Հայաստանում էկոտուրիզմի թիրախային վայրերից են բնության հատուկ պահպանվող տարածքները (ԲՀՊՏ), որոնք ընդգրկում են հանրապետության բնաշխարհի ավելի քան 13 տոկոսը։ Բնապահպանական նշանակությունից բացի, դրանք օգտագործվում են նաեւ գիտական ուսումնասիրությունների, կրթադաստիարակչական եւ ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացման համար։ Պահպանման տարբեր ռեժիմներում սահմանված կարգով կազմակերպվում են նաեւ հանգստի ծառայություններ։
Ոլորտը կարգավորող օրենսդրությամբ այդ ծառայությունները մատուցվում են վճարովի հիմունքներով։ Էկոտուրիզմից եւ գիտական տուրիզմից գեներացվող միջոցները կարեւոր են եւ ուղղվում են այդ ԲՀՊՏ-ների հիմնական խնդիրների լուծմանը՝ պահպանության արդյունավետության բարձրացմանը եւ կարողությունների համալրմանը։ Բնության հատուկ պահպանվող տարածքները ներգնա տուրիզմի առաջնային օբյեկտներ են եւ կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով արտագնա տուրիզմի ծավալների անկման համաշխարհային միտումների պայմաններում առաջնային նշանակություն են ստանում։
Ներգնա տուրիզմի ամենապահանջված վայրերից է «Սեւան» ազգային պարկը, որը ընդգրկում է Հայաստանի տարածքի 10 տոկոսից ավելին։ Պարկի մեծության պատճառով այս ԲՀՊՏ-ում առաջնային խնդիր է պահպանությունը եւ այդ նպատակով համապատասխան ռեսուրսներով ու կարողություններով համալրումը։ Վերոհիշյալ առաջնահերթությունը լուծելու համար կարեւոր է ոչ միայն տնտեսական ռեկրեացիոն գոտիների, այլեւ պարկի տարածքում գտնվող արգելոցային եւ արգելավայրերի կարողությունների օգտագործումը։ Վերջիններիս թիվը եւ տարածքները զգալի են։ «Սեւան» ազգային պարկում են «Արտանիշի», «Նորաշենի» «Լիճք-Արգիչի» եւ «Գիլլի» արգելոցները։ Դրանք ունեն բնապահպանական մեծ նշանակություն, որտեղ կան ինչպես բարձրակարգ կարմիրգրքային բույսերի եւ կենդանիների բնական էկոհամակարգեր, այնպես էլ հանքային աղբյուրներ, ինչը նաեւ տուրիզմի առաջնային օբյեկտներից է։
Ազգային պարկի տարածքում են նաեւ ավելի ցածր պահպանության ռեժիմով «Գավառգետ» եւ «Գիհի-կաղնուտային ռելիկտային» արգելավայրերը։ Դրանք տուրիզմի համար ունեն բոլոր անհրաժեշտ ռեսուրսները եւ պահանջված են ակտիվ հանգստի սիրահարների կողմից։ Այդ տարածքների արդյունավետ օգտագործման համար համապատասխան ենթակառուցվածքներ են անհրաժեշտ։
Սեւանի տուրիստական կարողությունների օգտագործումը մշտապես եղել է կառավարության ուշադրության կենտրոնում, եւ այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումները շարունակական բնույթ են կրում։ Այս նպատակին է ուղղված նաեւ շրջակա միջավայրի նախարարության մշակած կառավարության նոր որոշումը։ Բնապահպանության ոլորտի լիազոր մարմինն առաջարկում է փոփոխություններ կատարել «Սեւան ազգային պարկ» ոչ առեւտրային կազմակերպության կանոնադրությունում։ Մասնավորապես նախատեսվում է փոխել պարկի արգելավայրային գոտիների տարածքների օգտագործման առանձնահատկությունները սահմանող դրույթը։ Կանոնադրության գործող տարբերակում սահմանվում է, որ արգելավայրային գոտիների տարածքներում թույլատրվում են միայն էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երեւույթներն ու գործընթացները կանխող, ինչպես նաեւ խախտված համակարգերի վերականգնման միջոցառումներ։
