Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, սկսած սույն թվականի ապրիլի 15-ից, պաշտոնապես հանդիսանում է «Կանաչ ֆինանսական համակարգի համագործակցության» միջազգային հեղինակավոր հարթակի (NGFS- NETWORK FOR GREENING FINANCIAL SYSTEM) լիիրավ անդամ, տեղեկացնում է ԿԲ մամուլ ծառայությունը:
Նշված համագործակցության հարթակը հիմնադրվել է 2017 թվականի դեկտեմբերին Փարիզում կայացած՝ «Մեկ մոլորակ» համաժողովի ժամանակ: Հիմնադիրներ են հանդիսացել 8 երկրների կենտրոնական բանկերը (Ֆրանսիա, Անգլիա, Նիդեռլանդներ, Գերմանիա, Սինգապուր, Չինաստան, Շվեդիա, Մեքսիկա):
Ներկայումս NGFS-ին անդամակցում են շուրջ 63 երկրների կենտրոնական բանկեր կամ ֆինանսական ոլորտի կարգավորման ու վերահսկողության համար պատասխանատու կառույցները: Հարթակին դիտորդի կարգավիճակով ներգրավված են նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունները և վերահսկող մարմինները, մասնավորապես, ԱՄՀ-ն, Համաշխարհային բանկը և IFC-ին, BIS-ը, EBRD-ին, EIB-ին, Բազելյան կոմիտեն, IOSCO-ն:
NGFS-ի նպատակն է Փարիզյան համաձայնագրի (Կլիմայական փոփոխություններին հակազդման համար ածխաթթու գազի արտանետումների նվազեցման և երկրի վրա գլոբալ տաքացման հետևանքների մեղմման հանձնառություններ) կիրարկման համար ամրապնդել համաշխարհային կարողությունները և այդ նպատակով խթանել ու օժանդակել ֆինանսական համակարգի մասնակիցներին ռիսկերի կառավարման ու կանաչ ֆինանսավորման (մասնավորապես, էներգաարդյունավետ, քիչ արտանետումներ պարունակող միջոցներում ներդրումներ) ներգրավման, շրջակա միջավայրի պահպանության ուղղվածություն ունեցող ներդրումների իրականացման և կայուն զարգացման համար:
Այս նպատակի իրագործման համար NGFS-ի գործունեությունն ուղղված է անդամ երկրներում և դրանից դուրս կանաչ ֆինանսավորման միջազգային լավագույն փորձի և ստանդարտների ներդրման աջակցմանը, ինչպես նաև այդ ուղղությամբ վերլուծական աշխատանքների իրականացմանը:
Հարթակի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել հետևյալ հղումով: