Աշխարհը արմատապես փոխվել է վերջին երկու ամսվա ընթացքում: Համավարակը զսպելու համար երկրների կիրառած սահմանափակումների և սոցիալական հեռավորության միջոցառումների հետևանքով աշխարհը հայտնվել է մեծ մեկուսացման մեջ: Այս գործընթացին հաջորդած տնտեսական ակտիվության անկման ուժգնությունն ու արագությունը նման չեն մեր կյանքում պատահած ցանկացած երևույթի: Դա նմանը չունեցող ճգնաժամ է, և առկա է զգալի անորոշություն մարդկանց կյանքի վրա համավարակի ունեցած ազդեցության վերաբերյալ։ Շատ բան կախված է վիրուսի համաճարակաբանությունից, կանխարգելման միջոցառումների արդյունավետությունից և թերապևտիկ միջոցների ու պատվաստանյութերի մշակումից, որոնք բոլորն էլ դժվար կանխատեսելի են:
Բացի այդ, շատ երկրներ այժմ բախվում են միաժամանակ մի քանի ճգնաժամերի` առողջապահության համակարգի ճգնաժամի, ֆինանսական ճգնաժամի և հումքային ապրանքների գների անկման, որոնք փոխազդում են բարդ մեխանիզմով: Քաղաքականություն մշակողներն աննախադեպ աջակցություն են ցուցաբերում տնային տնտեսություններին, ընկերություններին և ֆինանսական շուկաներին։ Չնայած դա կարևոր է տնտեսական ակտիվության արագ վերականգնման համար՝ առկա է զգալի անորոշություն մեկուսացումից երկրների դուրս գալուց հետո տնտեսական միջավայրի վերաբերյալ:
Ելնելով ենթադրություններից, որ համավարակի և դրա կանխարգելման միջոցառումների գագաթնակետը երկրների մեծ մասի համար այս տարվա երկրորդ եռամսյակում է, իսկ դրա նահանջը՝ տարվա երկրորդ կեսին, Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ համաշխարհային տնտեսական աճը 2020 թվականին կնվազի մինչև -3 տոկոս: Դա 6,3 տոկոսային կետով ցածր է 2020թ․ հունվարի կանխատեսումից, որը շատ կարճ ժամանակահատվածում լուրջ վերանայում է: Ստեղծված իրավիճակն այս «Մեծ մեկուսացումը» դարձնում է ամենախորը անկումը 1929-33թթ․ Մեծ Ճգնաժամից հետո և շատ ավելի խորը, քան 2008-09թթ․ Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը:
Գծապատկեր 1․ Համաշխարհային տնտեսական անկումը, տոկոս
Արժույթի միջազգային հիմնադրամը ենթադրելով, որ համավարակը կմարի 2020 թվականի երկրորդ կեսին և որ ամբողջ աշխարհում իրականացվող միջոցառումներն արդյունավետ են ընկերությունների համատարած սնանկությունների, աշխատատեղերի տևական կորուստների և համակարգային ֆինանսական դժվարությունների կանխարգելման գործում, կանխատեսում է, որ համաշխարհային տնտեսությունը կաճի 2021 թ.-ին` մինչև 5,8%:
2021թ. այս վերականգնումը մասնակի է, քանի որ կանխատեսվում է, որ տնտեսական ակտիվության մակարդակը կմնա ցածր մինչ վիրուսի տարածումը 2021թ. համար արված կանխատեսումից: Համավարակային ճգնաժամի հետևանքով 2020 և 2021 թվականների ընթացքում համաշխարհային ՀՆԱ-ի ամբողջական կորուստը կարող է լինել մոտ 9 տրիլիոն դոլար, ավելին, քան Ճապոնիայի և Գերմանիայի տնտեսությունները միասին վերցրած:
Գծապատկեր 2․ Համաշխարհային ՀՆԱ-ի ամբողջական կորուստը
Սա իսկապես համաշխարհային ճգնաժամ է, քանի որ ոչ մի երկիր զերծ չի մնում դրանից: Հատկապես տուժել են այն երկրները, որոնց տնտեսություններն աճում են զբոսաշրջության, ճանապարհորդության, հյուրընկալության և զվարճանքի ոլորտների հաշվին: Զարգացող տնտեսությունները բախվում են լրացուցիչ մարտահրավերների՝ կապված կապիտալի հոսքերի խիստ կրճատման, արտարժույթի ճնշումների և աջակցության ավելի սահմանափակ ֆինանսական հնարավորությունների հետ: Ավելին, որոշ տնտեսություններ այս ճգնաժամի մեջ հայտնվեցին խոցելի վիճակում՝ թույլ աճով և պարտքի բարձր մակարդակով:
Մեծ ճգնաժամի ժամանակներից ի վեր առաջին անգամ անկում են ապրում ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող տնտեսությունները: Այս տարվա համար զարգացած տնտեսություններում անկումը կանխատեսվում է -6,1%: Զարգացող տնտեսությունների համար, որոնք ունեն զարգացած տնտեսությունները գերազանցող աճի մակարդակ, կանխատեսվում է, որ 2020 թվականին կունենան բացասական աճի տեմպեր՝ -1,0 տոկոս, և – 2,2 տոկոս, եթե բացառվի Չինաստանի աճը: Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է նաև, որ ավելի քան 170 երկրների համար կկրճատվեն մեկ շնչի հաշվով եկամուտները: Ակնկալվում է, որ և՛ զարգացած տնտեսությունները, և՛ զարգացող տնտեսությունները կվերականգնվեն 2021թ.։
Քաղաքականություն մշակողների կողմից արդեն իսկ ձեռնարկված միջոցառումները` ներառյալ վարկային երաշխիքները, իրացվելիության ապահովման մեխանիզմները, վարկերի վճարումների հետաձգումները, գործազրկության ընդլայնված ապահովագրությունը, նպաստները և հարկերի հետաձգումները, եղել են փրկարար օղակ տնային տնտեսությունների և բիզնեսի համար: Այս աջակցությունը պետք է շարունակվի համավարակի զսպման փուլում՝ նվազագույնի հասցնելու համար այն խնդիրները, որոնք կարող են ծագել այս ճգնաժամի հետևանքով ներդրումների և աշխատատեղերի կորուստներից:
Որոշում կայացնողները պետք է նաև պլանավորեն տնտեսական ակտիվության վերականգնումը: Քանի որ երբ սահմանափակման միջոցառումները չեղարկվեն, իրականացվող քաղաքականությունները պետք է արագորեն անցնեն դեպի պահանջարկը խթանելուն, ընկերություններին աջակցելուն: Իսկ պարտքերի մարումների հետաձգումը և պարտքերի վերակառուցումը հնարավոր է անհրաժեշտություն առաջանա շարունակել նաև վերականգնման փուլում: