Հայաստանի կառավարության միջոցառումների նպատակն է օգնել իրական հատվածին` դիմակայելու ոչ բարենպաստ շուկայական պայմաններին և խուսափել կորպորատիվ հատվածում մասսայական դեֆոլտներից։ Այս մասին գրված է «Մուդիս»-ի հրապարակած «Հայաստանը ձգտում է մեղմել կորոնավիրուսի բացասական ազդեցությունը տնտեսության և բանկերի վրա» խորագրով մարտ ամսվա զեկույցում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` զեկույցում նշվել է, որ երկրի տնտեսությանը սատարելու և կորոնավիրուսի բռնկման բացասական ազդեցությունը մեղմելուն ուղղված միջոցառումները կնվազեցնեն բացասական ազդեցությունը բանկերի ակտիվների որակի վրա, որոնք կարող են առաջանալ փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ)վարկավորման և սպառողական վարկավորման նկատմամբ նրանց խոցելիությունից:
«Մուդիս»-ի գնահատմամբ՝ կորպորատիվ հատվածի համար կառավարության կողմից նախատեսված համաֆինանսավորման և վերաֆինանսավորման մեխանիզմները, ինչպես նաև վարկերի տոկոսավճարների սուբսիդավորումը առևտրային բանկերի համար ռիսկեր չեն ստեղծի, բացի այդ կնպաստեն վարկառուների վարկունակությանը և բանկերի պորտֆելների որակին։
«Մուդիս»-ը գնահատել է, որ ԿԲ-ի հորդորը` առևտրային բանկերին անհատական մոտեցում ցուցաբերել կորոնավիրուսի հետևանքով դժվարությունների առջև կանգնած վարկառուների, չեն հանգեցնի բանկերի ակտիվների որակի դասակարգման և լրացուցիչ պահուստավորման պահանջի փոփոխության և, հետևաբար, կարճաժամկետ հատվածում ոչ մի ազդեցություն չեն ունենա բանկերի կանոնադրական կապիտալի պահանջի վրա:
2020թ. ապրիլյան զեկույցում նշված է, որ Հայաստանում բանկային վերահսկողությունն ու կարգավորումը նույնպես առաջադիմական են և ապագային միտված` նպատակ ունենալով ապահովել ֆինանսական կայունությունը։ Բազել 3-ի ստանդարտներին համապատասխան ԿԲ-ն իրականացրել է կապիտալի և իրացվելիության նորմատիվ պահանջները: Այսպիով, բանկային համակարգում արժութային ռիսկը մեղմելու և դոլարայնացումը ապախթանելու նպատակով ԿԲ-ն սահմանել և պահպանել է արտարժույթով վարկավորման խիստ պահանջներ և արտարժութային ավանդների դիմաց կիրառում է ավելի բարձր պարտադիր պահուստավորում՝ պահանջելով, որ պահուստների մի մասը պահվի արտարժույթով։
ՀՀ կենտրոնական բանկը հորդորել է առևտրային բանկերին անհատական մոտեցում ցուցաբերել կորոնավիրուսի հետևանքով դժվարությունների առջև կանգնած վարկառուների նկատմամբ։ Դա հատկապես վերաբերում է բարձր ռիսկային ոլորտների (օրինակ` հյուրանոցներ, ռեստորաններ, տրանսպորտ և զվարճանքներ) վարկառուներին, որոնց առաջարկվել է իրենց վարկերի վերակառուցման և արտոնյալ ժամանակահատվածի կիրառման մեխանիզմներ: