975 թվականին Nike-ը սկսում է իրականացնել իր ապրանքների վաճառքը նաև արտասահմանում։ Առաջին երկիրը, որտեղ Nike-ի մարզակոշիկները սկսեցին զանգվածաբար վաճառվել, դարձավ Կանադան։ Յուրօրինակ գովազդները, շուկայի գրավման ակտիվ քաղաքականությունը, վազքի անընդհատ մեծացող տարածումը մեծապես նպաստեցին Nike-ի վաճառքների կտրուկ ավելացմանը՝ մինչև 25 մլն դոլար 1977 թվականին։
Օդային կոշկատակեր
Ընկերության հաջողությունը չէր հասնի ներկայիս մասշտաբներին, եթե այնտեղ ժամանակին չհայտնվեր NASA-ի աշխատակից Ֆրենկ Ռուդին։ Նա ներկայացրեց մարզակոշիկների ամորտիզացիայի իր սեփական նախագծած գաղափարը։ Չնայած որ առաջարկի քննարկումը բավական ժամանակ տևեց, այն հեղափոխական էր և Nike-ին բերեց համաշխարհային ճանաչում ու միլիոնավոր եկամուտներ։
Օդային կոշկատակեր ունեցող մարզակոշիկները, որոնք ստացան Nike Tailwind անվանումը, սկսեցին վաճառվել 1979 թվականին։ Նոր տեխնոլոգիան ստացավ AirMax անվանումը։ Այժմ էլ ընկերությունը մեծ եկամուտներ է ստանում այդ հավաքածուի վաճառքներից։
Ընկերության վերակազմակերպումը
1980 թվականին Nike-ին հաջողվեց գրավել ԱՄՆ սպորտային կոշիկների շուկայի կեսը։ Ընկերությունը հասունացավ նոր ավելի բարձր փուլ թևակոխելու համար։ Առջևում գլխավոր մրցակիցների՝ Adidas-ի և Reebok-ի հետ պայքարն էր։
Անհրաժեշտություն առաջացավ իրականացնել բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխումը, ինչը պետք է բարձրացներ ընկերության հեղինակությունը, իսկ Nike բրենդը կդարձներ ավելի ճանաչելի։ Բացի դրանից ընկերությունը մեծ վարկերի կարիք ուներ, իսկ բանկերը ավելի մեծ պատրաստակամությամբ էին դրանք տրամադրում բորսայում շրջանառվող բաժնետոմսերի գրավով։
Nike-ը վերակազմակերպվեց բաժնետիրական ընկերության։ Ընկերությունում այդ պահին աշխատում էր 2700 աշխատակից, և Nike-ը դուրս էր գալիս զարգացման նոր փուլ։
Գովազդային ռազմավարությունը
Մի անգամ հարցազրույցում Ֆիլ Նայթը հայտարարեց, որ մարքեթինգը հիմնականում այն ամենն է, ինչով զբաղվում են ընկերության բոլոր ստորաբաժանումները։ Նա առանձնացրեց այն երեք հիմնական կետերը, որոնց վրա է գտնվում ընկերության հաջողությունը։ Դրանք են
1․ հայտնի մարզիկների օգտագործումը գովազդներում,
2․ ապրանքների դիզայնը,
3․ բուն գովազդը։
Nike-ի գովազդային ռազմավարությունը ընկերության ամբողջ պատմության ընթացքում կառուցվում էր հայտնի մարզիկների ներգրավման վրա։ Ընկերության ամենաառանցքային որոշումներից էր երկարաժամկետ պայմանագրի կնքումը NBA-ի լավագույն բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի հետ։ Միլիոնավոր դոլարներ ծախսելով նրա մասնակցությամբ գովազդների վրա՝ ընկերությանը հաջողվեց ն դարձնել իրենց կոշիկների կայսրության գլխավոր դեմքը։
Ջորդանի համար հատուկ նախագծվել էին AirJordan մարզակոշիկները, որոնք ֆունկցիոնալով համապատասխանում էին նրա խաղաոճին։ Դրանք մեծ տարածում գտան Ամերիկայում։ Nike-ի ամբողջ արտադրանքը սկսեց մեծ հաջողություններ գրանցել։ Ընկերության տարեկան ապրանքաշրջանառությունը «օդի թագավորի» հետ գործընկերության ընթացքում ավելացավ 4,5 անգամ՝ հասնելով 4 մլրդ դոլարի։
1988 թվականին սկսվեց արդեն շատերին հայտնի «Just do it» կարգախոսով Nike-ի հերթական գովազդը։ Հետագայում կարգախոսը կարծես դարձավ ընկերության երկրորդ անվանումը։ 1989 թվականին դրա առաջխաղացման վրա կատարված ծախսերը հասան 45 մլն դոլարի։ Պայմանգրեր կնքվեցին նաև թենիսի աստղ Անդրե Աղասիի և բեյսբոլիստ Բո Ջեքսոնի հետ։
Բրենդի հետագա առաջխաղացումը
1990 թվականից ընկերությունը սկսեց սեփական մանրածախ խանութների՝ Nike Town ցանցի ստեղծումը։ Առաջին ֆիրմային խանութը բացվեց Պորտլենդում։ Դրա դիզայնը նպաստեց նրան, որ այնտեղ անընդհատ զբոսաշրջիկների մեծ զանգվածներ կուտակվեն։
1991 թվականին Ամերիկայում ընկերության վաճառքները հասան իր գլխավոր մրցակից Reebok-ին։ Nike-ը բավական հաջողություններ գրանցեց նաև Եվրոպայում՝ հասցնելով եկամուտները 1 մլրդ դոլարի։
90-ականներին Nike-ը շարունակեց նոր մոդելների ավելացումը։ Այդպես շուկայում հայտնվեցին NikeGolf-ը, NikePro-ն, Nike+-ը, NikeSkateboarding-ը, ինչպես նաև դուստր ընկերության՝ Converse-ի մարզակոշիկները։
Բրենդի անվան պատմությունը
Ինչպես նշվում է մեծ թվով աղբյուրներում՝ բրենդի անվանումը կապված է Նիկա անվան հետ, որը փոխառվել է հունական առասպելաբանությունից։ Այդպես էին անվանում հաղթանակի թևավոր աստվածուհուն։
Nike-ի պաշտոնական պատմության համաձայն՝ անվանումը առաջարկել է ընկերության առաջին աշխատակից Ջեֆ Ջոնսոնը։ Հիմնադիրները չէին կարողանում ընդհանուր հայտարարի գալ և այդ պատճառով նրանք դիմեցին Ջեֆին։
Տարբերանշանի էվոլյուցիան
Հետաքրքիր է նաև տարբերանշանի պատմությունը։ Լեգենդար swoosh-ը հորինվել և նախագծվել է Պորտլենդի համալսարանի ուսանող Քերոլայն Դևիդսոնի կողմից։ Նայթը Քերոլայնի հետ ծանոթացել էր հաշվապահական հաշվառման դասընթացի ժամանակ, որը նա էլ վարում էր։ Քերոլայնը աշխատում էր որպես ֆրիլանսեր, և Նայթը խնդրեց նրան հորինել խորհրդանշան՝ մարզակոշիկների կողքի մասում պատկերելու համար։ Կատարած աշխատանքի համար նա վճարեց ուսանողին 35 դոլար։
Պատկերանշանը հիշեցնում է Նիկա աստվածուհու թևի ուրվագիծը և միշտ ասոցացվում է դրական մտածողության, առողջ և էներգատար ապրելակերպի, առաջատարության խորհրդանիշի հետ սպորտային արդյունաբերությունում։
Այժմ Nike-ի ֆինանսական ցուցանիշները շարունակում են աճել։ 2019 թվականի տվյալներով ընկերության ապրանքաշրջանառությունը գերազանցել է 39 մլրդ դոլարը։ Յուրաքանչյուր հաշվետվության հրապարակմանը զուգահեռ մեծանում է նաև բրենդի արժեքը։ Interbrand-ի համաձայն` վերջին 5 տարիների ընթացքում այն աճել է 62,9 տոկոսով։
Այժմ ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Բիվերթոնում (Օրեգոնի նահանգ)։ Գրասենյակը բաղկացած է 7 ժամանակակից շենքերից, որոնցից յուրաքանչյուրը կրում է լեգենդար մարզիկների անուններ։ Ընկերության առաքելությունը որքան հնարավոր է մարդկանց սպորտով զբաղվելու ցանկությունը խթանելն է, յուրաքանչյուր մարզիկի համար այդ զբաղմունքը զվարճալի և հաճելի դարձնելը։ Սպորտի և ֆիտնեսի ոլորտում Nike-ը շարունակում է մնալ աշխարհի առաջատար ընկերությունը։