Նախարարությունն առաջարկում է խմբագրել այն եւ համալրել էկոտուրիզմը խթանող նոր դրույթներով՝ թույլատրելով արգելավայրի տարածքներում էկոհամակարգերի եւ դրանց բաղադրիչների գույքագրման ու հաշվառման, մոնիթորինգի աշխատանքների իրականացում, ճանաչողական զբոսաշրջություն, բնապահպանական եւ գիտակրթական իրազեկության բարձրացմանն ուղղված միջոցառումների եւ դրանց հետ կապված հանգստի կազմակերպում, այդ նպատակով տաղավարների եւ դիտակետերի տեղադրում, որոնք չպետք է հակասեն արգելավայրային գոտիների ստեղծման նպատակներին եւ պահպանության ռեժիմին։
Ազգային պարկի կանոնադրությամբ սահմանվում է, որ այդ տարածքներ միաժամանակ կարող է մուտք գործել ոչ ավելի, քան 30 անձ, առավելագույնը՝ 3 ժամով։
Մուտքը բաց է շաբաթվա բոլոր օրերին, ժամը 10։00–18։00-ն՝ կազմակերպության կամ լիազոր պետական մարմնի տված անցագրով։ Հատուկ պահպանման վերոհիշյալ ռեժիմների տարածքներում պարկի կառավարման պլաններով սահմանված երթուղիներով ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը եւ ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական ու ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը սահմանված է նաեւ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքով։
Նախագիծը հեղինակած ոլորտի լիազոր մարմինն այս փոփոխությունը հիմնավորում է նրանով, որ «Սեւան» ազգային պարկի կանոնադրությամբ բարձր պահպանության ռեժիմ ունեցող արգելոցային գոտիների եւ համեմատաբար թույլ ռեժիմով արգելավայրային գոտիների համար սահմանված է պահպանության գրեթե նույն ռեժիմը։ Այն հնարավորություն չի տալիս առավելագույնս օգտագործել արգելավայրերի հնարավորությունները։
Իրավական ակտի ընդունումը թույլ կտա առավելագույն արդյունավետությամբ եւ լիարժեք օգտագործել «Սեւան» ազգային պարկի արգելավայրային գոտիները ճանաչողական զբոսաշրջության, գիտակրթական եւ բնապահպանական միջոցառումների ու հանգստի կազմակերպման նպատակով՝ բացառելով պահպանման սահմանված ռեժիմների խախտումները։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ արտերկրից ժամանած քաղաքացիները լիարժեք օգտվում են ազգային պարկի ռեկրեացիոն եւ տնտեսական գոտիներից, որտեղ թույլատրված են հանգիստը, առանձնացված վայրերում սիրողական եւ մարզական ձկնորսությունը, հողերի վարձակալության տալը եւ համապատասխան սպասարկման ծառայությունների կազմակերպումը, վրանների տեղադրումը։ Պարկի տնտեսական գոտիներում թույլատրվում են նաեւ էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսությունը եւ պահպանության ռեժիմով չարգելված արտադրության կազմակերպումը։
Այս պայմաններում ազգային պարկի առաջնային խնդիրը մնում են էկոհամակարգային հավասարակշռության խախտման կանխումը եւ կանխարգելումը, ինչպես նաեւ խախտված էկոհամակարգերի վերականգնումը։ Պահպանության հիշատակված գործառույթների իրականացումը զգալի ռեսուրսներ է պահանջում։ Ունենալով առաջնային լուծում պահանջող սոցիալական եւ տնտեսական մի շարք խնդիրներ՝ պետությունը զգալի գումարներ է ներդնում նաեւ բնապահպանական հարցերի լուծման համար, բայց դրանք չեն կարող այս փուլում լիարժեք փակել անհրաժեշտ միջոցների պահանջը։
Այստեղ է, որ առաջին պլան է գալիս ԲՀՊՏ-ների տնտեսական եւ զբոսաշրջային հնարավորությունների օգտագործումը։ Այն հնարավորություն կտա գեներացնել սեփական միջոցները՝ պահպանության հիմնական գործառույթը լիարժեք իրականացնելու համար, ինչպես նաեւ կնպաստի հանրապետության տնտեսության զարգացող հեռանկարային ճյուղերից մեկի՝ տուրիզմի խթանմանը։